«Վրաստանը և Հայաստանը ունեն դեռ չօգտագործված մեծ ներուժ». Միխեիլ Ջանելիձե

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց իր գոհունակությունը երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված բանակցությունների վերաբերյալ եւ հայտնեց իր պատրաստակամությունը նպաստել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:

«Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Վրաստան էր ժամանել նախորդ տարվա օգոստոսի 1-ին, եւ ես ուրախ եմ, որ այսօր ինձ տրվել է պատասխան այց իրականացնելու հնարավորություն, որի ընթացքում մենք քննարկել ենք երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր երկու երկրների միջեւ: Հարկ է նշել, որ ես եւ պարոն նախարարը պարբերաբար հանդիպումների  հնարավորություն ունենք տարբեր միջազգային ատյաններում:

Հայաստանն ու Վրաստանը բազմադարյա բարեկամության եւ բարիդրացիության ավանդույթներով են կապված, սակայն այս տարի հատկապես խորհրդանշական է, քանի որ երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս տարիների  ընթացքում համատեղ  ջանքերի շնորհիվ եղել է վստահության վրա հիմնված փոխշահավետ գործընկերության զարգացում»,- ասաց Վրաստանի արտգործնախարարը:

Նա նշեց, որ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման համար բոլոր հնարավոր ուղղությունները, ընդգծվել են երկու կողմերի ձգտումը ավելի ինտենսիվ դարձնել քաղաքական երկխոսությունը:

Կարդացեք նաև

«Նաեւ քննարկել ենք առկա առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, համագործակցության զարգացման այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության, արվեստի ոլորտները:

Նշվել է նաեւ, որ Վրաստանը եւ Հայաստանը ունեն դեռ չօգտագործված մեծ ներուժ:  Նշվել է երկու երկրների տարանցիկ ներուժի օգտագործման կարեւորության,  տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման, այդ թվում Սեւծովյան նավահանգստի ենթակառուցվածքների օգտագործման մասին:

Երկկողմ հարաբերությունների հարցերի հետ միասին հատուկ անդրադարձ է կատարվել միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանում առկա մարտահրավերներին: Մենք քննարկել ենք խաղաղության եւ անվտանգության պահպանմանն ուղղված հարցեր  տարածաշրջանում կայունության հաստատման համատեքստում:  Գոհունակությամբ շեշտվել է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային պայմանագրի բանակցությունների ավարտի, ինչպես նաեւ Վրաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցերի մասին»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս