Բաժիններ՝

Կարմիր գծերի տուգանքի համար նվազագույն շեմը կսահմանվի 3000 դրամ

Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագիծը։ Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ գործող օրենսգիրքն ընդունվել է դեռևս 1985թ.։

«Այդ պահից ի վեր Օրենսգրքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, որոնք, կարելի է ասել, հիմնականում կարկատանի տեսք ունեն։ Իրարամերժ, հակասական, ոչ համակարգային փոփոխություններ են կատարվել, և դա է պատճառը, որ վերջին 20 տարվա ընթացքում շուրջ 80 իրավական ակտեր են ընդունվել, որոնք վարչական պատասխանատվություն են սահմանել այս կամ այն ոլորտում խախտումների համար, սակայն իրենց բնույթով նույն այդ փոփոխությունները հակասել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ մայր Օրենսգրքին։

Միայն մի քանի օրինակ բերեմ։ Այս Օրենսգրքում դեռևս շարունակում են օգտագործվել այնպիսի եզրեր, ինչպիսիք են՝ ԽՍՀՄ տարածք, պատգամավորների խորհուրդներ, սոցիալիստական սեփականություն, և այլն։

Բացի այդ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգիրքը, ըստ էության, բացարձակապես ներքին տրամաբանական կապի մեջ չի գտնվում Քրեական օրենսգրքի հետ։ Մի շարք խախտումների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսված է ավելի բարձր պատասխանատվություն, քան Քրեական օրենսգրքում։ Կամ Քրեական օրենսգրքում նախատեսված խախտումներ կան, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում դրանց համար կա նախատեսված նմանատիպ պատասխանատվություն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ներկայացվող նախագիծը մշակման բավական երկար ուղի է անցել և քննարկումների բավական երկար ճանապարհ։ «Ուզում եմ խոսել այս Օրենսգրքի մի քանի նորամուծությունների մասին։ Ապահովված է վարչական իրավախախտումների կամ վարչական զանցանքների հիմնավորված դասակարգումը և սանկցիաների ներդաշնակությունը։ Այսինքն՝ միևնույն հետևանքներն ունեցող զանցանքների համար նախատեսված են միատեսակ տույժեր կամ միատեսակ սանկցիաներ։ Ընդ որում, ի տարբերություն գործող Օրենսգրքի՝ ապահովված են գործուն մեխանիզմներ, որպեսզի լսված լինելու իրավունքը, ինչպես նաև՝ զանցանքի անհատականացման սկզբունքը, կարողանան կիրառելի լինել՝ հաշվի առնելով իրավախախտում կատարածի անձը, ինչպես նաև՝ նրա գույքային դրությունը և այլ հանգամանքներ։

Մի շարք վարչական իրավախախտումների համար նախատեսված է նախազգուշացում, ինչպես նաև բացարձակ սանկցիան, բացարձակ տույժը փոխարինված է հարաբերական տույժով։ Ուզում եմ մի օրինակ բերել և սրա վրա էլ կառուցել Օրենսգրքի սանկցիաների և տույժերի տեսակների տրամաբանությունը։

Այսօր գործող իրավակարգավորմամբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային ավտոկայանատեղիում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու համար կամ, այսպես կոչված, կարմիր գծերի կանոնները խախտելու համար նախատեսված է 5000 դրամի չափով վարչական տույժ։ Նախագծով առաջարկվում է 3000-5000 դրամ։

Բայց որպեսզի չառաջանա օբյեկտիվ հարցադրում, որ սա կարող է առաջացնել կոռուպցիոն ռիսկեր, նախատեսված է մեկ այլ սահմանափակող նորմ։ Խոսքը վերաբերում է կամայականության արգելքի սկզբունքին։ Այսինքն՝ եթե սանկցիան 3000-5000 դրամ է, ապա վարչական տույժ կիրառող մարմինը պիտի սահմանի՝ որ դեպքում՝ 3000, որ դեպքում՝ 4000, և որ դեպքում՝ 5000։ Եվ նմանատիպ փաստական հանգամանքների դեպքում մշտապես կիրառի հենց այդ սանկցիան։ Սա ուղղակիորեն ամրագրված է Օրենսգրքում։ Այսինքն՝ եթե նույն փաստական հանգամանքներն են, ապա վարչական իրավախախտումը կատարվելու դեպքում վարչական տույժ նշանակող մարմինը պարտավոր է նշանակել վարչական տույժի նույն տեսակը և նույն չափը»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ արմատապես վերանայվել են վարչական ձերբակալման հիմքերը։ Ըստ նրա՝ եթե այսօր այդ հիմքերը նախատեսված չեն, և անձի նկատմամբ վարչական ձերբակալում կարող է կիրառվել նույնիսկ անձի ինքնությունը պարզելու նպատակով, առաջին անգամ, հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված մի շարք չափորոշիչներ, սահմանվել են վարչական ձերբակալման հիմքերը։ Ըստ նախագծի՝ անձի նկատմամբ վարչական ձերբակալում կարելի է կիրառել միայն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է վարչական իրավախախտումը կանխելու նպատակով կամ ինքնությունը պարզելու նպատակով, բայց եթե դա անհրաժեշտ է կանխելու վարչական իրավախախտման կատարումը կամ կատարումից հետո փախուստի փորձը։ Ընդ որում, սա կարող է կիրառվել միայն որպես ծայրահեղ միջոց։

Արփինե Հովհաննիսյանը կարևորեց նաև դատախազական հսկողության գաղափարը, որը ներդրվել է Օրենսգրքում։ Մասնավորապես, ձերբակալման արձանագրությունը 1 ժամվա ընթացքում պետք է ուղարկվի դատախազին, որը կարող է վերացնել վարչական ձերբակալման որոշումը։ Արդարադատության նախարարն ասաց, որ Օրենսգրքի հետ կապված մի կարևոր սկզբունք է որդեգրվել՝ ինչպես ասում ենք, որ չկա քրեական պատասխանատվություն որևէ արարքի համար, եթե այն նախատեսված չէ Քրեական օրենսգրքով,  ասում ենք՝ չկա վարչական պատասխանատվություն որևէ արարքի համար, եթե այն նախատեսված չէ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս