Անթույլատրելի վայրում տեղադրված արձանախումբը
Ջարդի ձորի տարածքի սեփականատերն է որոշողը, բնապահպանը՝ մշակութաբան։
1990 թվականին Ջաջուռ գյուղի վարչական տարածքում՝ Շիրակ եւ Լոռի մարզերի սահմանագոտում, կանգնեցվեց «Կամք» հուշակոթողը: Այս մասին գրում է asparez.am-ը։
Այն նվիրված է 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին: «Կամք» հուշակոթողի նկարագրական-բնութագրական տեղեկանքում պաշտոնապես հաստատված է, որ հուշարձանի հետագա պահպանության նպատակով սահմանված գոտին` 150 քմ հողատարածքով, ենթակա չէ օգտագործման:
Այսինքն՝ նշյալ տարածքը համարվելու էր անձեռնմխելի եւ ուրիշ նպատակներով ենթակա չէր օգտագործման: Սակայն, 2012 թվականին «Կամք» հուշակոթողի հարեւանությամբ տեղադրվեց խաչքար, իսկ արդեն 2013-ին Ջարդի ձոր կոչվող տարածքում սկսեցին տեղադրվել այլ արձաններ, որոնք նվիրված են հայտնի մարդկանց՝ Անդրանիկ Զորավարի, Գալյա Նովենցի, Ազատ Գասպարյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Աղբյուր Սերոբի, Գեւորգ Չաուշի, Մախլուտոյի, Արաբոյի հիշատակներին, իսկ վերջերս տեղադրվեց հուշարձան՝ նվիրված ապրիլյան պատերազմի զոհերին:
Պարզվում է, որ այս տարածքը չունի պետական կարգավիճակ, ազատ է տնօրինման համար: «Այդ տարածքը հիմնականում կապված է ջարդի հետ, բայց դա պետականորեն ձեւակերպվա՞ծ է, թե՞ ոչ: Այս հարցը հստակեցված չէ: Եթե պետական կարգավիճակ չունի, ապա դա դառնում է ինքնաբուխ ինչ-որ նախաձեռնություն, որի տակ օրենսդրական հիմք չկա: Եթե օրենսդրական հիմք չկա, ապա կարգ ու կանոնի մասին խոսելն անիմաստ է»,-ասում է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը եւ ավելացնում, որ եթե տարածքը կարգավիճակ ունենար, ապա խնդիրը այլ հարթության վրա կլիներ:
Տարածքը, որտեղ տեղադրված են վերոնշյալ բոլոր հուշակոթողներն ու արձանները, գտնվում է Ջաջուռի վարչական տարածքում: Սաշուր Քալաշյանն ասում է, որ տարածքի տնօրինողը համայնքն է:
«Եթե տարածքը գտնվում է Ջաջուռի վարչական տարածքում, ապա բոլոր իրավունքները պատկանում են Ջաջուռի համայնքապետարանին: Եթե համայնքը որոշի ինչ-որ մի տարածքում արձաններ դնել, ապա առանց որեւէ մեկին հարցնելու էլ՝ կդնի: Համահունչ չէ, բայց նաեւ դրա դեմ պայքարելու ձեւ չկա: Որեւէ կարգ գոյություն չունի այդ տարածքի մասին: Մեկը ասել է՝ լավ կլինի ծաղիկ տանենք զոհերի համար, մյուսն էլ օրինակի համար կարող է ասի՝ լավ կլինի, որ այդտեղ Ֆրունզիկի արձանը դնենք»,-նշում է ճարտարապետ Ս.Քալաշյանը եւ շարունակում, որ այստեղ մշակույթի նախարարությունն է թերացել:
Ջաջուռի համայնքապետ Սոկրատ Սուվայրանը հաստատում է, որ տարածքը գտնվում է համայնքի վարչական շրջանում, բայց հակադարձում է ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքերին եւ պարզաբանում, որ տարածքը իրենք չեն տնօրինում:
«Այդ հողը մերը չէ, դա մեր վարչական տարածքում է, բայց հողը պատկանում է անտառին: Տարածքը համայնքապատկան չէ, մեր ձեռքի տակով ոչ մի թույլտվություն չի անցել»,-ասում է համայնքապետ Սոկրատ Սուվարյանը եւ պարզաբանում, որ դեռ 1960-ականներին հողատարածքը տրվել է անտառտնտեսությանը, իսկ անկախացումից հետո սեփականատեր դարձել է «Հայանտառ» ՓԲԸ-ն:
Նարեկ Կիրակոսյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։