Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլը հորդորում է սառնասրտորեն մոտենալ Թուրքիայի վերաբերյալ ԵԽԽՎ որոշման

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կոչ է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Թուրքիային մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ տալու հարցին սառնասրտորեն մոտենալ: Այս մասին հայտնում է «Ջումհուրիեթ»-­ը:

«Անկեղծորեն հավատում եմ նրան, որ որպեսզի կարողանանք հասնել մեր երազած Թուրքիայի ապագային, ժողովրդի երջանկության և տնտեսական աճին, անհրաժեշտ է կարողանալ թոթափել հուլիսի 15-­ին ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով ստեղծված հոգեբանական տրավման և մտնել մի նոր բարեփոխումների գործընթաց, որը մեր երկրի ժողովրդավարական, իրավական ու մարդու իրավունքների չափանիշները կմոտեցնի համամարդկային չափանիշներին»,­-ասել է նախկին նախագահը:

Որպես նախկինում նման իրավիճակ տեսած քաղաքական ու պետական գործիչ` Գյուլը կարծիք է հայտնել, որ անկախ ամեն ինչից ԵԽԽՎ որոշմանը պետք է սառնասրտորեն մոտենալ:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 25-­ին քվեարկության արդյունքում որոշում է կայացրել Թուրքիայի վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը: Առաջարկին կողմ են քվեարկել ԵԽԽՎ տարբեր երկրների 113 պատվիրակ, դեմ` 45­-ը, ձեռնպահ` 12-­ը: Թուրքիան կառույցի կողմից մոնիթորինգի տակից հանվել էր 2004 թվականին:

ԵԽԽՎ որոշման մեջ նշվում է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է, որ այդ երկիրը կատարի ներկայացված առաջարկները: ԵԽԽՎ Թուրքիայի հարցով զեկուցողներ Մարիան Միկկոյի (Էստոնիա) և Ինգեբյորգ Գոդսքեսենի (Նորվեգիա) պատրաստած զեկույցում խստորեն քննադատվում է 2016 թվականի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված և երեք անգամ երկարաձգված արտակարգ դրության պայմաններում կայացվող որոշումները` նշելով, որ դրանք վնասում են Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեությունը:

Պաշտոնական Անկարան շատ խիստ է արձագանքել ԵԽԽՎ որոշմանը` ասելով, որ իրենք պատրաստվում են վերանայել հարաբերությունները կառույցի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս