«Դուք կնկարեք կգնաք, իսկ մեր հոգսերը նորից կմնան»

50-ամյա Անահիտ Մովսիսյանը և նրա որդին՝ Արթուր Վերոնյանը, Ավանի 4-րդ փողոցի 11 տանը վարձով են բնակվում: Անահիտ Մովսիսյանն ունի ոտքի արյունատար անոթների խցանում և ինֆարկտ է տարել, իսկ որդին՝ աչքերի ամնոպիա և ներվային սթրես՝ վարքի խիստ խանգարում ախտորոշումով: Տիկին Անահիտի ամուսինն արդեն 4 տարի գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, նա ընտանիքի հետ կապ չի պահպանում և ոչ մի դրամական օգնություն չի ցուցաբերում:
Տան մուտքի մոտ մեզ դիմավորեց տիկին Անահիտը և ուղեկցեց խոհանոց, հետո նստեց, խորը շունչ քաշեց ու ասաց. «Եկել եք՝ նորից նկարեք, հետո թողնեք գնաք, չէ՞: Դուք կնկարեք կգնաք, իսկ մեր հոգսերը նորից կմնան»:

Բանն այն է, որ վերջերս այս ընտանիքի պատմությանն անդրադարձել էր նաև լրագրող Գագիկ Շամշյանը և տեսանյութ հրապարակել նրանց խնդիրների մասին:
Տիկին Անահիտի այդ խոսքերին ի պատասխան՝ լռեցի, որովհետև չգիտեի՝ ինչ պատասխանել. լրագրողներիս գործն է՝ լուսաբանել, ներկայացնել խնդիրները, մնացյալը համապատասխան գերատեսչությունների անելիքն է:

Կարդացեք նաև

Մի որոշ ժամանակ երկուսս էլ լուռ էինք, հետո նա պատմեց իր պատմությունը: Ասաց, որ միշտ չէ, որ վատ պայմաններում է ապրել՝ գնացել է հարս ամուսնու տուն (ծիծաղում է.- Շ.Ս.): Նրանք բնակարան են ունեցել Մասիվում, բայց ամուսնու եղբայրը թմրամոլ է եղել ու հսկայական պարտքեր է կուտակել, ինչի պատճառով ստիպված են եղել վաճառել բնակարանը: Հետո անընդհատ տարբեր տեղեր են վարձով բնակվել, իսկ վերջին տարիներին, որդու հետ միասին, Ավանում մի բնակարանից մյուսն է տեղափոխվում: Բնակարանի վարձը դժվարությամբ է վճարում, արդեն մի քանի ամսվա վարձ է կուտակվել: Նրանց զգուշացրել են, որ եթե չվճարեն՝ ստիպված կլինեն ազատել բնակարանը:

Տիկին Անահիտի ամուսինը Ռուսաստանի Դաշնություն գնալուց առաջ ասել է, որ շուտով ամբողջ ընտանիքով կտեղափոխվեն այնտեղ, բայց գնալուց հետո լուր չեն ստացել նրանից: Տիկին Անահիտն օրվա հացը վաստակելու համար մաքրություն է անում Ավանի պոլիկլինիկայում: Հիվանդության պատճառով դժվարությամբ է քայլում, բայց ամեն առավոտ պարտաճանաչ աշխատանքի է գնում և մաքրում պոլիկլինիկայի լայն հարկաբաժինները: Իր աշխատանքի համար ստանում է օրական 1000 դրամ, իսկ ընտանիքի եկամտի գերակշիռ մասը կազմում է սոցիալական նպաստը, որն ընդամենը 22000 դրամ է:

Տիկին Անահիտն ասում էր, որ, եթե օրինական կերպով բաժանված լիներ ամուսնուց, այդ դեպքում կունենար միայնակ մոր կարգավիճակ, և նպաստի չափը փոքր-ինչ ավելի կլիներ, բայց փաստացի ունի ամուսին, ով իրեն ոչնչով չի օգնում:
Չնայած այն հանգամանքին, որ տիկին Անահիտն ինֆարկտ է տարել, նա չունի հաշմանդամության կարգ: «Կարգ հանելու համար պետք է հիվանդանոց պառկեի, բայց գումար չունեի, տղայիս էլ չէի կարող տանը մենակ թողնել»,- բացատրեց նա:

Զրույցի ամբողջ ընթացքում աչքերով Արթուրին էի փնտրում. նա անընդհատ մի սենյակից մյուսն էր գնում՝ թաքնվելով մեզանից: Մայրն ասաց, որ, երբ ասել է որդուն հարցազրույցի մասին, տղան ընդդիմացել է, խնդրել մորը, որ ոչ ոք չգա: Տիկին Անահիտն ասում է, որ տղան ամաչում է դասընկերներից: «Դե՛, տղա է, իրեն վատ է զգում: Անցած անգամ, երբ եկան ու նկարեցին, բոլորը տեսել էին հեռուստացույցով, տղայիս դասընկերներն էլ որոշել էին գումար հավաքել օգնելու համար, նա էլ նեղվել էր դրանից»,- պատմեց մայրը:

Նախորդ հրապարակումից հետո մի քանի անհատներ են օգնել իրեն, այն էլ՝ մի քանի ամիս կուտակված վարձը 120000-ից իջեցրել են մինչև 90000 դրամ (տան վարձավճարը ամիսը 45.000 դրամ է): Նա նաև սառնարան է ստացել թաղապետարանից, որի շարժիչը փչացել է երկու ամիս անց:
Տիկին Անահիտի հետ շարունակում էինք զրույցը, երբ Արթուրը եկավ ՝ նստեց կողքիս ու ասաց. «Մեզ հեռուստացույցո՚վ եք ցույց տալու նորից, ինձ չլուսանկարե՛ք»:

Ասացի, որ, եթե չի ցանկանում, բնականաբար, չենք լուսանկարի։ Սկսեցինք զրուցել Արթուրի հետ դպրոցում սիրած առարկայի, երազանքների մասին: Արթուրը ցանկանում է ֆուտբոլիստ դառնալ՝ «Մեսսիի նման», ինչպես ինքն ասաց, սակայն տղայի երազանքներն էլ, ինչպես մայրը մեզ ասաց՝ մեր գնալուց հետո կշարունակեն միայն իրենցը մնալ:

Արթուրն ունի նաև տեսողության հետ կապված խնդիրներ: Նա սովորում է Զեյթունում գտնվող Միսաք Մանուշյանի անվան Հ48 ներառական կրթություն իրականացնող դպրոցի 8-րդ դասարանում: Մայրն ասում է, որ հետևում է տղայի բուժմանը, բայց տեսողությունը ո՛չ լավանում է, ո՛չ վատանում: Երթուղայինի համար գումար չունենալու պատճառով տղան երբեմն ոտքով է դպրոց գնում:

Երբ պատմում էր, տիկին Անահիտի աչքերից անընդհատ արցունքներ էին գլորվում, բայց հանկարծ սրբեց արցունքներն ու ասաց, որ էլ լաց չի լինելու, քանի որ տղան ասել է. «Մամ, էլ քեզ չտեսնեմ լացելիս, ես կմեծանամ, ու ամեն ինչ լավ կլինի»:

Տիկին Անահիտը միայն վախենում է, որ առողջական խնդիրների պատճառով չի կարողանա աշխատել և հոգալ որդու հոգսը: Նրա միակ ցանկությունը չորս պատ ունենալն է, նա անգամ պատրաստ է գետնին քնել, բայց իմանալ, որ ծածկ ունի գլխին, և, որ այլևս նրանց ոչ ոք տնից դուրս չի անի:

Շուշան Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս