Հայ ջազմեններն առաջին անգամ մասնակցելու են Բրեմենում կայանալիք խոշորագույն համերգային միջոցառմանը
Հայկական ջազի աստղերը ապրիլի 27-ից 30-ը առաջին անգամ Գերմանիայի Բրեմեն քաղաքում կմասնակցեն «Jazz ahead 2017» խորագիրը կրող աշխարհի խոշորագույն համերգային ամենամյա ցուցահանդեստոնավաճառին: Ցուցահանդեսում Armenian Jazz Highlights-ը կներկայացնի ժամանակակից անվանի հայ երաժիշտներին, համույթներին և համատեղ ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում և Հայաստանից դուրս:
Միջոցառման մասնակիցներն են Տաթևիկ Հովհաննիսյանը, Վարդան Հովսեփյանը, Արտեմ Մանուկյանը, Տիգրան Համասյանը, Authentic Light Orchestra-ն, Արշակ Սիրունյանը, Human Elementը, Արտո Թունջբոյաջյանը, «1to3»-ն, ինչպես նաև «Արագած» երաժշտական ծրագիրը, 7/8 Band-ը, Վահագն Հայրապետյանը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը:
«Նախաձեռնության նպատակն է ժամանակակից հայկական երաժշտության եզրերն ընդլայնել և ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովուրդը ոչ միայն ապրում է անցյալով, այլ նաև ունի երաժշտական առաջարկներ ներկայում և ապագայում»,- նշում են Armenian Jazz Highlightsի ներկայացուցիչները: