«Ես ակնկալում եմ վարչապետի հետ շարունակել մեր արդյունավետ երկխոսությունը». Ռիչարդ Միլս

168.amի հարցերին պատասխանում է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը

– Պարոն դեսպան, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և «Կոնտուր Գլոբալ» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովում Դուք հայտարարեցիք 8 մլրդ դոլարի ներդրումների հնարավորության մասին՝ առաջ քաշելով որոշ պայմաններ՝ ՀՀ կառավարության կողմից երաշխիքների, հավասար խաղի կանոնների մասին։ Իսկ համաժողովից 2 օր անց հանդիպեցիք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ ՀՀ կառավարությունը համարժեք արձագանք տվե՞լ է, կա՞ որևէ առաջընթաց այս հարցում։

– Ես ու վարչապետն անկեղծ մտքեր փոխանակեցինք գործարար միջավայրի և առևտրի ու ներդրումների մեծացման մասին: Սա խաղի հավասար պայմանների ապահովման շուրջ կառավարության ու մասնավոր հատվածի հետ մեր շարունակական երկխոսության մասն է, որը հիմնվում է Տնտեսական համագործակցության հարցերով Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի ու Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի ներքո ձևավորված Առևտրի ու ներդրումների խորհրդի աշխատանքների վրա: Կառավարությունը համարժեք արձագանքում է, և ես ակնկալում եմ վարչապետի հետ շարունակել մեր արդյունավետ երկխոսությունը:

– Դուք նշել եք, որ այդ ներդրումները վերաբերում են միայն արևային կայաններին, սակայն վերականգնվող էներգետիկայի տեսանկյունից, ըստ մասնագետների՝ Հայաստանում չկա ավելի հրատապ խնդիր, քան Դեբեդ և Արաքս գետերի հիդրոռեսուրսի օգտագործումը, այսինքն` հէկ-երի կառուցումը: Այս ուղղությունը չի՞ հետաքրքրում ամերիկյան ներդրողներին, ինչո՞ւ։

– Մասնակից ամերիկյան ընկերություններից առնվազն երկուսը հետաքրքրված են հիդրոէներգետիկայով, սակայն ծրագրերը պետք է մշակվեն, ու պետք է հասկանալի լինի, թե նման ներդրումներն ինչ մեխանիզմով են իրականացվելու, և արդյոք կոմերցիոն տեսանկյունից կենսունա՞կ են, թե՞ ոչ: ԱՄՆ դեսպանությունն ու ԱՄՆ կառավարությունը պատրաստ են կառավարության ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ քննության առնել հիդրոէներգետիկայի առկա հնարավորությունները:

– ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերի միջոցով ամերիկյան օժանդակության գերակա ուղղություն է սահմանել Հայաստանի և Վրաստանի միջև էներգետիկ փոխկապակցելիությունն ու հոսանքի վաճառքը: Սակայն հայտնի է, որ Վրաստանն իր հերթին՝ խթանում է հէկ-երի կառուցումը, և հայկական էլեկտրաէներգիայի օրեցօր աճող ծավալն այդքան էլ պահանջարկ չունի այնտեղ։ Տարիներ առաջ ՀՀ-ն փորձեց էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա, սակայն ձախողեց։ Այսօր ի՞նչ միտումներ և հնարավորություններ կան, այդ թվում՝ քաղաքական առումով։

– ԱՄՆ դեսպանությունն ու ԱՄՆ կառավարությունը շարունակում են Հայաստանի տարածաշրջանային ավելի լայն ինտեգրման ուղիներ փնտրել: Մենք արդեն իսկ աջակցում են էներգետիկ շուկան ազատականացնելու Հայաստանի ջանքերին, որը Հայաստանի և Վրաստանի միջև հոսանքի մեծածավալ վաճառքի ու նաև Վրաստանի միջոցով այլ շուկաներ դուրս գալու նախապայման է:

Էներգետիկայի ոլորտում արտադրության ու առաջարկի բազմազանեցումը, արդյունավետության մեծացումը, ժամանակի ընթացքում հոսանքի գնի նվազեցումը հայ սպառողների համար և Հայաստանի էներգետիկ անվտանգության բարելավումը, մեր ընկալմամբ, կարևոր ոլորտ է Հայաստանի համար, ինչը նաև կարևոր հնարավորություններ է ստեղծում ամերիկյան ներդրողների ու ընկերությունների համար:

Տեսանյութեր

Լրահոս