«Մամ ջան, կյանքս, ես քեզ շատ եմ սիրում, ես սուրբ Սարգիս եմ, ես սուրբ եմ ծնվել, սուրբ». ասել է զոհված զինծառայող Սարգիսը
Արցախում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանն ընդամենը 2.5 ամսից կավարտեր ծառայությունը: Սարգիսը գնդացրորդի օգնական էր: Ծնվել էր 1995թ., Զինված ուժեր զորակոչվել էր 2014թ.: Ծառայում էր Թալիշում: Նա այդպես էլ չիմացավ, որ մայրը վատառողջ է, և, որ վիրահատվել էր: Նա միշտ երազում էր իր տունն ունենալու մասին: Միշտ ասում էր՝ «մա՛մ ջան, դու մի մտածիր, ես կգամ, կաշխատեմ, իմ ուզած տունը կառնեմ, մա՛մ ջան, չմտածես»: Նույնիսկ ծառայության ընթացքում նա ամեն տարի մարտի 8-ին զանգում էր, քույրիկին խնդրում էր՝ ծաղիկներ գնել և իր կողմից նվիրել: Սարգիսի մայրիկի հետ զրույցը շատ ծանր էր. նա վատառողջ էր և վիրահատությունից դեռ չէր ապաքինվել: Մեզ հետ զրույցի ընթացքում նա հուզվում և հևում էր ցավից: Նրանք տուն չունեն. ժամանակին Հրազդան քաղաքում տուն էին էին վարձակալում, սակայն Սարգիսի մահից հետո տիկին Թամարան ժամանակավոր տեղափոխվել է Հրազդանում բնակվող եղբոր տուն:
«Նա փրկել է իմ հայ ժողովրդին»
Սարգիսի մայրը` տիկին Թամարան, որդուն նկարագրելիս՝ ասում է` խելոք էր, հասկացող, լսող, դաստիարակված. «Ցավոք, բախտ չուներ իմ երեխան: Չնայած ես հպարտանում եմ. ինքը փրկել է իմ հայ ժողովրդին: Շատ հասկացող երեխա էր` հարգանքով, շնորհքով: Դպրոցում երբեք ու երբեք նկատողություն չի ստացել: Բանակում էլ հանգիստ ծառայել է, կարգապահ էր: Շատ փակ երեխա էր. ոչինչ չէր ասում: Հարցնում էի, ասում էր` մամ ջան, ամեն ինչ լավ է, ընտիր է, ոչինչ չկա, մի՛ մտածիր: Իմանալով, որ վատառողջ էիգ»,- պատմում է զոհված զինծառայողի մայրը:
Սարգիսը 4 տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան: Անձնագրային խնդրի պատճառով Սարգիսը չի կարողացել ավարտել 11-րդ դասարանը, եկել էր Հայաստան` ծառայելու նպատակով: Ասում էր` «Մամ ջան, ես ուզում եմ գնալ, ծառայել»։ «Իմ երեխան բանակից չէր փախչում: Ձգտում էր գալ ծառայության: Բայց երբ եկանք, իմացանք՝ ծնոտի հետ կապված խնդիր կա, ասացինք` այդ խնդրին լուծում տանք, հետո գնա ծառայության: Բայց չստացվեց, երեխան գնաց»,- ասում է մայրը:
Տիկին Թամարան պատմում է, որ որդին զբաղվում էր սպորտով` վոլեյբոլ, ֆուտբոլ, բասկետբոլ. «Շատ էր սիրում: Ինչ պատմեմ՝ տեսնում եք` մեդալները, գովասանագրերըգ»: Հեռախոսազրույցների ընթացքում էլ Սարգիսը հիմնականում ընտանիքի անդամների, հարազատների առողջությունից է հետաքրքրվել, ու, թեև մայրը վատառողջ է եղել, որդուն դրա մասին չի ասել։ «Ճիշտ է` շատ վատառողջ էի, բայց չէի ասում, որ երեխես՝ սահմանի բերան, չիմանար իմ վիճակը, չանհանգստանար: Չէի ասում, ասում էի` ամեն ինչ լավ է, ընտիր է, բալ ջան, լավացել եմ: Երեխին հույս էի տալիս… Ես էլի հպարտ եմ, որ իմ երեխան իմ հայ ժողովրդի համար գնացել էգ ի՞նչ կարող էի անել. ոչինչ: Շատ կուզեի կողքիս լիներ, բայց ի՞նչ արած, ի՞նչ կարող եմ անել»,- ասում է Սարգիսի մայրը:
«Ասաց` խոսք եմ տալիս, որ կզանգեմ»
Ապրիլի 2-ին տիկին Թամարան խոսել էր Սարգիսի հետ. «Զանգեց, շատ հանգիստ էր: Խոսեցի, ոչինչ չզգացի: Հարցրեց` ինչպե՞ս ես, ասացի` լավ եմ: Հարցրեց, թե ինչ եմ անում, ասացի, որ ուզում եմ գնալ, պապիկին տեսնել, երկար ժամանակ չեմ տեսել: Նոր էի վիրահատվել, չէի կարողանում: Չասաց, որ նորից կզանգի: Եկա, հասա, մոտ կես ժամվա տարբերությամբ զանգեց:
Հարցրեց` ինչպես եմ, ասացի` լավ եմ, բալ ջան: Անհանգիստ էի ինձ զգում, բայց իրեն հարց չէի տալիս` բալես, ինչո՞ւ ես այդպես անհանգիստ: Հարցրեց, թե որտեղ եմ, ասացի՝ տատիկենց տանն եմ, ասաց` տուր, քեռու հետ խոսեմ: Քեռին խոսեց, հետո նորից ասաց` տուր մամային: Ասաց` մամ ջան, խոստացի, որ տատիկենց տանից տեղ չես գնա: Ճիշտն ասած` վատ բան չմտածեցի: Մտածեցի՝ երեխա է, խոստացա, բայց իրեն ասացի, որ շատ զգույշ լինի, կարգապահ: Տվեցի իմ ծնողական խորհուրդը»:
Տիկին Թամարան հիշում է` որդու հետ խոսել է նաև ապրիլի 3-ին.
«Խոսեց, հարցրեց` առողջականդ ո՞նց է, մամ ջան: Ասացի` ոչինչ, բալես: Ու միշտ այդ խոսքն էր ասում երեխան: Ես մի փոքր նեղվեցի: Ասաց` տուր քեռու հետ էլ խոսեմ: Այդ օրը բոլորի հետ խոսեց: Երևի թե քեռու հետ խոսել է, ինչ պետք է: Ասացի` լավ, բալես, գնա, թող քեզ վրա խոսակցություն չգա, հարմար կլինի, կզանգես: Ասաց` հա, մամ ջան: Դրանից հետո՝ ոչ զանգ, ոչգ Ասաց` խոսք եմ տալիս, որ կզանգեմ: Մտածեցի՝ սովորականի նման թույլ կտան, կզանգի: Անհանգիստ նայում էի: Լուրերը լսում էի, որ դեպքեր են պատահում: Գիտեմ, որ իմ երեխու հետ արդեն խոսել եմ, ամեն ինչ լավ է, բայց արդեն մյուսների երեխաների համար անհանգստանում էի, մտածում էի` ինչ վատ է, որ վիճակն այդպես»:
Խոսելով որդու նպատակների մասին՝ մայրը հիշում է.
«Ասում էր` մամ ջան, ծառայությունից գամ, ես ամեն ինչ կանեմ, որ տուն առնեմ: Այդպես անտուն, անտեղգ Մտածել էր` հայրն ինձ վարձով է նստեցրել, նեղվել էր: Անհանգստանում էր երեխաս: Ասում էի` բալես, բա ո՞ւր գնամ, մնամ: Տատիկենց տանը նեղվածք է, տեղ չկա մնալու: Անտուն, անտեղ, այսօր էլ…»:
«Սարգիսին բանակում «русский» էին ասում»
Սարգիսի քեռին՝ Սմբատը, նշում է, որ քրոջ որդին կարգապահ էր, շատ էր սիրում սպորտով զբաղվել. «Ասում էր՝ քեռի, վերջացնեմ, գամ, կամ իմ սպորտով կզբաղվեմ, կամ այլ գործ կգտնեմ, աշխատեմ, տուն ստեղծենք: Հարցնում էի՝ չե՞ս ուզում նորից Ռուսաստան գնալ: Ասում էր՝ չէ: Այստեղ կաշխատեմ»:
Տիկին Թամարան էլ ավելացնում է, որ որդին չէր ցանկանում Ռուսաստան վերադառնալ. «Ասում է՝ մամ ջան, արի էլ չգնանք: Փոքրուց էի տարել: Երեխեն այնտեղի կյանքով ապրել էր, տեսել էր, չէր ուզում վերադառնայինք»:
Քեռու խոսքով՝ Սարգիսը հեռախոսազրույցների ընթացքում միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է, ծառայությունից բողոք չի ունեցել, իրենք էլ հորդորել են զգույշ լինել: «Շատ էր խոսում իր երազանքների մասին,- ասում է քեռին՝ նշելով, որ Սարգիսը երազում էր իր տունը ստեղծել, աշխատանք ունենալ,- Սպորտսմեն տղա էր: Ասում էր՝ սպորտով պիտի զբաղվեմ: Ֆուտբոլ շատ էր սիրում: Շատ մեդալներ է ստացել: Ծառայության ընթացքում էլ մեկ այլ զորամասի հետ ֆուտբոլ, վոլեյբոլ էին խաղացել, հաղթել: Հրամանատարը խոստացել էր հաղթելու դեպքում տանել, որ «Skype»-ով խոսեին ծնողների հետ: Զանգել էր մորը, ասել դրա մասին, նշել, որ խոստումն այդ օրը կկատարեին, կխոսեն «Skype»-ով: Շատ ընկերական երեխա էր: Իրեն այնտեղ «русский» էին ասում: Քանի որ հայերեն լավ չէր խոսում, ռուսերեն էր խոսում»:
Քեռին հիշում է, որ Սարգիսը կարդալու համար գիրք էր ուզել. 1915թ. դեպքերի վերաբերյալ ռուսերեն լեզվով գիրք էին ուղարկել, որը Սարգիսն արձակուրդ գալուց իր հետ տուն էր բերել: Հարազատները պատահաբար են նկատել, որ Ղարաբաղի վերաբերյալ պատմություններից մեկում հիշատակվում է Սաքո Սահակյան անունով հերոսի մասին: «Երբ կարդացինք՝ շոկի մեջ էինք»,- ասում է քեռին, ում խոսքը շարունակում է Վարդուշ տատիկը. «Միշտ ասում էր՝ մամ, ես սուրբ տղա եմ, սուրբ Սարգիսն եմ»: Մայրն էլ հիշում է, որ որդուց այդ խոսքերը հաճախ է լսել՝ թե ծառայության ընթացքում, թե տանը. «Մտածում էի՝ ինչու է իմ երեխան անընդհատ այդ խոսքը կրկնում»:
«Ասաց՝ մա ջան, կյանքս, ես քեզ շատ եմ սիրում, ես սուրբ Սարգիս եմ, ես սուրբ եմ ծնվել, սուրբ»
Սարգսի տատիկը պատմում է, որ թոռն ուզում էր սեփական տուն ունենալ.
– Հարցնում էի՝ ինչի՞ համար, որ մշակե՞ս: Ասաց՝ չէ, տատի ջան, ես ուզում եմ սեփական տուն ունենալ, իմ ուզած ձևով սարքել տունը, հայաթները ծաղկեպատ անեմ, սիրում եմ ծաղիկներ մշակել: Իր երազանքը դա էր: Մի օր էլ ասաց՝ տատի՛կ ջան, անտառ չունե՞ք, բարձրանանք անտառ: Ասում էի՝ կա: Բարձրացավ այնտեղ, ուրախացավ, վազվզեց երեխաների հետ: Մեկ էլ հանկարծակի սկսեց ուրախանալ ու թռչկոտել: Ասացի՝ Սա՛ք ջան, ինչո՞ւ ես այդպես միանգամից ուրախացել: Ասաց՝ մա ջան, կյանքս, ես քեզ շատ եմ սիրում, ես սուրբ Սարգիս եմ, ես սուրբ եմ ծնվել, սուրբգ Այդ բառերն էր կրկնում՝ ես սուրբ եմ, կյանքս, իմացի, որ դու սուրբ տղա ունեսգ Վերջին անգամ էլ որ զանգեց, ապրիլի 3-ին ժամը 11:30 էր:
Առաջինը խոսեց մոր, հետո՝ քեռու հետ, խնդրեց քեռուն՝ քեռի ջան, մամայիս շատ չթողնես լրաբեր լսի, հեռուստացույցը կանջատես: Մայրը վիրահատվել էր, բայց մենք երեխին չէինք ասել: Երբ արդեն վիճակը լավացել էր, հետը խոսում էր, մայրն ասում էր՝ ապեր ջան, չե՞ս զգում, որ ես լավ եմ խոսում քեզ հետ, որ ես առողջ եմ, լավ եմ, մի մտածիր, թե հիվանդ եմ: Ասում էր՝ ճի՞շտ ես ասում, մամ ջան, բա ինչո՞ւ է տատին անընդհատ մեր տանը: Մայրն էլ ասաց՝ պապին ղրգել է տատիկին, իմ մոտ է: Ասաց՝ չէ, մամ, միայն այդ մի բանը չասես: Զարմանում էր, մայրն ասաց՝ քեռիին խաբել եմ, ասել եմ՝ վատ եմ, որ մաման մնա իմ մոտ: Այդպես էլ ինքը չիմացավ, որ մայրը վիրահատվել է: Ինչքան զանգում էր, ես մոր մոտ էի: Ասում էր՝ ուխ, կյա՛նքս, ինչքան ուրախ եմ, որ տատիկս քեզ հետ է, որ դու մենակ չես, հանգիստ գնում եմ, քնեմգ Միշտ երազում էր իր տան մասին: Ասաց՝ Սա՛ք ջան, մի տուն եմ ճարել, որ առնենք, ասաց՝ է, մա՛մ ջան, այդ մասով դու մի մտածիր, ես կգամ, կաշխատեմ, իմ ուզած տունը կառնեմ, մա՛մ ջան, չմտածես:
«Քեռին ասել է՝ պիտի տղա ծնվի»
Սարգիսն իրենից մեծ քույր ունի, ով երկու որդի ունի: Ավագ որդուն Սարգիսը հասցրել էր տեսնել, փոքրին՝ ոչ. լուսանկարով էր տեսել։ «Ասացի՝ մինչև գաս, երկրորդ անգամ քեռի կդառնաս, բալես: Ուրախացավ, բայց ասաց՝ մամ ջան, տղա պիտի ծնվի: Ասացի՝ այ բալա ջան, դա Աստծո կամքն է: Ասաց՝ չէ, քեռին ասել է՝ պիտի տղա ծնվի, մենք պիտի բանակի հերոս տղերքը լինենք: Որ լսել էր՝ երկրորդն էլ է տղա, ուրախանում էր, ասում էր՝ ջան, քեռու սրտով է եղել, քեռին ասել էր, չէ՞, պիտի տղա ծնվի, ուրեմն պիտի տղա ծնվի: Շատ էր ուրախանում»,- ասում է Սարգիսի մայրը: Տատիկն էլ ավելացնում է, որ Սարգիսը մշտապես կրկնում էր՝ կարոտը խեղդում է իրեն:
Սա տղամարդու ձեռք է, այս ձեռքերով ես խրամատ եմ փորել
«Վերջին անգամ, որ եկավ ու ձեռքերը տեսանք, ասում եմ՝ այս ի՞նչ են քո ձեռքերը, ասաց՝ սա տղամարդու ձեռք է, այս ձեռքերով ես խրամատ եմ փորել: Շատ էր սիրում պուճուրին: Միշտ դուրս էր գալիս, զբոսնում էր նրա հետ: Վերջին անգամ զանգել էր, երեխու ծնունդն էր շնորհավորում: Հարցնում էր՝ մաման ո՞նց է, հո չի՞ խաբում, որ լավ է: Ասում էի՝ լավ է: Մարտի 8-ին զանգում էր, ես մամայի համար իր կողմից ծաղիկներ էի գնում»,- եղբորը հիշելով՝ պատմում է Սարգիսի քույրը՝ Ռուզաննան։ Նրա խոսքը շարունակում է Սարգիսի մայրը՝ տիկին Թամարան.
«Բերում էր ծաղիկներն ու ասում՝ տղադ է նվիրում, մա՛մ»:
Քրոջ խոսքով՝ երբ առաջին անգամ եղբայրը տուն էր եկել, իրեն անակնկալ են արել. «Եկան, դուռը թակեցին, եղբայրս մտավ: Երկրորդ գալուց ուզում էինք մամային անակնկալ անեինք: Չստացվեց, մաման հետս էր, չկարողացանք պահել, որ գալու է, իմացավ»։
«Զանգեց՝ քեռ ջան, մամային չասես: Որ վերջացնում էր, մայրը դառնում էր 45 տարեկան: Ասաց՝ որ գամ, կզանգեմ, ինձ կդիմավորես, 45 հատ ծաղիկ պիտի բերեմ մամային, անակնկալ անեմգ»,- ասաց նա։
Սարգիսը մի երազանք էլ ուներ՝ հնարավորության դեպքում ուզում էր հանդիպել Հենրիկ Մխիթարյանին: Նշենք, որ ԼՂՀ նախագահի հրամանագրով Սարգիս Սահակյանը պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար:
Հ.Գ. Սարգիս Սահակյանի մոր՝ Թամարա Ղազարյանի անունով «Ardsinbank»-ում բացվել է հաշվեհամար:
24 76 40 19 61 16 0000 AMD
24 76 40 19 61 16 0020 RUR
24 76 40 19 61 16 0030 EUR