Բաժիններ՝

Bizprotect.am նորարական հարթակը կխթանի փոքր և միջին բիզնեսի ոլորտում իրականացվող բարեփոխումները

Գործարկվել է www.bizprotect.am վեբ հարթակը, որը ստեղծվել է  «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակում: Այս ծրագրով նախատեսվում է ամրապնդել պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, գործարկել նորարարական կայք, որը կապահովի բիզնես ոլորտի ազդարարների (whistle-blowers) կողմից տեղեկատվության հայտնումն ու նրանց գաղտնիության ապահովումը, ինչպես նաև հատկորոշել բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը՝ իրավիճակը գնահատելու և համապատասխան բարեփոխումների առաջարկներ մշակելու համար:

«Բիզնեսի, հատկապես առավել խոցելի փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցում խիստ կարևոր է ունենալ գործարար ոլորտը կարգավորող բարենպաստ օրենսդրություն ու վարչարարություն: Մենք ցանկանում ենք, որ այս առումով Հայաստանն առաջատար երկիր լինի: Մեր թիմը պատրաստակամ է լսել Ձեր կողմից բարձրաձայնված գործարար ոլորտի խնդիրները և օգտակար լինել Ձեզ՝ դրանց լուծման հարցում: Բացի այդ, մենք կապահովենք գործարար ոլորտի բարեփոխումների առաջարկներին ընթացքը և կլուսաբանենք ոլորտի զարգացումները»,- նշում են կայքի հիմնադիրները:

Կայքը  ներկայացվող հայտերի պաշտպանության բարձր հզորության տեղեկատվական համակարգ է: Ծրագրերի համադրությունը կոդիֆիկացնում է ներկայացված տեղեկատվությունը, և հետևաբար՝ պաշտպանում է այն կողմնակի միջամտությունից: Հայտ ներկայացնողները կարող են անանուն հանդես գալ:

Հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուր անձ, այդ թվում` փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչը, հանրային ծառայողները, հարկային և մաքսային ծառայողները, ինչպես նաև այլ անձինք, ովքեր բիզնես ոլորտում հանդիպել են խնդիրների Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ խնդիրը կապված է ՀՀ իրավասու մարմինների գործունեության հետ:

Կարդացեք նաև

Խորհուրդ է տրվում հայտը ներկայացնել անմիջապես՝ ծագած խնդրի պահին: Եթե դա հնարավոր չէ, ապա՝ հնարավորինս շուտ:

Այնուամենայնիվ, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներին:

Հայտերը հնարավոր է ներկայացնել բիզնես ոլորտում ծագած ցանկացած խնդիրների և հարցերի դեպքում, այդ թվում՝ հարկային, մաքսային, ազատ տնտեսական մրցակցության, լիցենզիաների և թույլտվությունների, պետական գնումների ոլորտում ծագած խնդիրների և հարցերի դեպքում:

Հայտ ներկայացնելու համար պարտադիր տվյալներն են՝ տեղեկատվություն այն մարմնի մասին, ում հետ հարաբերություններում ծագել է խնդիր, մարմնի գործունեության վայրի` ըստ մարզի և ըստ քաղաքի, խնդրի բովանդակության, դեպքի նկարագրության, խնդրի առաջացման ամսաթվի վերաբերյալ տեղեկատվություն:

Հայտ ներկայացնելու համար ոչ պարտադիր տվյալներն են՝ առավել մանրամասն տեղեկությունների ներկայացումը ծագած խնդրի ժամի, վայրի մասին, այն մասին, թե ինչպե՞ս է հայտ ներկայացնող անձը տեղեկացել խնդրի մասին, պաշտոնատար անձի անվան և պաշտոնի վերաբերյալ: Հնարավոր է նաև կցել խնդիրն ապացուցող լուսանկարներ և այլ ապացույցներ:  Բացի այդ, հնարավոր է նաև լրացնել անձնական տվյալները և ներկայացնել հայտը:

Հայտ ներկայացրած անձի ինքնությունը կարող է բացահայտվել հետևյալ դեպքերում:

– Եթե անձը կամովին ներկայացրել է անձնական տվյալներ,

– Եթե անձը կամովին ներկայացրել է այնպիսի մանրամասն տվյալներ, որոնց ողջամտության սահմաններում կարող էր տիրապետել միայն ինքը, օրինակ՝ նշել է կոնկրետ ժամը և պաշտոնատար անձի անունը, ում հետ խնդիր է առաջացել, այդ դեպքերում տրամաբանական է, որ պաշտոնատար անձը կարող է նույնականացնել հայտը և տվյալ օրը քաղաքացուն ծառայություն մատուցած դեպքը,

– Եթե անձը քննարկել է իր կողմից հայտնած տեղեկատվությունն ընտանիքի անդամների, ընկերների, գործընկերների կամ այլոց հետ, ապա առկա է ռիսկ, որ վերջիններս կարող են տարածել տվյալ տեղեկատվությունը և այն հանգամանքը, որ Դուք հայտ եք ներկայացրել:

«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացնում են  Ինֆորմացիոն  տեխնոլոգիաների  ձեռնարկությունների  միությունը (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) և Եվրոպական  բիզնես ասոցիացիան (ԵԲԱ): Ծրագրի հիմնական նպատակն է՝ մեծացնել գործարար անդամակցության վրա հիմնված կազմակերպությունների և բիզնես ասոցիացիաների ազդեցությունը՝ ՓՄՁ ոլորտի բարեփոխումները խթանելու համար:

Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի միջև դեռևս դեկտեմբերին կնքվել է պայմանագիր «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի վերաբերյալ:

«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Վերջինս էլ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է  Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս