Տայվանի իշխանություններն արգելել են շան ու կատվի միս ուտել
Տայվանի իշխանությունները պաշտոնապես արգելել են շուն ու կատու մորթել նրանց միսն օգտագործելու համար: Ինչպես հայտնել է The China Post թերթը, կենդանիների պաշտպանության օրենքի համապատասխան ուղղումը կղզու խորհրդարանի կողմից հաստատվել է ապրիլի 11-ին։
Իշխանություններն օրենքից դուրս են հայտարարել ոչ միայն ընտանի կենդանիների մսի վաճառքն ու օգտագործումը, այլեւ խստացրել են նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ նրանց ծաղր ու ծանակի ենթարկելու համար սահմանված պատիժը: Օրենքը խախտողներին տուգանքներ են սպառնում 6,5 հազարից մինչեւ 65 հազար դոլարի չափով, ինչպես նաեւ բանտարկություն մինչեւ երկու տարի ժամկետով:
Բացի այդ, օրենքով նախատեսվում է հրապարակել նման հանցագործությունների դեպքերը՝ հանրությանը ներկայացնելով սպանդագործների անունները եւ նրանց լուսանկարները:
Այս նորամուծությունը, ինչպես նշվում է, առաջին անգամ է ընդունվել Ասիայում, որտեղ մի շարք երկրներում տարածված է կերակրի մեջ շների եւ կատուների միսն օգտագործելու պրակտիկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: