Խոսենք ոչնչի մասին
Մեր տնտեսական լրատվությանը հետևողները կհաստատեն, որ վաղուց ոչինչ չի կատարվում տնտեսության իրական հատվածում: Մեկ ամիս առաջ կարելի էր ենթադրել, որ պատճառն ընտրություններն են: Քաղաքական բոլոր ուժերը միաժամանակ խոսում էին: Խոսում ու սոցիալ-տնտեսական խոստումներ էին տալիս:
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո նրանցից ոչ մեկը չպնդեց, որ տեր է կանգնելու ներդրումների ապահովման կամ նպաստ-թոշակների բարձրացման խոստումներին: Իսկ տնտեսական կյանքը մնաց նույն անշարժության մեջ, որ բնորոշ էր նախընտրական ժամանակաշրջանին: Կառավարությունն էլի շարունակում է խոսել տնտեսական ծրագրերի ու աշխատատեղերի ավելացման մասին: Բայց արդեն խոսում է հետքարոզչական շրջանին բնորոշ ալարկոտ տոնով:
Ապրիլի 19-ին, օրինակ, պաշտոնապես հայտարարվեց, որ Տնտեսական զարգացումների նախարարությունը պայմանագիր է ստորագրել Սյունիքի ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերության հետ: Ստորագրումից հետո ասուլիսին արդեն նախարարի փոխարեն փոխնախարար էր մասնակցում: Իսկ դա ինքնին արդեն տպավորություն ստեղծեց, որ նույնիսկ կառավարությունը մեկ առանձին վերցրած նախարարության մասշտաբում այնքան էլ ոգևորված չէ այս ծրագրի մասշտաբներով: Այլապես փաստաթղթի ստորագրության փաստը կարելի էր կարգին «ծաղկացնել»: Օրինակ՝ ասել, որ ԵՏՄ-ի տարածքում ընդամենը յոթ ազատ տնտեսական գոտի կա, ուր հնարավոր է անմաքս առևտուր կազմակերպել: Եվ, որ այդ յոթ գոտիներից մեկը հենց «Սյունիքի ազատ տնտեսական գոտին» է:
Կարելի կլիներ ոգևորված փաստարկել, որ այն միջնորդ օղակ է դառնալու ԵՏՄ և Իրանի տնտեսությունների միջև: Բայց մի կողմից՝ ԱՄՆ անկանխատեսելի նախագահն է «չարացել» Իրանի նկատմամբ: Մյուս կողմից՝ մենք ենք արդեն կշտացել 170 մլն-անոց հնարավոր շուկայի մասին սին խոստումներից: Գուցե աշխարհաքաղաքական այս դեկորներն էին պայմանագրի ստորագրման փաստի համեստ մատուցման պատճառը: Ի վերջո, թե այս, թե առաջիկա տարիների համար ազատ գոտու ներդրումային կանխատեսում-խոստումներն ահագին համեստ են:
Ենթադրվում է, որ մինչև աշուն ընդամենը երեք մլն դոլար ներդրումային ծրագիր է իրականացվելու: Հետո ծրագիրը թափ է առնելու՝ և առաջիկա 7-8 տարում 350-400 մլն դոլար ներդրում է լինելու: Եվ, ի վերջո, երկու հազար 500 աշխատատեղ է ստեղծվելու և ազատ գոտու տարեկան արտահանումը 80-100 մլն դոլար է կազմելու: Շա՞տ է դա, թե՞ քիչ. այս հարցն ինքնին սպեկուլյատիվ է: Որովհետև երկու տեսակետն էլ կարելի է փաստարկել ու հիմնավորել:
Բայց տարօրինակ պատահականությամբ Ալյումինե փայլաթիթեղներ արտադրողների եվրոպական ասոցացիան հենց այս օրերին հրապարակեց, որ Հայաստանը 2016թ. ավելացրել է փայլաթիթեղների արտահանման ծավալը և այն հասցրել 88,1 մլն դոլարի ծավալի: Սույն հարգարժան ու եվրոպական կառույցը ենթադրում է, որ 2017թ. ՀՀ-ից փայլաթիթեղի արտահանումը ԱՄՆ և Եվրամիության երկրներ կկազմի 108 մլն դոլար: Այսինքն՝ «Սյունիք տնտեսական ազատ գոտու» հնարավոր արտահանման ծավալները մի 10-15 տարի հետո կհավասարվեն մեկ գործարանի արտադրանքի արտահանման այսօրվա ծավալներին:
Գնային համարժեքով հավասարվելու մասին է խոսքը: Այսինքն՝ Փայլաթիթեղ արտադրողների եվրոպական ասոցացիան չթողեց, որ կարգին ուրախանայինք ազատ գոտու պայմանագրի ստորագրման փաստով՝ մասնավորապես, ու դրա ընդլայնման հեռանկարներով՝ ընդհանրապես: Բայց փայլաթիթեղի արտահանման մասին տնտեսական տեղեկատվությունը մի տարօրինակ, բայց բոլորովին էլ ոչ անակնկալ փաստ է պարունակում: Եվրոպական ասոցացիան, օրինակ, իր հրապարակման մեջ պնդում է, որ 2016-ին Հայաստանից արտահանվել է 29 հազար 826 տոննա փայլաթիթեղ:
Մինչդեռ նույն տեղեկատվության մեջ նշվում է, որ մեր հարազատ Մաքսային ծառայության տվյալներով՝ 2016-ին արտահանումը կազմել է ընդամենը 29 հազար 3 տոննա: Իսկ ինչ պատճառով է արձանագրվել 823 տոննա տարբերությունը, ոչ մեկին էլ հետաքրքիր չէ: Բայց, եթե հիմք ընդունենք եվրոպական կազմակերպության տվյալները, պիտի արձանագրենք, որ 823 տոննա փայլաթիթեղի արտադրությունը և արտահանումը մեր պետբյուջեի համար աննկատ է մնացել: Ասել, որ դա անսպասելի փաստ է՝ չափազանցություն կլինի: Ի վերջո՝ մենք մեր մաքսավորներին էլ, մեր տնտեսական չինովնիկներին էլ, փայլաթիթեղ արտադրող ռուսական մենեջմենթի ներկայացուցիչներին էլ առաջին օրը չէ, որ գիտենք:
Բայց եկեք վերադառնանք «Սյունիքի ազատ տնտեսական գոտուն»: Վերադառնանք ու հիշենք, որ այդ անունը կրող ՍՊԸ-ի տնօրենի հետ ՀՀ Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարը պայմանագիր ստորագրեց: Իսկ այդ պատմական պահին հաջորդեց նույն նախարարության փոխնախարարի ասուլիսը: «Եկեք նորից խոսենք ոչնչի մասին», կատակով առաջարկում էր Մանդելշտամը: Պոետ մարդ էր ու չափազանցնելու սովոր: Բայց, չգիտես ինչու, ինձ թվում է, որ նա այդ կատակն անում էր մեր տնտեսության մասին խոսելու առաջարկով: Չնայած՝ վստահ չեմ: