Բաժիններ՝

«Եթե ստիպենք, որ բոլորը հարկերը վճարեն, իրենք բոլորը կփակվեն, ու սոցիալական խնդիրները կաճեն Հայաստանում». Հրանտ Միքայելյան

«168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանն ու Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, «Ստվերային տնտեսությունը Հայաստանում» գրքի հեղինակ Հրանտ Միքայելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննարկեցին ՀՀ տնտեսական ցուցանիշները 2017 թվականի առաջին եռամսյակում, ինչպես նաև անդրադարձան ստվերային տնտեսության դեմ պայքարին:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ գրանցվել է հարկերի աճ, և այդ աճը շարունակվում է այս տարվա առաջին եռամսյակում: Ըստ ՊԵԿ-ի հաշվետվությունների՝ աճը գրանցվել է հիմնականում խոշոր հարկատուների ստվերի կրճատման հաշվին: Հստակ թիվ կա նշված՝ 48.8 %, անցած տարվա վերջի  48.8 %-ից ստվերը խոշոր հարկատուների մոտ նվազել էր մինչև 32 %-ի: «Հարկերի աճը ներկայացվում է՝ հենց այդ կրճատման արդյունք: Բնակչության կենսամակարդակի վրա սրա ազդեցությունը չէր կարող միանգամից երևալ, ազդեցությունը կերևա, երբ գումարներն սկսեն վերաբաշխվել, բայց դժվար է ասել՝ այս նույն տեմպը կշարունակվի՞, թե՞ ոչ»:

Բաբկեն Թունյանի կարծիքով՝ Հարկայինն իրեն խնդրի առաջ է կանգնեցրել, այսինքն՝ հարկային մուտքերը գերակատարելով մոտ 13-14 միլիարդ դրամով՝ իրենք շեմը բարձրացրել են, և կառավարությունը 50 միլիարդ դրամով այս տարի ավելի շատ գումար է պահանջելու հավաքել: Թե ինչքանո՞վ կկարողանան իրականացնել, ժամանակի հարց է: Նա նշեց, որ կարևոր է՝ սա չլինի տնտեսական ակտիվության աճի հաշվին, որովհետև տնտեսությունից շատ փող հավաքելը տնտեսությանը խոչընդոտում է:

Խոսելով ստվերային տնտեսության մասին՝ ասուլիսի մյուս բանախոս Հրանտ Միքայելյանը նշեց.

«Եթե ստիպենք, որ բոլորը հարկերը վճարեն, իրենք բոլորը կփակվեն, ու սոցիալական խնդիրները կաճեն Հայաստանում: Այստեղ պետք է կամ բալանս գտնել՝ հարկերի չափի հետ կապված, կամ էլ պետք է հաշտվենք այն իրադրության հետ, որ մինչև վերջ չենք կարողանա ստվերային տնտեսությունը ոչնչացնել»:

Նրա խոսքով՝ ստվերային տնտեսությունը Հայաստանում ավելի շատ կենտրոնացած է առևտրի ու ծառայության ոլորտներում, ու ավելի քիչ է կենտրոնացած գյուղատնտեսական և արդյունաբերական ոլորտում. «Ըստ իմ հաշվարկի՝ ստվերային տնտեսությունը կրճատվել է 7 %-ով, այլ ոչ՝ 14: Իսկ այդ 10.5 %-ից մինչև 7 %-ը վերաբերում է տնտեսական աճին, 1 %-ը՝ գնաճին, մնացած 3 %-ից մի քիչ ավելին՝ արդեն հենց ստվերային տնտեսության հետ աշխատելուն»:

Բաբկեն Թունյանը գտնում է, որ հարկերի հավաքման առումով կարևոր հանգամանք է վստահությունը, թե հարկերն ինչպես են ծախսվում: «Մենք չենք ուզում հարկեր մուծել, որովհետև այդ բյուջեի մասը պարզապես գրպանվում է: Ներկայումս անվստահություն կա փոքր ու միջին բիզնեսի ու պետության միջև: Մի կողմից՝ փոքր ու միջին բիզնեսը վախենում է հայտնվել խոշորի դաշտում, մյուս կողմից՝ ՊԵԿ-ը նրանց չի հավատում ու ասում է, որ իրականում իրենց շահույթն ավելի շատ է»:

Ըստ տնտեսական վերլուծաբանի՝ գործարարը կամ քաղաքացին մնում է ստվերում, եթե ստվերում մնալու ծախսերն ավելի քիչ են, քան օրինական դաշտում աշխատելու ծախսերը, այսինքն՝ եթե մարդը գտնում է, որ հարկային տեսուչին կաշառք տալն իր վրա ավելի էժան է նստում, քան օրինական հարկեր մուծելը, նա կմնա ստվերում, ու նրան դժվար կլինի հարկային դաշտ բերելը: Հարկային դրույքաչափերը պետք է այնպիսին լինեն, որ գործարարի համար ավելորդ բեռ չդառնան, ու կարողանան թե՛ ներսի և թե՛ դրսի շուկայում մրցակից լինել: Կարևոր է՝ ստեղծվեն նաև հավասար մրցակցային պայմանները:

Հրանտ Մելիքյանն այն տեսակետին է, որ ՀՀ-ում հարկերի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: 1997 թվականի հարցման արդյունքում 49 %-ն անընդունելի է համարել հարկ չվճարելը, իսկ 2011 թվականի նույն հարցումով 70%-ից ավելին է այդպես մտածում, այսինքն՝ կան փոփոխություններ:

Խոսելով ներդրողների մասին՝ Բաբկեն Թունյանը նշեց. «Ներդրողի համար ամենակարևոր հանգամանքն օրենքի կիրառումն է: Ներդրողը պետք է պաշտպանված լինի օրենքով, ոչ մի ներդրող այստեղ ներդրում չի անի, եթե իր իրավունքներն իր օրենքով չկարողանա պաշտպանել, ու հենց դա է գլխավոր գործոնը, եթե սա ապահովվի, ներդրողներ կգան»:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս