Հայերը, հույներն ու վրացիները իրենց մշակույթն աշխարհում լավագույնն են համարում
Քրիստոնեությունը հայի ազգային բնորոշման կարեւորագույն մասն է, համոզված է Հայաստանի բնակչության 82 տոկոսը: Այս մասին են վկայում անվանի PEW կենտրոնի՝ Եվրասիայում եւ Արեւելյան Եվրոպայում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները:
Հարցման համաձայն, Հայաստանն առաջին տեղում է Եվրասիայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից, որի բնակչությունն ասել է, որ քրիստոնեությունը ազգային բնորոշման կարեւոր մաս է կազմում: Երկրորդ եւ երրորդ տեղերը կիսում են Վրաստանն ու Սերբիան:
Մոլդովան, Հունաստանն ու Հայաստանը նաեւ Եվրասիայի առավել հավատացյալ երկրներն են: Այստեղ իրենց քրիստոնյա են համարում բնակչության 90 տոկոսը: Հատկանշական է սակայն, որ հույների եւ մոլդովացիների կարծիքով, 1970-ականների համեմատ իրենց հասարակություններում հավատացյալների թիվը նվազել է, մինչդեռ հայերի մեծ մասը համոզված է, որ վերջին չորս տասնամյակներում Հայաստանի բնակչությունն ավելի հավատացյալ է դարձել:
«Արդյոք հավատում եք դուք Աստծուն» ուղիղ հարցին «այո» է պատասխանել վրացիների 99 տոկոսը, հայերի, մոլդովացիների եւ ռումինացիների 95 տոկոսը: Առավել քիչ են Աստծուն հավատում Չեխիայում, որտեղ Աստծուն հավատում է բնակչության մեկ երրորդը: Մոլդովայում, Հայաստանում եւ Ռումինիայում յուրաքանչյուր երկրորդը ամեն օր աղոթում է, մինչդեռ Ռուսաստանում եւ Հունգարիայում յուրաքանչյուր օր աղոթում է միայն վեց հոգուց մեկը:
Հատկանշական է սակայն, որ իրենց առավել հավատացյալ համարող սերբերի ընդամենը 6, իսկ հայերի ընդամենը 9 տոկոսն է եկեղեցի այցելում յուրաքանչյուր շաբաթ, մինչդեռ Բոսնիայում, Լեհաստանում եւ Ուկրաինայում ամեն շաբաթ եկեղեցի է այցելում հարցվածների կեսը:
Արեւելյան Եվրոպայում եւ Եվրասիայում իրենց մշակույթը բոլոր մյուսների մշակույթից առավել բարձր են դասում Հունաստանում, Վրաստանում եւ Հայաստանում: Առավել համեստ են սեփական մշակույթը գնահատում Էստոնիայում, որի բնակչության ընդամենը 23 տոկոսն է կարծում, որ էստոնական մշակույթն աշխարհում լավագույնն է:
Հատկանշական է նաեւ Ռուսաստանի եւ խորհրդային անցյալի նկատմամբ վերաբերմունքը: Այսպես, Հայաստանում հարցվածների 79 տոկոսը համարում է, որ Ռուսաստանն աշխարհով մեկ քրիստոնյաների պաշտպանն է, մինչդեռ հենց Ռուսաստանում նման կարծիքի է հարցվածների 72 տոկոսը միայն: Հայաստանն առաջին տեղում է նաեւ ԽՍՀՄ-ի կողմնակիցների թվում: Այսպես, Հայաստանում հարցվածների 79 տոկոսը համարում է, որ Խորհրդային Միության տապալումը բացասական երեւույթ էր, մինչդեռ Ռուսաստանում այդպես է կարծում բնակչության 69 տոկոսը, Բելառուսում՝ 54 տոկոսը, Վրաստանում 42 տոկոսը, իսկ Էստոնիայում 15 տոկոսը միայն: Հարցման համաձայն, Հայաստանի բնակչության 38 տոկոսը նաեւ դրական է գնահատում Ստալինի դերը:
Խորհրդային Միության կարոտով ապրող հարցված հայերի երկու երրորդը սակայն համարում է, որ անհրաժեշտ է սերտ համագործակցել Արեւմուտքի եւ մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հետ, իսկ կեսից ավելին ժողովրդավարական համակարգի կողմնակից են: Համեմատության համար, ժողովրդավարության կողմնակից են նաեւ վրացիների եւ ռումինացիների կեսից ավելին, մինչդեռ Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Բելառուսում ժողովրդավարական համակարգի կողմնակից է բնակչության ընդամենը մեկ երրորդը: