Բանկային ճգնաժամ Ադրբեջանում
Այս տարվա հունվարին տնտեսական տարին ամփոփելով և նոր տարվա սպասելիքները ներկայացնելով՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Ամենամեծ հարվածն ազգային տնտեսությանը հասցրեց բանկային համակարգը»: Ադրբեջանի բանկային համակարգի 2015թ. սկսված ճգնաժամն առ այսօր հաղթահարված չէ: Այդ երկրում գործող 45 բանկերից երկուսը փակվեցին 2015-ին, իսկ անցած տարի փակվեց ևս 11 բանկ:
Իրավիճակը կառավարելի դարձնելու համար որոշվեց առևտրային և իսլամական բանկերի վերահսկողությունը Կենտրոնական բանկից փոխանցել հատուկ այլ նպատակով ձևավորվող կառույցի: Նոր ձևավորված կառույցին հանձնարարվեց վերահսկել երկրի ֆինանսական շուկան ու բանկային և վարկային բոլոր կառույցները: Այդ կազմակերպության ղեկավարն այս շաբաթ հայտարարեց, որ Ադրբեջանի դատական համակարգում 280 հազար հայց կա, որ ներկայացրել են ֆիզիկական ու իրավաբանական անձինք՝ փորձելով դատարանների միջոցով ետ ստանալ բանկերում ունեցած իրենց տարադրամային ավանդներն ու միջոցները:
Սակայն պարզվում է, որ անգամ դատական որոշումների պարագային հայցվորները չեն կարողանում ետ ստանալ իրենց գումարները: Ադրբեջանի բանկային համակարգում ավանդների կեսը տարադրամով է, իսկ երկրի ներքին շուկայում տարադրամի պակասի պատճառով անգամ գործող բանկերը լուրջ սահմանափակումներ են մտցրել տարադրամային հաշիվներ ունեցող հաճախորդների համար: Բանկային ավանդների ապահովագրական հիմնադրամի միջոցները բավարար չեն ավանդները վերադարձնելու համար: Լուծարված բանկերից, օրինակ, Bank Standart-ը մոտ 262 հազար ֆիզիկական և 47 հազար իրավաբանական անձ-հաճախորդ ունի:
Ապահովագրական հիմնադրամին երկրի ԿԲ-ի կողմից հատկացված միջոցները բավարար չեն հաճախորդների գումարը վերադարձնելու համար: 2015թ., այսինքն՝ ճգնաժամի սկզբին, բանկային համակարգի չաշխատող վարկերն ընդհանուրի 12 տոկոսն էին կազմում: (Ադրբեջանում չաշխատող են համարվում այն վարկերը, որոնք 90 օրից ավելի ժամկետանց են): Չնայած խնդիրը կարգավորելու մասին իշխանությունների խրոխտ հայտարարություններին՝ 2016թ. չաշխատող վարկերի քանակը համարյա կրկնապատկվեց՝ դառնալով 21 տոկոս:
Անցած շաբաթ վարկանիշային միջազգային հեղինակավոր Fitch Ratings կազմակերպությունը հրապարակեց ադրբեջանական բանկային համակարգի իր գնահատականը: Այս կազմակերպությունը կանխատեսում է, որ 2017թ. Ադրբեջանի տնտեսությունը նախատեսվածից դանդաղ է աճելու և, որ 2017-ը բանկային համակարգի համար վնասաբեր տարի է լինելու: Այս մասին անգամ պաշտոնական վիճակագրությունն է տվյալներ հրապարակում:
Այս տարվա առաջին երկու ամիսները նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատելով՝ պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ սննդամթերքի գներն Ադրբեջանում աճել են 15,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գնաճը կազմում է 12,5 տոկոս:
Իսկ ծառայությունների ոլորտում գնաճը 8,4 տոկոս է: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը վերահսկող հատուկ մարմինը հայտարարել է իր բավական ինքնատիպ ու նույնքան տարօրինակ որոշման մասին: Այս մարմինն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով փորձելու է բանկային համակարգի ճգնաժամը բարդել բանկերի բաժնետերերի և կառավարիչների վրա: Այդ մարմինը քննարկելու է արդեն լուծարման կամ դեռևս սնանկացման փուլ նոր-նոր մտած բանկերի բաժնետերերի և կառավարիչների գործունեությունը:
Եթե համապատասխան կոմիտեն որոշի, որ ֆինանսական ճգնաժամն առաջացել է բաժնետերերի կամ կառավարիչների «անգործունեության, կամ վատ աշխատանքի հետևանքով», ապա նրանք պիտի պատասխան տան իրենց ունեցվածքով և կանչվեն քրեական պատասխանատվության: Արևելյան բռնակալություն հիշեցնող այս երկրում, ուր, հայտնի կատակի համաձայն՝ «իշխանությունը տարածվում է սեռական ճանապարհով», պարզ է, թե այս օրենքի ընդունումն ինչի կհանգեցնի: Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանում սեփականության վերաբաշխման նոր փուլ է սպասվում: Օրենսդրական նախաձեռնությունը, հարկավ, օրենքի տեսք կստանա:
Արդյունքում իշխանությունները նախ առողջացման ծրագրի անվան տակ իրենց ձեռքը կվերցնեն բանկերի կառավարումը: Հետո, եթե հաջողվի «առողջացնել», դրանք կհանվեն աճուրդի: Այլ կերպ ասած՝ կփոխանցվեն նոր սեփականատիրոջ: Փորձագիտական գնահատականներով՝ հենց այս գործընթացի մեջ է ներքաշված երկրի խոշոր բանկերից մեկը՝ Ադրբեջանի միջազգային բանկը: Հիմա պաշտոնական լրատվությունը հեղեղված է տեղեկատվությամբ, որ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում այդ բանկը փրկելու համար: Որովհետև նման մասշտաբի բանկի սնանկացումը, ըստ պաշտոնական լրատվամիջոցների՝ անկառավարելի գործընթացներ կնախաձեռնի ֆինանսատնտեսական կյանքում:
Այլ կերպ ասած՝ նորաստեղծ ֆինանսական կազմակերպությունների հսկողության պալատն արդեն սանձազերծել է սեփականության վերաբաշխման նոր գործընթաց: Իսկ դրա պատճառը կարող են ներկայացնել հարևան երկրի ներքին քաղաքական կյանքին հետևող փորձագետները: Այդ երկրի կառավարական շրջանակներում կլանային պայքարը նոր փուլում է հայտնվել: