Բաժիններ՝

«Սարգիսը բանակում առաջին ծննդյան օրն անցկացրել է դիրքերում». այսօր Արցախում զոհված Սարգիս Սահակյանի ծննդյան օրն է

Այսօր 2016թ. տարի ապրիլին Արցախում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանի  ծննդյան օրն է։ Սարգիսը ծնվել է 1995թ.։ Եթե չլիներ ապրիլյան պատերազմը… Սարգիսն ընդամենը 3 ամիս անց կավարտեր ծառայությունը. նա զինված ուժեր զորակոչվել էր 2014թ. հուլիսի 22-ին, ծառայել Թալիշում։

Սարգիսի մայրը՝ տիկին Թամարան, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Սարգիսը սիրել է հետաքրքիր անցկացնել իր ծննդյան օրը, լինել ընկերների, հարազատների հետ։ Տիկին Թամարան հիշում է՝ Սարգիսի ծննդյան օրն անհամբեր սպասել է նրա զանգին։

«Առաջին ծննդյան օրը դիրքերում է անցկացրել։ Հարմարեցրեց, զանգեց, հարազատներով հավաքվել էինք, ասացի՝ բալես, ճիշտ է՝ մեզ հետ չես, ծառայության մեջ ես, մենք շնորհավորում ենք քեզ, նշում ենք։ Ասաց՝ ապրեք, մա՛մ ջան։ Խոսեց բոլորի հետ։ Տրամադրությունը շատ լավ էր։ Իմ տղան ծառայության ընթացքում երբեք չի դժգոհել ծառայությունից, շատ ուրախ է եղել»,- ասաց տիկին Թամարան՝ նշելով, որ Սարգիսը ծառայությունից չի դժգոհել, բայց ասել է, որ դիրքերում իրեն ավելի լավ է զգում։ «Երբեք չի տրտնջացել, ուրախ անցկացրել է իր ծառայությունը»,- ասաց տիկին Թամարան։

Սարգիսը 4 տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, նա այնտեղ է սովորել և եկել էր Հայաստան` ծառայելու նպատակով: «Ասաց՝ մամ ջան, ես այստեղ մնալու իմաստ չեմ տեսնում, լավ կլինի՝ գնանք Հայաստան, միևնույն է՝ ես պիտի ծառայեմ՝ անկախ նրանից՝ Ռուսաստանո՞ւմ, թե՞ Հայաստանում։ Ասաց՝ ծառայությունը տղայի համար է, ես անպայման պետք է ծառայեմ։ Իր կամքով, ցանկությամբ մենք եկել ենք, ինքը ծառայել է»,- ասաց տիկին Թամարան՝ նշելով, որ Սարգիսը բնավորությամբ փակ է եղել, բանակային կյանքից գրեթե ոչինչ չի ասել, միշտ նշել է, որ ամեն ինչ լավ է։
Սարգիսը սիրում էր սպորտ, հատկապես ֆուտբոլը։ Տիկին Թամարայի խոսքով՝ Սարգիսը բազմաթիվ մեդալներ ուներ, նաև ցանկանում էր, երազում հանդիպել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։

Սարգիսը զոհվել է ապրիլի 3-ին. այդ օրն առավոտյան Սարգիսը խոսել էր մոր հետ. «Այնպես էր խոսում, կարծես ոչինչ չէր եղել։ Ցույց չի տվել, որ որևէ բան կա։ Փոքր եղբորս հետ խոսելիս էր հասկացրել, ասել, որ չի ուզում՝ ես իմանամ։ Մտածում էր, ասում էր՝ այնպես արեք՝ թող մաման լուրերը չլսի։ Իր խոսելուց ես ոչինչ չեմ զգացել, այնքան հանգիստ էր խոսում, որ զգացնել չէր տալիս»։

Տիկին Թամարայի ցանկությունն է, որ խաղաղություն լինի, զինվորներին՝ բարի ծառայություն. «Ուրախ հասնեն իրենց ծնողներին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս