«Դա ոչ թե սխալ է, այլ ուղղակի հանցագործություն». ի՞նչ է ժառանգելու 25 տարեկան Հայաստանի Հանրապետությունը գալիք սերնդին
168.am-ի զրուցակիցն է Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ազգային փորձագետ Արա Մարջանյանը
– Պարոն Մարջանյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է մինչև 2030 թվականը տնտեսական անվտանգության վերաբերյալ ռազմավարությունը, որում նշված է, որ էներգառեսուրսների համաշխարհային պահանջարկի և սպառման կառուցվածքի փոփոխությունը, «կանաչ տեխնոլոգիաների» զարգացումը սպառնալիք է ՌԴ տնտեսական անվտանգությանը` հաշվի առնելով իրենց նավթային պաշարները: Մինչդեռ Հայաստանը փորձում է զարգացնել վերականգնվող էներգետիկան, կանաչ տեխնոլոգիաները, արևային էներգետիկան: Այս հակասությունն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, ԵԱՏՄ-ում համագործակցության հետ կապված խնդիրներ կծագե՞ն:
– Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունն էներգետիկ ոլորտում` թե՛ համընդհանուր, թե՛ կանաչ և այլընտրանքային, համապարփակ է, կարող է երկու կողմերի համար էլ շատ օգտակար լինել: Օրինակ` ատոմային էներգետիկայի և գազի մատակարարման տեսանկյունից համագործակցությունը Ռուսաստանի հետ Հայաստանի էներգետիկ ոլորտին հաղորդում է ռազմավարական խորություն և որոշակի կայունություն: Ինչ վերաբերում է վերականգնվող էներգետիկայի (ՎԷ) ոլորտին, որը հաճախ անվանում են կանաչ էներգետիկա, և որը հիմնովին սխալ եզրույթ է, ապա համագործակցությունը նույնպես հնարավոր է: Ուղղակի ՎԷ տեսանկյունից Ռուսաստանն առաջատար երկիր չէ: Օրինակ, եվրոպական և որոշ ասիական երկրներ` Հարավային Կորեան, Սինգապուրը, Չեխիան, Ավստրիան, Նորվեգիան, շատ առաջատար տեխնոլոգիաներ ունեն: Եվ այս առումով տեխնիկական համագործակցությունն ավելի հեռանկարային է այդ երկրների հետ:
– Իսկ Դուք վտանգ չե՞ք տեսնում, որ Ռուսաստանը կարող է փորձել ճնշել մեզ մոտ արևային կայանների, ՎԷ զարգացումը:
– Ոչ, չեմ տեսնում: Ես տեսնում եմ ուրիշ, շատ ավելի լուրջ և հրատապ վտանգ: Դա ՎԷ զարգացման ասպարեզում Հայաստանի ցուցաբերած ոչ պրոֆեսիոնալիզմն է, ոչ համակարգային մոտեցումները, դիլետանտ լուծումները: Դրանք իրականում շատ ավելի լուրջ վտանգ են, քան ենթադրյալ ճնշումները Ռուսաստանից: Այսինքն` անխելք որոշումների կայացումն իրականում ավելի մեծ վտանգ է:
– Կոնկրետ ո՞ր որոշումները նկատի ունեք, կպարզաբանե՞ք:
– ՎԷ-ում առաջին հերթին նկատի ունեմ մասսայական ֆոտովոլտային կայանների տեղադրումը: Խնդիրն այն է, որ տեխնոլոգիաների այդպիսի ինտերվենցիան պետք է շատ լուրջ նախապատրաստվի թե՛ սակագնային համակարգի բարեփոխումներով, թե՛ տնտեսական վիճակի նախապատրաստումով, թե՛տեխնոլոգիաների մանրակրկիտ և շատ խորացված ընտրությունով, և ոչ թե՝ բերել այն պանելները, որոնք ամենաէժանն են և որոնք ամենահասանելին են այս պահին: Ընթացիկ միտումների պահպանման դեպքում բոլոր այդ կայանները սնանկ կլինեն 3-4 տարի անց:
– Այսինքն` խոսքը դրանց գնի և որակի համամասնությա՞ն մասին է, որ շուտ շարքից դուրս կգան:
– Այո, այդ համամասնությունը, եթե դնենք ճիշտ տնտեսական կոնտեքստի մեջ, ապա կտեսնեք, որ 3-4 տարի հետո դրանք ուղղակի սնանկ կլինեն` առկա միտումների պահպանման դեպքում, իհարկե:
– Հիմնական ռազմավարական սխալը ո՞րն է:
– Եթե մի քիչ խտացնենք գույները, կարող ենք ասել, որ դա ոչ թե սխալ է, այլ ուղղակի հանցագործություն: ՎԷ տեսանկյունից Հայաստանում չկա ավելի հրատապ խնդիր, քան Դեբեդի հիդրոռեսուրսի օգտագործումը, այսինքն` Դեբեդի վրա ՀԷԿ-ի կառուցումը, և Արաքս գետի հիդրոպոտենցիալի օգտագործումը: Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանն այսօր ընդհանրապես գոյություն ունի, որովհետև ժամանակին կառուցվել էին Սևան-Հրազդանի և Որոտանի կասկադները, որոնք պարզապես փրկեցին Հայաստանը 1992-95 թվականների ընթացքում:
Այդ կասկադները մեր հայրերի կողմից ժառանգություն էր մեր սերնդին և Հայաստանի Երրորդ Հանրապետությանը: Հիմա հարց` ի՞նչ է ժառանգելու 25 տարեկան Հայաստանի Հանրապետությունը գալիք սերնդին, ի՞նչ նոր հասանելի, երաշխավորված, ՎԷ, էկոլոգիապես մաքուր ռեսուրս է ժառանգություն թողնելու: Եթե հետևեք հայաստանյան գործընթացներին, ապա պատասխանն է` ոչ մի:
Մինչ այս պահը Հայաստանում չի իրականացվել ո՛չ Արաքսի, ո՛չ Դեբեդի հիդրոպոտենցիալի յուրացում: Ահա սա է ամենահրատապ և ամենառազմավարական նշանակություն ունեցող խնդիրը ՎԷ ոլորտում և, ընդհանրապես, էներգետիկայի զարգացման տեսանկյունից՝ Հայաստանում: Իսկ ներկայիս գործընթացները` ինչ-որ անիմաստ խոսակցություններ, անիմաստ ծրագրեր, պարտադրված են: Ձեզ պարտադրում են հիմարություններից խոսել, որպեսզի դուք չզբաղվեք ձեր հիմնարար նշանակության գործերով:
– Այդ դեպքում, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ կառավարությունը չի փորձում այդ խնդիրներին լուծում գտնել և այս ուղին է ընտրել:
– Շատ կարևոր հարց է: Իմ անձնական կարծիքով` Հայաստանը գտնվում է այս իմաստով շատ ծանր վիճակում: Ընդհանրապես էներգետիկ ոլորտում տեղի ունեցավ համակարգային մոտեցումների և համակարգային գիտելիքների համատարած կորուստ: Այս պահին կարող ենք փաստել, որ էներգետիկան Հայաստանում համակարգային գիտություն չէ:
Կորել է այդ տեսլականը, կորսված են այս մոտեցումները, լուծումները տրվում են, այսպես ասած, արատավոր «less cost generation» (ծախսերի կրճատման) պլան-ստրատեգիայով, կորսված է ռազմավարական խնդիրների ձևակերպման ունակությունը, նրանց առաջնահերթությունների կամքը և, նորից կրկնեմ, ամենակարևորը` կորսված է էներգետիկան՝ որպես համալիր, համակարգված գիտելիքների բազմություն: Եվ սա շատ ցավալի է, որովհետև ժամանակին էներգետիկան լավագույնն էր Հայաստանում՝ ամբողջ տարածաշրջանի, այդ թվում` Թուրքիայի և Իրանի կտրվածքով: Բայց, ցավոք սրտի, դա արդեն անցյալում է:
– Մենք մասնագետների խնդիր կարծես թե չունեինք:
– Մենք ունենք թե՛ մասնագետների, թե՛ դասավանդման որակի, թե՛ կադրերի պատրաստման խնդիր, իսկ ամենակարևորը` ճշգրիտ և համակարգված որոշումների կայացման մեխանիզմների խնդիր:
– ԱՄՆ դեսպանը վերջերս հայտարարել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է 8 մլրդ դոլարի ներդրում անել ՀՀ էներգետիկ ոլորտում: Այդքան ներդրումներ կլանելու ներուժ կա՞, և ի՞նչ արդյունք դա կտա:
– Խնդիրն այն է, որ ես այդ հայտարարության բնագիրը չեմ տեսել և կարծում եմ՝ այստեղ պարզապես թյուրիմացություն է եղել: Իմ կարծիքով` ԱՄՆ-ը պատրաստ չէ իրականում Հայաստանում 8 մլրդ դոլարի ներդրումներ անելու:
– Իսկ ՀՀ էներգետիկ համակարգի ներդրումներ կլանելու ներուժն ինչքա՞ն է:
– Այդքան և ավելի:
– Տարիներ առաջ, երբ դեռ ՀՀ էներգետիկայի նախարարն Արմեն Մովսիսյանն էր, ասվում էր, որ Հայաստանն իր էներգետիկ ավելցուկն իրացնելու տեղ չունի: Փորձեցին Թուրքիային էներգիա վաճառել, բայց չհաջողեցին: Հիմա, եթե տեսականորեն նման ծավալի ներդրումներ իրականացվեն, բնականաբար, արտադրանքը շատ ավելի կավելանա, ո՞ւր է գնալու դա:
– Այո, շատ լավ հիշում եմ, դա 2009 թվականին էր: Եվ շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում` շատ խորը կոնտեքստով: Կարծում եմ` ԱՄՆ դեսպանի հայտարարության հետևում թաքնված է աշխարհաքաղաքական հետևյալ առաջարկը` մենք պատարստ ենք X ծավալի ներդրում անել Հայաստանում, բայց պետք է դուք լուծեք Ղարաբաղի հարցը, բարիդրացիական հարաբերություններ հաստատեք Թուրքիայի հետ և սկսեք իրականացնել էլեկտրաէներգիայի արտահանում Թուրքիա: Բայց նմանատիպ ծրագիրը խափանվեց ժամանակին:
Հիշեցնեմ, որ 2009 թվականին Հայաստանը պաշտոնապես հայտարարեց, որ տառացիորեն մի քանի շաբաթ հետո կարող է Թուրքիա արտահանել 1-1.5 մլրդ ԿվտԺ էլեկտրաէներգիա, բայց Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշումը վիժեցրեց այդ նախաձեռնությունը և տնտեսական համագործակցություն սահմանելու այդ եզակի հնարավորությունը: Այնպես որ, ես վերապահումներով կմոտենայի ԱՄՆ դեսպանի հայտարարությանը: Կարծում եմ, որ այդ հայտարարությունն ուղղակի սխալ է մեկնաբանվել մամուլում: