Չեխերը հետարքրքված են Սյունիքի ազատ առևտրի գոտու ծրագրով. դեսպան Սեյրանյան
Հայաստանից Չեխիա արտահանումը կտրուկ աճել է: Հայաստանի դեսպանությունը մշտապես նոր ներդրումային ծրագրեր է ներկայացնում չեխ գործարար շրջանակներին։ Այդուհանդերձ, Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է, որ Հայաստանի և Չեխիայի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը չի համապատասխանում հնարավորություններին։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության արտաքին առևտրի տվյալների 2016թ. այն կազմել է 17.267 մլն ԱՄՆ դոլար, իսկ համաձայն չեխական վիճակագրական գործակալության տվյալների՝ 24.338 մլն ԱՄՆ դոլար։ «Տվյալների նմանօրինակ տարբերությունը, հավանաբար, պայմանավորված է հաշվարկների մեթոդաբանության տարբերությամբ։ Հուսադրողն այն է, որ, ըստ չեխական տվյալների 2017 թվականի առաջին երկու ամիսների ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալները գրեթե 30%-ով։ Կտրուկ աճել է արտահանումը Հայաստանից։ Չեխական կանոնավոր շուկայում բավականին աշխույժ է վաճառվում հայկական կոնյակը, ներկրվում են նաև ալյումինե թիթեղ, գինի և պահածոներ»,- տեղեկացնում է դեսպանը։
Նրա խոսքով, մեքենաշինության, աղբի վերամշակման, էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության բնագավառներում գործակցությունը մեծ ներուժ ունի։ «Կարծում եմ բավականին հեռանկարային են ոչ միայն ԵԱՏՄ, այլև իրանական 80-միլիոնանոց շուկային նպատակաուղղված ներդրումային առաջարկները։ Որոշակի հետաքրքրություն է նկատվում Սյունիքի մարզում բացվելիք հայ-իրանական ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրերի նկատմամբ»,- ընդգծեց Տիգրան Սեյրանյանը։