Էրդողանի թիկնապահները, ծեծելով ցուցարարներին, ամրապնդեցին «սարսափելի թուրքի» կերպարը
Ինչպես հայերը, այնպես էլ այլազգիները վշտացած և վրդովված էին՝ դիտելով տասնմեկ ցուցարարների վրա հարձակման տեսանյութերը, որոնք վիրավորվել էին մայիսի 16-ին, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև, նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարվածներից, ծեծուջարդից և շնչահեղձ անելուց հետո: Ցավոք, հազարավոր թուրքեր անամոթաբար մեկնաբանություններ էին տեղադրել թվիթերում՝ արտահայտելով իրենց հրճվանքը թուրք բանդիտների կողմից հայերին, ասորիներին, քրդերին, հույներին և եզդիներին արյունլվա անելու համար…
Այս դաժան ծեծկռտուքն ավելի մեծ վնաս հասցրեց Թուրքիայի վարկանիշին Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում, քան մյուս գազանությունները, որ վերջերս իրականացվել էին Թուրքիայի ներսում թուրք զինվորների, ոստիկանների և անվտանգության աշխատակիցների կողմից: Թուրք ժխտողականներն անընդհատ բողոքում են, որ Հայոց ցեղասպանության հարցով հայկական «քարոզչությունը» արատավորում է թուրքերի համբավն ամբողջ աշխարհում, անտեսելով այն փաստը, որ հենց թուրքերն են խաթարել իրենց սեփական իմիջը՝ իրականացնելով սարսափելի զանգվածային հանցագործություններ:
Իրականում, թուրք բանդիտները խաղաղ ցուցարարների վրա մայիսի 16-ի նողկալի հարձակումով շատ ավելին արեցին ամրապնդելու «սարսափելի թուրքի» կերպարը, քան արել էին հայերը կամ ուրիշները: Թուրքական կառավարությունն ամեն տարի միլիոնավոր դոլարներ է ծախսում հանրային կապերի հարցերով զբաղվող ընկերություններին վճարելու համար՝ Թուրքիան աշխարհին հնարավորինս լավագույն լույսի ներքո ներկայացնելու համար: Սակայն, վերջին միջադեպը, որը դատապարտեցին Կոնգրեսի բազմաթիվ անդամներ և լայնորեն լուսաբանվեց ամբողջ աշխարհի լրատվամիջոցների կողմից, այն աստիճան սևացրեց Թուրքիայի համբավը և նրա ինքնակալ նախագահ Էրդողանին, որ քարոզչության վրա նույնիսկ 100 միլիոն դոլար ծախսելով հնարավոր չէ հետ շրջել նրանց վարկանիշին հասցված վնասը:
Ահա Կոնգրեսի անդամների խիստ մեկնաբանություններից մի քանիսը.
Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջոն Մակքեյնը (հանրապետական, Արիզոնա), ասել է ABC Nightly News-ին և MSNBC-ին՝ «Պետք է դուրս շպրտենք [Թուրքիայի] դեսպանին Ամերիկայի Միացյալ Նահանգներից…»:
Բացի այդ, սենատոր Մակքեյնը և Սենատի հետախուզության հանձնաժողովի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ սենատոր Դայան Ֆայնշտեյնը (դեմոկրատ, Կալիֆորնիա), համատեղ նամակ են հղել Էրդողանին՝ պահանջելով ներողություն խնդրել:
Չորս հանրապետական սենատորներ՝ Մարկո Ռուբիոն (Ֆլորիդա), Թոմ Քոթոնը (Արիզոնա), Մայք Լին (Յուտա) և Թեդ Կրուզը (Տեխաս) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ թուրքական կառավարությունից պահանջելով անհապաղ ներողություն խնդրել:
Դատապարտող հայտարարություններով հանդես են եկել նաև՝ Սենատում դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը (դեմոկրատ Նյու Յորք), սենատոր Շելդըն Ուայթհաուսը (դեմոկրատ, Ռոդ Այլենդ), սենատոր Ջեք Ռիդը (դեմոկրատ, Ռոդ Այլենդ), սենատոր Բեն Քարդինը (դեմոկրատ, Մերիլենդ), սենատոր Պատրիկ Լիհին (դեմոկրատ, Վերմոնտ) և սենատոր Բեն Սասը (հանրապետական, Նեբրասկա):
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը նամակ է հղել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին և գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին, հայտարարելով՝ «Օտար կառավարությունների գործակալները չպետք է անձեռնմխելի լինեն հանցավոր գործունեության համար քրեորեն հետապնդվելու հարցում»:
Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ ևս հանդես են եկել թուրքական հարձակումը դատապարտող հայտարարություններով. Դոն Բրեյերը (դեմոկրատ, Վիրջինիա), Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ), Ֆրենկ Փալոունը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Դեյվ Թրոթը (հանրապետական, Միչիգան), Դավիթ Վալադաոն (հանրապետական, Կալիֆորնիա), Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջեյմս Մաքգովերնը (դեմոկրատ Մասաչուսեթս), Ջիմ Կոստան (դեմոկրատ, Կալիֆորնիա ), Զո Լեֆգրենը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ռոն Դեսանտիսը (հանրապետական, Ֆլորիդա), Թալսի Գաբարդը (դեմոկրատ, Հավայի), Թեդ Դոյչը (դեմոկրատ, Ֆլորիդա) և Կոլումբիայի շրջանի պատվիրակ Էլեանորա Հոլմս Նորթոնը:
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերն իր թվիթերյան էջում գրել է. «Ակնհայտ է, որ Էրդողանի թիկնապահներն ամբողջությամբ զգում են իրենց անպատժելիությունը՝ օգտագործելով բռնաճնշումների այն գործիքները, որոնք կիրառում են իրենց երկրում և իմանալով, որ նա կանգնած է իրենց թիկունքին, անկախ նրանից, թե ինչ են արել»:
Բացի այդ, և Վաշինգտոնի քաղաքապետը, և ոստիկանության պետը դատապարտել են երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած կատաղի հարձակումը՝ Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ Էրդողանի հանդիպումից քիչ անց:
Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է FOX news-ին, որ թուրքական հարձակումը «պարզապես անընդունելի է» և այն հետաքննության տակ է: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը Պետքարտուղարություն է կանչվել պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնի կողմից: Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ թուրքական կառավարությանը դատապարտելով «հնարավոր ամենախիստ արտահայտություններով»: Wall Street Journal-ը հաղորդել է, որ Պետքարտուղարությունը «ուղիներ է ուսումնասիրում արգելափակելու Էրդողանի թիկնազորի անդամների մուտքը Միացյալ Նահանգներ»: Սա նվազագույնն է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է անի… Որքան էլ տարօրինակ է, բայց դեսպան Քըլըչը ասել է բախումները կանխել փորձող ոստիկաններին՝ «դուք չեք կարող մեզ ձեռք տալ», ակնարկելով հնարավոր դիվանագիտական անձեռնմխելիությունը, որ տրված է թուրքական հատուկ անձնախմբի որոշ անդամների: Անհավատալի է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում ԱՄՆ դեսպանին և բողոքի նոտա ներկայացրել Վաշինգտոնում ոստիկանության պահվածքի համար…
Այս հարձակման առավել լուրջ կողմը «Ամերիկայի ձայնի» (թուրքական լրատվական ծառայություն) կողմից Էրդողանին տեսանկարահանելու փաստն է, երբ նա ցուցարարների վրա հարձակվելու հրահանգ է տվել իր անվտանգության հատուկ անձնախմբին, տեղեկացնում է «Վաշինգտոն փոստը»: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ Էրդողանի թիկնապահները ներքաշվում են ծեծկռտուքի մեջ՝ ծեծելով կամ սպառնալով մարդկանց նրա արտասահմանյան ուղևորությունների ընթացքում:
2009 թվականին, այն ժամանակ վարչապետ Էրդողանի անվտանգության աշխատակիցները ծեծկռտուքի մեջ էին ներքաշվել նախագահ Օբամայի գաղտնի ծառայության գործակալների հետ:
2011-ին, Էրդողանի թիկնապահները կոտրել էին Միավորված ազգերի անվտանգության աշխատակցի կողերը, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում հարձակման ժամանակ:
2014-ին, թուրքական անվտանգության ծառայողները Նյու Յորքում սպառնացել և հրմշտել էին լրագրողներին, որոնք աշխատում էին Էրդողանի հանդեպ ոչ բարեկամական մի թերթում:
2015-ին, Բրյուսել կատարած այցի ժամանակ, Էրդողանի թիկնապահները հարձակվել էին բելգիական կառավարության թիկնապահի վրա:
2016 թ. փետրվարին, Էրդողանի թիկնապահները հարձակվել էին երեք կնոջ վրա, որոնք բողոքում էին Բարձրագույն ուսումնասիրությունների ազգային ինստիտուտում նրա ունեցած ելույթի դեմ Կիտոյում, Էկվադոր: Թուրքիայի անվտանգության աշխատակիցները նաև ջարդել էին Էկվադորի խորհրդարանի պատգամավորի քիթը, որը փորձել էր միջամտել: Էրդողանը ամբարտավանորեն արդարացրել էր հարձակումը. «Միշտ պետք է համապատասխան արձագանքներ լինեն անքաղաքավարի մարդկանց կարգի հրավիրելու համար»: Էկվադորի խորհրդարանի փոխխոսնակ Ռոզանա Ալվարադոն արձագանքել էր. «Մենք չենք ցանկանում Էրդողանին կրկին տեսնել մեր երկրում…»:
2016 թ. մարտին, Էրդողանի թիկնապահները հարձակվել էին լրագրողների և ցուցարարների վրա Վաշինգտոնում Բրուքինգս հաստատությունից դուրս, որտեղ թուրք ղեկավարը հրավիրված էր ելույթ ունենալու համար:
National Review Online-ի սյունակագիր Թոմ Ռոգանը, վերոնշյալ հարձակումներից մի քանիսը թվարկելուց հետո, եզրակացրել է. «Քանի որ Էրդողանը կենտրոնացրել է իշխանությունը և հարձակվում է իր ընդդիմադիրների վրա, TPPD-ն [Թուրքիայի նախագահական պաշտպանության վարչություն] իրավապահ մարմնից կերպարանափոխվել է կատարյալ բանդիտիզմի»:
Թուրքիայից երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի վերականգնի հարյուրավոր ամերիկյան թերթերի, հեռուստաընկերությունների և կայքերի բացասական տեղեկատվության հեղեղը, ներառյալ «Վաշինգտոն պոստում» հրապարակված ջախջախիչ խմբագրականի քննադատությունները: Անդերս Քորը գրելով Forbes ամսագրում, առաջարկել է, որ «հաջորդ անգամ, երբ Թուրքիան քաղաք գա, մոբիլիզացնել հատուկ նշանակության ոստիկանության ուժերը՝ Էրդողանի բանդիտական թիկնապահներին վերահսկելու համար, եթե նրանք չափն անցնեն»: «Նյու Յորք թայմսի» մի խմբագրական դիպուկ նկարագրել է մայիսի 16-ի հարձակումը. «Պարոն Էրդողանի այցի մնայուն պատկերը չի լինելու Սպիտակ տան արարողությունը, այլ նրա թիկնապահների և մյուս աջակիցների կողմից ցուցարարների ծեծուջարդը Թուրքիայի դեսպանի նստավայրից դուրս»:
Էրդողանի թիկնապահներն ի ցույց դրեցին իրենց բնորոշ հանցագործ վարքագիծն ամբողջ աշխարհի առջև: Միացյալ Նահանգներում նրանք իրենց այնպես պահեցին, ինչպես սովորաբար պահում են Թուրքիայում…
Երկու թուրք լրագրողներ, որոնք գրում են անկախ Al-Monitor կայքում, շատ ճիշտ են բնութագրել Էրդողանի թիկնապահների հետ կապված վերջին տհաճ միջադեպը. «Վաշինգտոն կատարած այցն ավարտվեց Թուրքիայի կերպարը ծաղրող տեսարաններով», գրել է Ֆեհիմ Թաշթեքինը: Փինար Թրեմբլեյն ավելացրել է. «Էրդողանի անվտանգության աշխատակիցները վատ համբավ են ձեռք բերել ամբողջ աշխարհում ցուցարարների վրա հարձակումների համար, դրանով իսկ ներկայացնելով Թուրքիայի դաժան դեմքը, ինչը չէր կարող իրագործել ոչ մի հակաթուրքական լոբբի մեկ օրվա ընթացքում»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի