Բաժիններ՝

Գինեգործները մի քանի լավ լուր ունեն

Հայաստանի գինեգործներն անցած տարի զգալի ավելացրել են իրենց արտադրանքի արտահանումը։ Պաշտոնական տվյալներով՝ 2016թ. արտահանվել է 1 մլն 855.2 հազար լիտր խաղողի գինի, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 400 հազար լիտրով։ Ընդ որում՝ գինու արտահանումն ավելացել է ոչ միայն ավանդական ուղղություններով, այլև հայ արտադրողները նվաճել են նոր շուկաներ՝ Հնդկաստան, Հոնկոնգ, Մեքսիկա և այլն։

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում մի քանի լավ լուր նշեց և վստահեցրեց, որ ոլորտն այս տարի հաստատուն աճ կապահովի։ Նա հաստատեց, որ գինու արտահանումն ավելացել է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ԵՄ, ԱՄՆ, ՌԴ, և այլն։ Ավելին, ըստ նրա՝ Ռուսաստանում սկսել է բարձրանալ հայկական գինու գինը։

«Շուրջ կես տարի է, նկատվում է գնային, թեև շատ թույլ, բայց կայուն աճ, այսինքն՝ գինը հաստատուն բարձրանում է»,- ասաց Ա.Հարությունյանը։

Միության նախագահը նշեց, որ ոլորտի տնտեսվարողներին բավականին ուրախացրել է ակցիզային հարկի վերացումը. «Սպասում ենք, որ կառավարությունը չխաբի։ Այսինքն՝ երկար տարիներ մենք խնդրում ենք կառավարությունից ակցիզային հարկի վերացում, և կարծես ստացվում է։ Սա ձնագնդի նման էֆեկտ կունենա։ Ակցիզային հարկը 10% է, բայց այստեղ խնդիրը փողը չէ, խնդիրը մեխանիզմներն են։ Հաջորդ լավ լուրն այն է, որ մեր մյուս խնդրանքն էլ կարծես բավարարվելու է։ Խոսքը վերաբերում է կոնյակ արտադրելու համար 15 մլն տարեկան տուրքը չեղարկելու և ըստ շշերի տուրք նշանակելու մասին»։

Վարկերի հետ կապված ևս մի լավ նորություն կա, որը 3 ամսից կճշտվի՝ կառավարությունը խաղողի մթերման համար էժան վարկ է տրամադրելու։ Խնդիրը, ըստ Ա.Հարությունյանի՝ այն է, որ ժամանակը սահմանվել է 6 ամիս, բայց դա քիչ է. «Մեխանիզմը հետևյալն է՝ 3 օրվա ընթացքում մթերել խաղողը և 6 ամսում վերադարձնել գումարը։ Բայց այս ժամկետը քիչ է, փորձում ենք երկարացնել ժամկետը։ Որպեսզի դու կարողանաս այդ բեռի տակ լրացուցիչ մտնել, պետք է 18-24 ամիս»։

Ա.Հարությունյանը նշեց, որ Խաղողի և գինու հիմնադրամը կոմպլեկտավորվել է և առաջիկա մոտ 10 օրում կսկսի աշխատել, իսկ միջազգային կառույցները պատրաստ են աջակցել. «2 փոքրիկ նոր գործարան կբացվեն, մի գործարան կմեծացնի իր հզորությունները, 2 գործարան շատ լուրջ կվերազինվեն, և այլն»։

Ուրախալի է նաև, որ այս տարի շատ լավ բերք է սպասվում, թեև, Ա.Հարությունյանի խոսքով, խաղողը մի քիչ ցրտահարվել է, ծավալները պարզ կլինեն, երբ վազերի աչքերը բացվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս