«Ինչ էլ լինի՝ պետք է ստամբուլահայերի համար Բ պլան լինի». Թուրքիայում սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի քույրը հաստատվել է Հայաստանում

Ապրել և շարունակել արարել, լինել ավելի զորավոր և պայքարել հանուն արդարության հաստատման. թերևս հենց այս խոսքերն են ճիշտ բնորոշում Լեռնա Բալըքչըին՝ Թուրքիայի բանակում ուղիղ վեց տարի առաջ՝ 2011 թվականի ապրիլի 24-ին սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի քրոջը, ով արդեն մեկ ու կես տարի է՝ բնակություն է հաստատել Հայաստանում: Ստամբուլահայ ամուսնու և չորսամյա տղայի հետ մայրաքաղաք Երևանում մշտական բնակություն հաստատած Լեռնան նշում է, որ իրենք պետք է վաղուց կայացրած լինեին Հայաստան գալու որոշումը: «Եկել է ստամբուլահայերի՝ Հայաստան գալու ժամանակը»,- վարժ հայերենով ասում է Լեռնան՝ անկեղծանալով, որ թեպետ հայկական դպրոց է ավարտել, սակայն նախկինում հայերենով շփվելու առիթներ չի ունեցել և խոսել է բացառապես թուրքերեն: Հայերեն է սովորել միայն Հայաստան գալուց հետո: Որդին՝ Օդինը, այսօր արդեն վարժ խոսում է մայրենիով:

Ծնողներս Ստամբուլում են, քանի որ Սևակն այնտեղ է…

Խոսելով Հայաստան գալու որոշման մասին՝ Լեռնան «Արմենպրես»-ին պատմում է, որ Սևակի սպանության դատական գործում վեց տարի շարունակ որևէ առաջընթացի բացակայությունը նրանց դրդեց հեռանալ երկրից: Վերջնական որոշում կայացրեցին մեկ ամսվա ընթացքում: «Փոքր տղա ունեմ, չեմ ցանկանում, որ նա նման անիրավությունների մեջ մեծանա, այդ պատճառով էլ որոշեցի տեղափոխվել: Ամենաշատն ամուսինս էր ցանկանում տեղափոխվել: Նա երկու-երեք անգամ գնաց-եկավ ու ի վերջո ինձ ասաց. «Լեռնա, մենք այլևս չենք կարող ապրել այս երկրի ներսում, այս ամենի վե րջը կարող է լավ չլինել»: Իհարկե, ցանկանում էի այնտեղ մնալ, քանի որ Սևակն այնտեղ է, ցանկանում էի ապրել՝ ի հեճուկս ամեն ինչի, սակայն շատ անհանգիստ էի՝ հատկապես փոքրիկիս համար: Չգիտես, թե ինչ կարող է պատահել, հատկապես շատ եմ վախենում պայթյուններից… Վեց տարի առաջ մեր տանից մեկը դուրս եկավ և այլևս չվերադարձավ: Վախեցա, որ մի օր նույնը կարող է տղայիս հետ կրկնվել: Դրա համար էլ ասացի՝ պետք է գնալ Հայաստան: Պետք է ավելի շուտ եկած լինեի, դա իմ սխալն էր»,- ասում է Լեռնա:

Սևակի և Լեռնայի ծնողները հրաժարվել են հեռանալ Թուրքիայից, նրանք շարունակում են մնալ Ստամբուլում: «Ծնողներս այնտեղ են, քանի որ Սևակն այնտեղ է: Անկախ ամեն ինչից՝ իմ մի մասը ևս մնացել է այնտեղ», – ասում է Լեռնան:

Սևակը հողի տակ է, իսկ նրա մարդասպանը շարունակում է ազատ շրջել…

Եղբոր՝ Սևակի սպանության դատական գործն արդեն վեց տարի է՝ քննվում է առանց արդյունքի, իսկ մարդասպանն անգամ մեկ օր բանտում չի անցկացրել: Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պայմաններում գործը ռազմական դատարանից փոխանցվել է քաղաքացիական դատարանի: Լեռնան նշում է՝ Թուրքիայում տակնուվրա եղած իրավիճակի պայմաններում դժվար է հասկանալ, թե ինչ արդյունք կունենա դատավարությունը: «Արդեն վեց տարի եղավ, հրաշք կլինի, եթե արդար ելք լինի»,- ասում է Լեռնան ժպտալով, սակայն նույն պահին ժպիտը փոխակերպվում է տխրության՝ հասկանալով, որ եղբոր կորուստը վերականգնելն անհնար է: «Ինչ պետք է լինի դրանից հետո. Սևակն այլևս հետ չպիտի գա… Նրա համար այստեղ եկանք, սրճարան բացեցինք: Նա շատ էր ցանկանում նման բան անել բանակից վերադառնալուց հետո: Այժմ նրա ուզած ճաշերը եփելով հոգիս մի քիչ խաղաղվում է: Սակայն ուտո՞ւմ է Սևակը՝ ոչ», – նշում է նա:

Լեռնան համոզված է՝ ճիշտ է, Սևակն այլևս չի կարող վերադառնալ, սակայն նրա մարդասպանին արդար պատիժ հասցնելը փոքր-ինչ կթեթևացնի իրենց հոգիներին ծանրացած ցավը: «Միլիոնավոր, անգամ միլիարդավոր փոխհատուցումները չեն կարող վերադարձնել Սևակին: Մարդասպանը պետք է բանտում լինի: Անպատժելիությունը նոր հանցանքների պատճառ կդառնա», – ասում է նա:

Եղբոր սպանությունից հետո իր և ընտանիքի կյանքը շատ է փոխվել: «Այդ մարդը փոխեց մեր կյանքը, սակայն նրա կյանքն այսօր նույնությամբ շարունակվում է: Ինձ համար սա հատկապես շատ ցավալի է: Վեց տարի շարունակ նույն դռնով մարդասպանի հետ դատարան մտանք: Նա նստում էր իմ կողքին: Հայացքս շարունակ նրա ձեռքերին էր, մտքում անընդհատ հարցնում էի նրան՝ ինչպե՞ս կարողացար նման բան անել… Բանակից Սևակի վերադարձին ընդամենը 20 օր էր մնացել, ինչպե՞ս դա արեցիր… Երբեք չեմ մոռանա ու մինչև հիմա էլ հիշելիս փշաքաղվում եմ, թե ինչպես էր մարդասպանը դատարանից դուրս գալ իս, իսկ ես ու մայրս կանգնում ու նայում էինք նրա հետևից. Սևակը հողի տակ էր, իսկ նրա մարդասպանը ազատ շրջում էր», – պատմում է Լեռնան՝ փորձելով թաքցնել հուզմունքից թրջված աչքերը:

Նա համոզված է, որ սպանությունը կանխամտածված գործողության հետևանք է, այլապես ինչպես կարելի է բացատրել այն, որ դա կատարվեց հենց ապրիլի 24-ին՝ մի օր, որի խորհուրդը ողջ աշխարհին է հայտնի:

Մոռացել կամ գուցե չէինք ցանկանում հիշել մեզ հետ 100 տարի առաջ կատարվածը

Եղբոր մահից հետո ընտանիքը այլևս ոչ մի տոն չէր նշում: Միայն այս տարի նրանք նշեցին Սուրբ Զատիկը, այն էլ, անկեղծանում է Լեռնան, միայն հանուն որդու՝ Օդինի, հավկիթներ ներկեցին:

Մեզ հետ զրույցում նա նշում է, որ Հայաստան տեղափոխվելուց հետո մեկ ու կես տարվա ընթացքում ոչ մի պահի չի ափսոսացել իր որոշման համար: Հայաստանում նրանց լավ են դիմավորել: Լեռնան ժպիտով է վերհիշում, թե ինչպես են խանութներում իրենց ջերմորեն ընդունել ու խոսացած հայերենից կարծել, թե սիրիահայեր են: «Ճիշտ է, հիմա Հայաստանում շատ են սիրիահայերը, սակայն այժմ պետք է սկսվի ստամբուլահայերի գալու ժամանակը», – ասում է նա:

Նա ափսոսանք է հայտնում, որ ավելի վաղ Հայաստան չի եկել: «Ինչ էլ լինի՝ պետք է ստամբուլահայերի համար Բ պլան լինի՝ դեպի Հայաստան կամ ուրիշ մի տեղ, սակայն պետք է լինի: Մեզ համար ամեն բան մեկ օրում կատարվեց: Կարծում էինք՝ լավ ենք ապրում, սակայն մեկ օրում ամեն բան փոխվեց, այն օրը, երբ սպանեցին Սևակին… Մեր ընտանիքը մի տեղ էր, մեկ օրում հայտնվեց ուրիշ տեղում: Կատարվեց մի բան, որը բոլորովին չէինք սպասում, կարծում էինք, թե մեզ հետ նման բաներ չեն պատահի: Մինչդեռ այդ ամենը մեզ հետ տեղի էր ունեցել դեռ 100 տարի առաջ, սակայն մոռացել կամ գուցե չէինք ցանկան ում հիշել այդ մասին»,- նշում է Լեռնան:

Ծնողներս Թուրքիայում, ես Հայաստանում պետք է շարունակեմ իմ կռիվը…

Ամեն տարի ապրիլի 24-ին Ստամբուլի Շիշլի գերեզմանոցում հարգանքի տուրք է մատուցվում Սևակ Բալըքչըի հիշատակին: «Ապրիլի 24-ին ես այստեղ մենակ եմ, ծնողներս այնտեղ են՝ Ստամբուլում՝ Սևակի մոտ: Ես էլ շատ կցանկանայի այնտեղ լինել, բայց երևի թե իմ պայքարը պետք է այստեղ շարունակվի: Ծնողներս այնտեղ, իսկ ես այստեղ պետք է շարունակեմ իմ կռիվը: Թերևս մեր ընտանիքի կյանքն այսուհետ այսպես պետք է շարունակվի: Ես պետք է զորավոր լինեմ՝ հանուն Սևակի, հանուն որդուս…», – ասում է Լեռնան:

Հ.Գ. Ապրիլի 23-ի երեկոյան Լեռնա Բալըքչըն արցունքն աչքերին և մեծ հուզմունքով հետևում էր Երևանում ամեն տարի անցկացվող ջահերով երթին, որի մասնակիցները միաձայն ու միահամուռ կերպով շարունակում էին ի լուր աշխարհի հաստատել՝ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱԼՈՒ, ՀԻՇԵԼՈՒ ԵՆՔ և ՀԱՍՆԵԼՈՒ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱՆԻ:

Պատրաստեց Արաքս Կասյանը

Տեսանյութեր

Լրահոս