Ոգևորված ու արևային էներգետիկա
Անցած շաբաթ ներդրումների թեման տարօրինակ զարգացում ստացավ: Նախընտրական օրերին ով ասես չխոստացավ ներդրումներ ապահովել իր քաղաքական ուժի հաղթանակի դեպքում: Բայց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի մի քանի անգամ հնչեցրած միտքը հնարավոր ներդրումների մասին որևէ աղերս չունի նախընտրական ու հետընտրական գործընթացների հետ: Մայիսի 17-ին ԱՄՆ դեսպանատունը «Վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողով» կազմակերպեց: Համաժողովին յոթ ամերիկյան, մի քանի եվրոպական ընկերությունների և էներգետիկայի ոլորտի հայաստանյան 70 կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցեցին:
ԱՄՆ դեսպանի խոսքով, ամերիկյան ընկերությունները շահագրգռված են ՀՀ էներգետիկ ոլորտում լուրջ ներդրումներ կատարելու հարցում: Խոսքն 8 մլրդ ԱՄՆ դոլարի մասին է: Միանգամից կարելի է արձանագրել, որ նման ծավալի ներդրման մասին խոսքն անսպասելի էր: Որոշ փորձագետներ նույնիսկ կարծիք հայտնեցին, որ մեր էներգետիկ համակարգը չի կարող 8 մլրդ դոլար գումար ներքաշել: Բնականաբար՝ եթե խոսքը նոր ատոմակայանի կառուցման մասին չէ: Մինչդեռ ամերիկյան կողմը պնդում է, որ այդ գումարը ներդրվելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Այս թեմայով քննարկումներ մի քանի ամիս առաջ մեր Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն էր կազմակերպել:
Ոլորտի պետական կառավարիչներն ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներն անցած ամիս մեկնել էին ԱՄՆ՝ արևային էներգետիկայի փորձն ուսումնասիրելու: Այսինքն՝ գործընթացը վաղուց է սկսվել և նախապատմություն ունի: 2003թ. է մշակվել ՀՀ հողմաէներգետիկ պաշարների քարտեզը: Հաշվարկվել է, որ Հայաստանում հողմային էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ընդհանուր ծավալը 1,26 մլրդ կՎտ/ժամ է: Իսկ դա մեր տարեկան արտադրանքի համարյա 20 տոկոսն է կազմում: ՀՀ տարածքում հստակ որոշվել են այն քանակով տասը վայրերը, որտեղ կարելի է հողմաէլեկտրակայան կառուցել: 2005թ. այդ վայրերից մեկում՝ Պուշկինի լեռնանցքի շրջանում կառուցվեց Կովկասում առաջին ցանցային հողմակայանը՝ 2,6մՎտ հզորությամբ: Հետո հողմային էլեկտրակայանների հարցում լուրջ առաջընթաց չեղավ:
Հավանաբար նաև այն պատճառով, որ արեգակնային կայաններն ավելի արդյունավետ են գնահատվել և վերջին տարիներին այս ոլորտում տեխնոլոգիական զարգացումներ են արձանագրվել: Հողմաէներգետիկ պաշարների ուսումնասիրությանը զուգահեռ՝ կազմվել են նաև Հայաստանի արևային էներգետիկայի ներուժի քարտեզներ: Հայստանում մեկ քառակուսի մետր հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի միջին հոսքը կազմում է 1 720 կՎտ/ժ: Իսկ մեր երկրի տարածքի մեկ քառորդ հատվածում այդ ցուցանիշը նկատելի բարձր է միջինից և կազմում է 1850 կՎտ/քմ:
Նման հզոր վերականգնվող աղբյուր ունենալու պարագային այն համարյա չի օգտագործվում: Ամերիկյան կողմը կարող էր վերականգնվող էներգետիկայի համաժողովում բերել իրենց օրինակը: Մայրաքաղաքի տարածքում այսօր գործող ամենախոշոր համակարգը սպասարկում է Ամերիկյան համալսարանի մասնաշենքը: Այդ շենքի հովացման և օդափոխման սարքերն աշխատում են արևային համակարգով, որն ունի 50 կՎտ հզորություն:
Ընդ որում, համակարգը նաև ֆոտոէլեկտրոնային է՝ 5 կՎտ հզորությամբ: Այս փաստը շատ կարևոր է: Բոլորս ենք հիշում, որ անցած ձմեռվա ընթացքում Արարատյան դաշտավայրում և մայրաքաղաքում մեկ ամսից ավելի ամպամած էր: Պարզվում է՝ անցած տարիների ընթացքում գործադիր իշխանության օղակներում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակել են անհրաժեշտ «բյուրոկրատական» փաստաթղթերը: Հիմա իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են մեր էլեկտրացանցի հետ պայմանագիր կնքել: Պայմանագիր կնքել ու դարձափոխադրիչային (ռևերսային) հաշվիչներ տեղադրել:
Այդ հաշվիչների միջոցով արեգակնային էներգիա արտադրող սարքեր ունեցողներն արտադրանքի ավելցուկը փոխանցում են էներգացանցին: Իսկ երբ արտադրվող հզորությունները չեն բավականացնում, տեխնիկապես հնարավոր է էլեկտրաէներգիա ստանալ ընդհանուր ցանցից: Հաշվիչի արձանագրած ցուցմունքների արդյունքում յուրաքանչյուր ամսվա սկզբին պարզվում է, թե ով ում է պարտք՝ ցանցը սպառողին, կամ՝ հակառակը:
Հայաստանում արդեն արտադրվում են ջերմային կոլեկտորներ, որոնք հնարավորություն են տալիս արեգակնային էներգիան օգտագործել կենցաղում կիրառվող ջրի տաքացման համար: Իսկ ֆոտովոլտային մոդուլներ կիրառում են առանձին հիմնարկություններ:
Դրանք հնարավոր է նաև տեղադրել առանձնատների տանիքներին: Փաստորեն, վերականգնվող էներգետիկայի զարգացումը հնարավորություն կտա տնտեսությունն ու կենցաղը հնարավորինս «անկախացնել» էներգակիրների ներմուծումների հաշվին գոյատևող էներգետիկ գործող համակարգից: Որքանով է սա իրատեսական, ցույց կտա ժամանակը: Փորձագիտական կարծիքները տարբեր են:
Փորձագետների մի մասը, ովքեր «ավանդական» էներգետիկայի կողմնակից են, գտնում են, որ առայժմ պետք չէ ոգևորվել այլընտրանքային համարվող էներգետիկ տեխնոլոգիաներով: Բայց, օրինակ, Հայ-բելգիական առևտրի պալատը հայտարարում է, որ Հայաստանում արևային վահանակների արտադրման պոտենցիալ կա, և, որ այդ վահանակների արտադրությունը ոչ միայն Հայաստանում սպառում կունենա, այլև՝ արտահանման շուկա: