«Տարկետումը բանակից խուսափելու միջոցից վերածվում է բանակին առավել արդյունավետ ծառայություն բերելու միջոցի». Վիգեն Սարգսյան
«Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո ՀՀ պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դնում նոր նախագծեր: «Ազգ-բանակ-2017» համաժողովի ընթացքում իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» ծրագիրը:
Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ հայկական բանակը կարիք ունի բանիմաց և հմուտ սպայական կազմի: «Ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն այն անձինք են, ովքեր ընտրել են սպայական մասնագիտությունը որպես կենսակերպ, առաքելություն: Նրանք իրենց մարտական ուղին սկսում են որպես կուրսանտներ և երազում են գեներալ դառնալ: Բայց մեծաթիվ բանակին անհրաժեշտ են մեծ թվով կրտսեր սպաներ, ովքեր կծառայեն դասակ-վաշտ օղակում: Նույնիսկ ցանկալի է, որ այդ օղակում ծառայող հրամանատարները, ունենալով անհրաժեշտ ռազմական կրթություն, գան տարբեր միջավայրե րից, քաղաքացիական ամենատարբեր մասնագիտությունների տեր լինեն: Նրանք իրենց հետ Զինված ուժեր են բերելու նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգնելու են ավելի արդյունավետ դարձնել ժամկետային զինծառայողների բանակային տարիները»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ այսօրվա իրականության մեջ բուհական տարկետումների համակարգը թերի է և ծնում է անարդարության բազմաթիվ դրսևորումներ: Նրա խոսքով՝ բուհերի ընդունելության քննությունները, բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա՝ ողջ աշխարհում աշխատանքային փորձի ձեռքբերմամբ ընդհատվող ցիկլը մեզանում դարձել է չընդհատվող 4+2+3 ուսումնական ընթացք, որին հետևում է թեկնածուական ատենախոսության հապճեպ պաշտպանությունը՝ ժամկետային ծառայությանը մեկընդմիշտ հրաժեշտ տալու հեռանկարով:
«Ավելին, արդյունավետ չի օգտագործվում բուհերի այն շրջանավարտների ներուժը, ովքեր բակալավրիատից հետո զորակոչվում են Զինված ուժեր: Հիմնականում նրանք համալրում են շարքային-սերժանտական կազմը, լավագույն դեպքում՝ անցնելով ուսումնական զորամասերով, իսկ երբեմն՝ անմիջապես նախանշվելով մարտական հերթապահություն իրականացնող զորամաս»,- նշեց նա:
Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ «Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունն է՝ զինվորական ծառայությունից բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ:
«Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբանական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շեմի պահպանում) նա կարող է ընդգրկվել նշված ծրագրում՝ դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու:
Սովորելով քաղաքացիական բուհում՝ այդ երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ՝ յուրաքանչյուր շաբաթ օր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցնում են զինվորական պատրաստության դասընթաց: Այդ ուսուցումը հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով անցնում ծառայության զինված ուժերում:
Ծառայությունը կազմակերպվում է ք աղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում՝ 1-ին կարգի զորամասերում՝ առաջնագծում: Այդպիսով, բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին, միաժամանակ անցնելով այն սպայական կարգավիճակում, մրցունակ աշխատավարձով, որը կկազմի ամսական առնվազն 260 հազար դրամ: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մասնագիտական կրթությունը»,- մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:
Նախատեսվում է հատուկ պայմաններով սպայական ծառայություն առաջարկել աշխարհի 10 առաջատար բուհերից մեկն ավարտած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաների հաղթող ուսանողներին: Նրանց ծառայություն կառաջարկվի սպայական պաշտոններում, բայց ռազմարդյունաբերական համալիրում, որտեղ նրանք կկարողանան ավելի մեծ արդյունավետությամբ կիրառել իրենց գիտելիքները: Նրանց պարագայում կառաջարկվեն ոչ թե եռամյա, այլ հնգամյա պայմանագրեր:
Նրա խոսքով՝ ծրագրի կարևոր արդյունքներից է նաև լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը: Մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ: «Այսպիսով, տարկետումը բանակից խուսափելու միջոցից վերածվում է բանակին առավել արդյունավետ ծառայություն բերելու միջոցի, իսկ պետությունը դրա դիմաց առաջարկում է փոխհատուցման շոշափելի փաթեթ»,- նշեց Վիգեն Սարգսյանը: