Մի ժամանակ մենք ապրում էինք սարերում: Այդ սարերը բրդոտ շների պես փռված էին ոտքերի մոտ: Այդ սարերը վաղուց արդեն ձեռնասուն էին դարձել, կրելով մեր կացարանների, մեր պատերազմների, մեր երգերի անհանգիստ բեռը: Մեր խարույկները խանձել են նրանց բուրդը:
Մի ժամանակ մենք ապրում էինք սարերում: Ոչխարների ամպերը ծածկում էին ծաղկած լանջերը: Գետերը` սրընթաց, փրփրած, ճերմակ, ինչպես դանակն ու ցասումը, շրջանցում էին խոնավ գլաքարերը: Արեւը հալվում էր պինդ հայկական ծոծրակների վրա: Թփերում թափառում էին ստվերները, վախեցնելով զգուշավորներին:
Տարիներն անցնում էին, շալակն առնելով հալչող արեւի ծանրությունը, հովհարելով տեղական ամսագրերով, քայլերը դանդաղեցնելով, էսկիմո գնելու համար: Տարիներն անցնում էին…
Մի ժամանակ մենք ապրում էինք սարերում: Հիմա մենք բնակվում ենք կոոպերատիվներում:
Երեկ զանգեց իմ քեռի Արմենակը.
– Ծնունդիս օրն արի ինձ մոտ: Ես ծնվել եմ` վաղը: Որ չգաս` կնեղանամ ու կխփեմ…
Իմ ժամանման պահին հյուրերն արդեն հավաքված էին:
– Չորս տարի քեզ չեմ տեսել,- ուրախացավ քեռի Արմենակը,- իսկականից կարոտել եմ:
– Տասնմեկ տարի քեզ չեմ տեսել,- վրա բերեց քեռի Աշոտը,- սարսափելի կարոտել եմ:
– Առաջին անգամ եմ քեզ տեսնում,- դեպ ինձ քայլեց քեռի Խորենը,- խենթանալու չափ կարոտել եմ:
Այդժամ բոլորը հեկեկացին, իսկ ես գնացի խոհանոց: Ես ուզում էի գրկել Սիրանուշ մորաքրոջս:
Երեսուն տարի առաջ Արմենակն առեւանգել էր նրան ծեր Բեգլարի տնից: Ահա թե բանն ինչպես էր եղել:
Արմենակը շիկակարմիր արշավաձիով մոտեցավ Թերմաթեուզովների տանը: Այնտեղ նա արշավաձիուն դեմ տվեց ցանկապատին ու գոչեց.
– Բեգլար Ֆոմիչ, ես քեզ հետ գործ ունեմ:
Զրնգուն հուլիսյան կեսօր էր: Բեգլար Ֆոմիչը ելավ առմուտք ու բարկացկոտ հարցրեց.
– Արդյո՞ք դու պատրաստվում ես առեւանգել իմ միակ աղջկան:
– Ես դեմ չեմ,- համաձայնվեց քեռիս:
– Ո՞վ է քեզ նրան երաշխավորել:
– Սարգիսն է երաշխավորել:
– Եվ դու որոշել ես նրան գողանա՞լ:
Քեռիս գլխով արեց:
– Հաստատ որոշե՞լ ես:
– Հաստատ:
Ծերուկը ծափ զարկեց: Անմիջապես հայտնվեց Սիրանուշ Բեգլարովնա Թերմաթեուզովան: Նա դեմքը բարձրացրեց, եւ աշխարհում մեկեն հաստատվեց նրա մուգ աչքերի մուժը: Անկասելի տեղաց նրա վարսերի տեղատարափը: Պարտված արեգակն ընկրկեց մոշի մացառուտների մեջ:
– Ձեզ երջանկություն եմ ցանկանում,- ասաց Բեգլարը,- մի հապաղեք: Հետապնդման կուղարկեմ մի քառասուն րոպեից: Տղաներս էլ հենց էդ ժամանակ բաղնիքից կգան: Կարծում եմ, նրանք կուզենան քեզ սպանել:
– Բնականաբար,- գլխով արեց Արմենակը:
Նա քայլեց դեպի ցանկապատը, բայց ահա պարզվեց, որ արշավաձին սատկել է:
– Ոչինչ,- ասաց Բեգլար Ֆոմիչը,- ես քեզ իմ հեծանիվը կտամ:
Արմենակը արտասվաթոր Սիրանուշին նստեցրեց ճանապարհային հեծանվի հենոցի վրա, դիմելով Բեգլարին.
– Կուզենայի, հայրիկ, որ հետապնդումը պատշաճ տեսք ունենար: Թող մաքուր վերնաշապիկներ հագնեն: Ես քո տղաներին գիտեմ: Հանկարծ էդ տղերքի պատճառով ստիպված չլինեմ կարմրել:
– Գնա ու մի անհանգստացիր,- հավաստիացրեց ծերուկը,- հետապնդումը ես կկազմակերպեմ:
– Մենք նրանց սպասում ենք սարի վրայի խորովածանոցում:
Արմենակն ու Սիրանուշը չքացան փոշու ամպում: Կես ժամ հետո նրանք նստած էին խորովածանոցում:
Եվս կես ժամ հետո դռները բացվեցին եւ ներխուժեցին Թերմաթեուզով եղբայրները: Նրանք մուգ կոստյումներով էին եւ մաքուր վերնաշապիկներով: Բրդոտ փափախները մխում էին նրանց թեթեւամիտ գլխներին: Կատաղի ճիչերից պատերի վրա խանձուտներ էին հայտնվում.
– Օ՜հ, շնագայլ,- գոչեց մեծը` Արամը,- դու գողացել ես մեր միակ քրոջը: Դու կմեռնես: Հե՜յ, ով կա մոտերքում, սպանեք նրան:
– Գրողը տանի,- թոթովախոսելով ասաց փոքրը` Լեւանը,- կներեք ինձ: Ես մեր հրացանը թողել եմ տաքսիի բեռնախցում:
– Լավ է, որ ես մեքենայի համարը գրել եմ,- հանգստացրեց միջնեկը, Գիգոն:
– Բայց մենք սիրում ենք իրար,- բացականչեց Սիրանուշը:
– Ահա թե ինչ,- զարմացավ Արամը: -Դա ուրիշ բան:
– Մանավանդ, որ մենք հրացանը կորցրել ենք,- հավելեց Գիգոն:
– Կարելի է եւ խեե՜ղդել,- ասաց Լեւանը:
– Ավելի լավ է խմենք,- խաղաղասիրաբար առաջարկեց Արմենակը:
Այդ ժամանակից ի վեր նրանք անբաժան էին…
Ես գրկեցի մորաքրոջս ու հարցրի.
– Առողջությունդ ո՞նց է:
– Վատառողջ եմ,- պատասխանեց Սիրանուշ մորաքույրը: -Տեսնեմ, պետք է պոլիկլինիկա անցնել:
– Դու քո անձնագրի մեջ տես,- արձագանքեց անտաշ Արմենակը: Եվ ավելացրեց,- այնտեղ ամեն ինչ գրված է:
Այդ ընթացքում հյուրերը նստեցին սեղանի շուրջ: Կենտրոնում առկայծում էր դոնդողի հոկեյի դաշտը: Ալ վարդի պես ծաղկում էր խոզապուխտը: Վինեգրետի խրթին նախշը ժխտում էր պանիրների ու կարագների երկրաչափական պարզությունը: Երշիկների շերտադարսվածքները միտք էին ներշնչում դրանց չարագույժ նախապատմության մասին: Ծովատառեխների զրահները աղոտ արտացոլում էին գերմանական որմնալամպերի ճառագայթները:
Խորեն քեռին բարձրացրեց գավաթը: Բոլորը լռեցին.
– Ես ուրախ եմ, որ մենք միասին ենք,- դա հիասքանչ է: Վաղուց արդեն հայերի համախմբվելու ժամանակն է: Իհարկե, բոլոր ժողովուրդները հավասար են: Եվ սպիտակները, եւ դեղինները, եւ կարմրամորթերը…Եվ նրանք… Դե ի՞նչ էին դրանք: Դե՞: Սպիտակի ու նեգրի խառնո՞ւրդը:
– Ջորիները, ջորիները,- հուշեց ուսյալ Աշոտը:
– Հա, եւ ջորիները,- շարունակում էր Խորենը,- եւ ջորիները: Եվ, այդուհանդերձ, հայերը` առանձնահատւկ ժողովուրդ են: Եթե մենք համախմբվենք, բոլորը կհարգեն մեզ, նույնիսկ վրացիները: Դե ուրեմն խմենք մեր հայրենիքի համար, մեր սարերի համար…
Խորեն քեռին ծանր կյանք էր ապրել: Մինչեւ պատերազմը նա ինչ-որ տեղ կառավարում էր մատակարարումը: Հետո պակասորդ հայտնաբերվեց` միլիոն:
Դատը մի ամիս շարունակվում էր:
– Դուք դատապարտված եք,- հանդիսավոր ազդարարեց դատավորը,- բացառիկ պատժաչափի, գնդակահարության:
– Վայ,- գոչեց Խորեն քեռին ու ընկավ հատակին:
– Կներեք,- ժպտաց դատավորը,- ես կատակեցի: Պայմանական տասը օր…
Ծերանալով, Խորեն քեռին սիրում էր պատմել, թե ինչպես էր նա տանջվել եզովշչինայի տարիներին…
Սեղանի շուրջ աղմկալի էր: Գինու բծերը սփռոցը աշխարհագրական քարտեզի էին նմանեցրել: Ափսեների սողվածքները արհավիրք էին սպառնում: Դոնդողի դողդողացող ավերակներում ճերմակին էին տալիս ծխախոտամնացուկները:
Քեռի Աշոտը բարձրացրեց գավաթն ու բացականչեց.
– Խմենք մեր հոր կենացը: Հիշո՞ւմ եք, թե ինչ իմաստուն մարդ էր նա: Հիշո՞ւմ եք, թե ոնց էր նա մեզ մտրակով ծեծում:
Հանկարծ Արմենակ քեռին շրխկացրեց փորին: Հետո նա քացով խփեց ողորկված սպասքապահարանին: Սկսվեցին պարերը:
Խորեն քեռին դեպ ինձ շրջվեց եւ ասաց.
– Օղին քիչ է: Դու ամենապատանին ես: Գնա գաստրոնոմ:
– Իսկ հեռո՞ւ է,- հարցնում եմ:
– Այնտեղ,- երկու թաղամաս ու հետդարձը` մոտավորապես նույնքան:
Ես ելա փողոց, մեջքիս ետեւում թողնելով խմբերգի որոտմունքն ու պարային դղրդյունը: Այնպիսի զգացողություն էր, ասես երկու հարյուր մարդ միանգամից կրնկակոշիկներ էր փորձում…
Տասնհինգ րոպեից ես վերադարձա: Քեռուս կացարանին էին մոտենում հրշեջ մեքենաները: Պատշգամբներում կանգնած էին հետաքրքրասերները:
Չորրորդ հարկի պատուհաններից ծուխ էր գալիս, լուծվելով երկնքի կապույտ տարածության մեջ:
Բացվեց շքամուտքի դուռը: Միլիցիոներները ձեռքերից բռնած դուրս բերեցին քեռի Արմենակին:
Ինձ տեսնելով՝ քեռիս աշխուժացավ.
– Վաղուց արդեն ժամանակն է, որ հայերը համախմբվեն,- գոչեց քեռիս:
Եվ քայլեց դեպի իմ կողմը:
Բայց միլիցիոներները պինդ բռնել էին նրան: Նրանք տանում էին քեռուս վանդակապատ մեքենայի կողմը: Դուռը փակվեց: Մեքենան չքվեց ոլորանի ետեւում…
Սիրանուշ մորաքույրը պատմեց ինձ, թե ինչ էր պատահել: Պարզվում է, քեռիս առաջարկել էր խարույկ անել ու խորոված սարքել:
– Դու պարկետը կկեղտոտես,- նրան կանգնեցրեց Սիրանուշը:
– Ես պայուսակիս մեջ մի քիչ տանիքի երկաթ ունեմ,- ասաց Խորեն քեռին:
– Բեր էստեղ,- հրամայեց քեռիս, աչք ածելով ֆիննական գարնիտուրը…
Մի ժամանակ մենք ապրում էինք սարերում: Նրանք երամակներով հածում էին Ռուսաստանի հարավային սահմանների երկայնքով: Մենք նրանց վարժեցրինք գերությանն ու լծին: Մենք չենք դադարել նրանց սիրել: Բայց այդ սերը մնացել է միայն երգերում:
Մի ժամանակ մենք ավելի թուխ էինք: Օրերով փռվում էինք Սեւանի ափին: Իսկ գեղեցիկ աղջիկ տեսնելիս, տաշեղով փորերիս վրա սիրո խոսքեր էինք գրում:
Մի ժամանակ մենք ձի հեծած վարգում էինք: Իսկ հիմա ճողփում ենք տրոլեյբուսի լճախորշերում: Եվ հընթացս նիրհում ենք:
Մի ժամանակ մենք իջնում էինք մառան: Իսկ հիմա գաստրոնոմ ենք վազում:
Մենք նորակառույցների ուղղաբերձ թեքությունները սարերից գերադասեցինք:
Մենք նեղացնում ենք կանանց ու պարկետի վրա խարույկներ ենք վառում:
ԲԱՅՑ ՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԷԻՆՔ ՍԱՐԵՐՈՒՄ:
ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Բանը տեղի է ունենում Մոժայսկու ակադեմիայի սպորտային դահլիճում: Բոլոր տղամարդիկ այստեղ` լայնաթիկունք են: Խաղասպարեզը լուսավորված է լյումինիսցենտային ջահերի չորս հանգույցներով: Խորդուբորդ գորգի վրա դոփում են Ռուսաստանի առաջնության եզրափակչի մասնակիցները: Կենտրոնական սեղանի մոտ Ժյուլվեռն Խաչատուրյանն է, ով Մելբուռնի Օլիմպիական խաղերի ժամանակ ստացել էր Ռուսական Առյուծ մականունը:
Մի տարի առաջ Խաչատուրյանը համալսարան էր ընդունվում: Նա դիմորդներից ամենալայնաթիկունքն էր:
Ռուս գրականության քննություն էր: Խաչատուրյանը բոլորին հարցնում էր.
– Կներես, քեզ ի՞նչ հարց է ընկել:
– Պուշկին,- ասում է մեկը:
– Բախտս բերեց,- բացականչում էր Խաչատուրյանը,- հենց դա էլ ես չեմ սովորել:
– Լերմոնտով,- ասում է մյուսը:
– Բախտս բերեց,- գոչում էր Խաչատուրյանը,- հենց դա էլ ես չեմ սովորել:
Վերջապես հասավ հենց իր հերթը: Դատավորը հանեց տոմսը: Այնտեղ գրված էր` «Գոգոլ»:
– Վայ,- գոչեց Խաչատուրյանը: -Ինչպիսի անհաջողություն: Չէ՞ որ հենց դա ես չեմ սովորել…
Սակայն մենք շեղվեցինք:
Իրազեկիչը արտաբերեց միկրոֆոնի մեջ.
– Ուշադրություն: Եզրափակիչ գոտեմարտերը շարունակվում են: Երկնագույն անկյունում Արկադի Դիսինն է Չելյաբինսկից: Կարմիրում` Օլեգ Գարբուզենկոն է Մելիտոպոլից:
Հենց այդ ժամանակ ապտակի ձայն հնչեց: Ինչպես պարզվեց` համեստ ծափահարություններ էին:
Մարտիկները միմյանց ձեռք սեղմեցին ու սկսեցին տնտնալ:
Նրանցից յուրաքանչյուրը մի ցենտներ քաշ ուներ: Յուրաքանչյուրը քառասունն անց էր: Երկուսն էլ անկարգ էին քայլում, իսկ մարտը մանկուց ատում էին:
Մարտիկները միմյանց ձեռք էին տալիս, խփում էին վզներին, հազում եւ հանգստանում էին՝ փորերը միացնելով:
– Պասիվ պայքար է,- գոչեց իրազեկողը,- սպորտսմեններին դիտողություն է արվում:
Սակայն Դիսինն ու Գարբուզենկոն չէին արձագանքում: Նրանք սկսեցին ավելի նրբանկատ պայքարել: Երկուսն էլ գիտեին իրենց գործը: Երկուսն էլ հիշում էին վաղեմի մարտերը: Բրա ռուլե, կրկնակի նելսոն, բռնելակերպը, տակից կտրելը… կոպիտ բրեզենտե գորգը հանկարծ վեր է թռչում եւ հրեշային ցասումով խփում է ծոծրակիդ…
– Կապույտը չի մարտնչում,- գոռում էին հանդիսատեսները: -Խալտուրա: Կարմիրն էլ չի պայքարում…
Սակայն Դիսինն ու Գարբուզենկոն չէին արձագանքում: Մարտը նրանք ատում էին, իսկ հանդիսատեսներին քամահրում էին:
Հանկարծ ինչ-որ բան պատահեց: Տագնապի ու անհանգստության զգացողություն հայտնվեց: Կարծես միջազգային օդանավակայանում կանգնել էր ժամացույցը: Հանդիսատեսներն ու մարտավկաները սկսեցին շուրջբոլորը նայել: Մարտիկները, միմյանց հենված, հոգնած քարացել էին:
Բոլորը հայացքները հառել էին գլխավոր դատավորի վրա: Բանն այն է, որ Ժյուլվեռն Խաչատուրյանն անվրդով նիրհել էր, գլուխը հակած դատավորական արձանագրությունների կույտի վրա:
Խաչատուրյանը քնած էր: Ներկաները չէին համարձակվում նրան արթնացնել: Մրցադատավորներն ու կողմնային դատավորները գնացել էին խորովածանոց: Հանդիսատեսները թերթ էին կարդում, գործում էին, գուլպաներն էին կարկատում, տուրիստական երգեր էին երգում:
– Եթե դու իմանայիր, թե ինչպես եմ ես ատում սպորտը,- ասաց Արկադի Դիսինը,- ես ճնշում ունեմ:
– Ես նույնպես,- ասաց Գարբուզենկոն:
– Նույնպես ճնշո՞ւմ:
– Չէ, նույնպես ռադիկուլիտ: Գումարած անքնությունը: Երեկոյան պառկում ես, իսկ հետո` ամբողջ օրն առանց քնի: Մե՛կ մեկը, մե՛կ մյուսը…
Վերջ տալու ժամանակն է, ծերուկ:
– Վաղուց է ժամանակը…
– Կներես, ո՞վ տարավ,- հետաքրքրվեց արթնացած Ժյուլվեռն Խաչատուրյանը:
– Ինչ տարբերություն,- պատասխանեց Գարբուզենկոն:
Հետո նա նստեց գորգի վրա ու ծխեց:
– Ինչպե՞ս թե,- անհանգստացավ Խաչատուրյանը: -Չէ՞ որ արտասահմանցիները հետեւում են: «Ծաղկում էին խնձորենիներն ու տանձենիները»,- քնքշորեն երգեց նա դեպի արեւմտյան թղթակիցների կողմը:
– «Լողաց մշուշը գետի վրայով»,- աշխույժ արձագանքեցին թղթակիցներ Հարրի Զոնթն ու Բիլլի Արդը:
– Արկաշան տարավ,- ասաց Գարբուզենկոն,- նա սիրուն է, թող նրան էլ լուսանկարեն:
– Դու էլ ոչինչ,- առարկեց Արկադի Դիսինը,- դու` թուխ ես:
– Կարճ ասած, դու ես դատավորը, Ժյուլվեռն Արամովիչ, դու էլ որոշի,- արտահայտվեց Գարբուզենկոն:
– Ինչ դատավոր,- գլուխը տարուբերեց Խաչատուրյանը,- Աստված ձեզ դատավոր, տղերք:
– Գաղափար է,- ասաց Դիսինը, հանեց մետաղադրամը, գցեց այն գորգի վրա:
– Ղուշ,- գոչեց Գարբուզենկոն:
Դիսինը մտածմունքի մեջ ընկավ:
– Գիր,- վերջապես շշնջաց նա:
Խաչատուրյանը առաջ եկավ, լաքապատ ճիտքակոշիկի ծայրով ճզմեց մետաղադրամը:
– Հաղթեց ընկերությունը,- հանդիսավոր բացականչեց նա:
Ծափահարություններ հնչեցին: Սպորտսմենները լքեցին դահլիճը, ելան փողոց: Անկյունից, օրորվելով, դուրս եկավ տրոլեյբուսը: Ընկերները բարձրացան ճամփորդասրահ:
Երեք պառվուկ նրբանկատորեն նրանց տեղ զիջեցին:
ԲԼՅՈՒԶ ՆԱԹԵԼԱՅԻ ՀԱՄԱՐ
Վրաստանում ավելի լավ է: Այնտեղ ամեն ինչ այլ կերպ է: Ավելի շատ գինի, փող եւ հերոսություն: Ժեստերն ավելի ընդարձակ են, ու ափն ավելի մոտ է դանակի կոթին…
Վրաստանի կանայք խիստ են, վախլուկ, նրանց ետքից մի կատակիր։ Ամեն ոք գիտի` թավ հոնքերի բարիկադներն անառիկ են:
Վրաստանում կլիմա չկա: Կա լոկ արեւ ու ստվեր: Ամռանը ստվերներն ավելի կարճ են, ձմռանը` ավելի երկար, եւ վերջ:
Վրաստանում` ավելի լավ է: Այնտեղ ամեն ինչ այլ կերպ է…
Ես ձեռքիս մեջ սեղմում եմ այս ժանգոտած գրիչը: Մատներս դողում են, ահից սառչում են: Չէ՞ որ գործիքը չափազանց կոպիտ է: Ուր է թե՝ ես գրեմ քո դիմանկարը: Քո դիմանկարը, Բոկուչավա Նաթելա:
Օ՜ Նաթելա: Դու մորուքավորների եւ ուժեղների խնջույքի թասն ես: Դու` տուրուդմբոցից հետո աղբյուրի ջրի կումն ես: Դու` տեղատարափ ես, որը վրա է հասել մեզ սարերում: Եվ ծառն ես, որի տակ մենք փրկվել ենք տեղատարափից: Եվ ծառը ցաքուցրիվ անող կայծակն ես… Դու` հիասքանչ երկրի պատանությունն ես…
Ամեն առավոտ Նաթելան ճեղքում է Արագվայի ծանր ջրերը: Ափին մնում է քարով սեղմված սարաֆանը, ժամացույցն ու ամառային կոշիկները:
Նաթելան լող է տալիս ջրի տակ փոփոխական ճերմակելով: Ափին կամացուկ շրշում են «իզաբել» խաղողի թփերը: Իսկ թփերի ետեւում մոլեգնում են կրքերը: Այնտեղ վաղուց ծնկածալ նստած է Արչիլ Փիրաձեն, զոոտեխնիկը:
Մի ժամ առաջ Արչիլ Փիրաձեն տնից դուրս էր եկել:
– Արչիլ,- հայտարարեց նրան պառավ Կեկե Փիրաձեն,- ես սպասում եմ: Ես անհանգստանում եմ, երբ դու չկաս: Ահա տես, ես թքում եմ շեմին: Մինչեւ դրա չորանալը, դու պետք է վերադառնաս:
– Լավ,- ասաց Արչիլը:
Պառավը թքեց ու գնաց տուն: Այդժամ նրա տղան սկսեց գործել: Նա սանդղամուտքի տակից հանեց ժանգոտած հրացանը: Հետո լիցքավորեց այն եւ ուղեւորվեց դեպի գետը:
Հիմա նա ծնկածալ նստել ու սպասում է: Վերջապես Արագվայի ջրերը հոծանում են: Նաթելան քայլում է ողորկ քարերի վրայով…
Աշխարհում ի՞նչն է այս պատկերից առավել հիասքանչ: Եվ ի՞նչ է` Արչիլ Փիրաձեի համար դա տեսնելը: Արչիլի համար, ով ուշակորույս է լինում նույնիսկ ձի պատկերող գիպսե քանդակից:
Եվ այդ ժամանակ Արչիլ Փիրաձեն վերցնում է իր ժանգոտած հրացանը: Նա այն ավելի ու ավելի վեր է բարձրացնում: Հետո սեղմում է ձգանը:
Ծուխը դանդաղ ցրվում է, թնդյունը լռում է: Լեռներում դադարում է հեռավոր արձագանքը:
– Դա նորից դո՞ւք եք, Փիրաձե,- խիստ ասում է Նաթելան: -Ես այդպես էլ գիտեի: Ինչքա՞ն կարող է սա շարունակվել: Ես վաղուց ասել եմ, որ ձեր կինը չեմ լինի: Ինչո՞ւ եք դուք դա անում: Ինչո՞ւ ամեն օր կրակում եք ինձ վրա: Ինչ-որ մի անգամ դուք արդեն նստել եք տասնհինգ օր բռնաբարության համար: Դա ձեզ քի՞չ է, Արչիլ Լուարսաբովիչ:
– Ես այլ մարդ եմ դարձել, Նաթելա: Չե՞ս հավատում: Ես ինստիտուտ եմ ընդունվել: Ավելին, ես` ուսանող եմ:
– Դրան հավատալը դժվար է:
– Ես գրքեր ու տետրեր ունեմ: Կա «Քիմիա» անունով մի դասագիրք: Ուզո՞ւմ ես տեսնել:
– Կաշառք ինչ-որ մեկին տվե՞լ եք:
– Պատկերացրու, ոչ: Անվճար հեռակայի ուսանող եմ:
– Ես ուրախ եմ ձեզ համար:
– Դե ուրեմն վերադարձիր, Նաթելա: Դու ամեն ինչ կունենաս` պատեֆոն, սառնարան, կով: Մենք կճամփորդենք:
– Ինչո՞վ:
– Կարուսելով:
– Ձեր հանդեպ ողջ համակրանքով հանդերձ, չեմ կարող:
– Ես փոխվել եմ,- բացականչեց Փիրաձեն: -Սովորում եմ: Հետո ինձ ամեն ինչ տարափով է հասնում: Նաթելա:
– Չեմ կարող: Լենինգրադում, ավաղ, ինձ սպասում է ասպիրանտ Ռաբինովիչ Գրիգորին, ես նրան խոսք եմ տվել:
– Ես էլ ասպիրանտ կդառնամ: Շատ գրքեր կկարդամ։ Կարելի է ասել՝ ես արդեն մեկը կարդացել եմ:
– Ինչպե՞ս է այն կոչվում:
– Այն կոչվում է` վիպակ:
– Եվ ուրիշ ոչի՞նչ:
– Այն կոչվում է` Սերաֆիմովիչ:
– Անձամբ ինձ Տոլստոյն ավելի է դուր գալիս,- ասաց Նաթելան:
– Ես բոլոր գրքերը կկարդամ: Թող չանհանգստանա:
– Կամաց,- ասաց Նաթելան: -Դուք լսո՞ւմ եք:
Թփերի ետեւից քնքուշ ձայներ էին գալիս.
Դու ասացիր ինձ` ոչ,
Եվ ձյան վրայով, էխ, ձյան վրայով գնացիր:
Խստաշունչ էր պատասխանը քո,
Գիշերը տանջանքների մեջ,
ախ, տանջանքների մեջ անցավ…
Ճանապարհով դանդաղ գնում էր կինոմեխանիկ Գիգո Զանդուկելին ռազմաավարային հրացանով: Երեսունվեց տարի զենքը հողի տակ էր: Նրա փայտյա կոթը ծաղկել էր նորածիլ շյուղերով: Փողից ցցվել էր գեորգինը:
Տեսնելով Նաթելային ու Փիրաձեին, Գիգոն կանգ առավ: Այժմ նա հրացանը թեք ընկած էր բռնել:
– Դուք եկել եք, որ ինձ սպանե՞ք, Գիգո Ռաֆայելովիչ,- հարցրեց Նաթելան:
– Փոքր-ինչ հա,- պատասխանեց Գիգոն:
– Ձեր արածն էլ էն է, որ ինձ սպանեք: Մեկ դուք, Արչիլ. մեկ դուք, Գիգո: Միայն ասպիրանտ Ռաբինովիչ Գրիգորին է, որ սուսիկ իր դիսերտացիան է գրում սիպեների մասին: Նա իսկական տղամարդ է: Ես նրան խոսք եմ տվել…
Այդժամ մեջ ընկավ Փիրաձեն.
– Քեզ ո՞վ է իրավունք տվել, Գիգո, սպանել Բոկուչավա Նաթելային:
– Իսկ քեզ ո՞վ է էդ իրավունքը տվել,- հարցրեց Զանդուկելին:
Միաժամանակ երկու կրակոց հնչեց:
Թնդյուն, ծուխ, որոտալից արձագանք: Այնուհետեւ` Նաթելայի տրտմալի եւ կշտամբական ձայնը.
– Աղաչում եմ ձեզ, մի վիճեք: Ընկերներ եղեք, Գիգո եւ Արչի:
– Եվ ճիշտ է,- ասաց Փիրաձեն,- ինչո՞ւ զուր արյուն: Ավելի լավ չէ՞ մի շիշ գինի խմենք:
– Թերեւս,- համաձայնվեց Զանդուկելին:
Փիրաձեն գրպանից հանեց «փոքրը»: Ատամներով պոկեց թիթեղյա կափարիչը:
– Գավերը լցնե՞նք,- ասաց նա:
Գլուխը ետ գցելով, Փիրաձեն հաճույքով ըմպեց: Շիշը փոխանցեց Գիգոյին: Նա չստիպեց իրեն համոզել:
– Ափսոս, ակռատելու բան չկա,- ասաց Արչիլը:
– Ես կոճղեգ ունեմ,- ուրախացավ Զանդուկելին,- բռնի: Ես համենայն դեպս հետս վերցրել էի. ձերբակալելու դեպքում պետք կգար:
– Կենացդ, Ռաբինովիչ Գրիգորի,- ասացին նրանք՝ ըմպելով…
Երկու շաբաթ այդպես արագ թռան: Արձակուրդն ավարտվեց: Մեր արդյունաբերական քաղաքում խոնավ է ու նեղվածք:
Վաղը մի Կենտրոնական Կոնստրուկտորական Բյուրոյում ճարտարագետ Բոկուչավան կհակվի կուլմանի առաջ: Նրա արեւառ ձեռքերով կհիանան ջահել, ինչպես նաեւ՝ տարեց ծառայակիցները:
Նաթելան քայլում էր կառամատույցի երկայնքով: Վերջապես ետեւում են մնացել անիվների թխկոցն ու կայարանային խանձահոտը: Մոռացված են պատուհանների տակ փախչող հողաթմբերը: Մոռացված են մթին հյուղակները: Մոռացված են բոկոտն տղեկները, որոնք նայում են գնացքի ետեւից:
Աղջիկը կորավ ամբոխում, եւ ես համառորեն գնում էի նրա ետեւից: Ես գնում էի, թեեւ վաղուց արդեն տեսադաշտից կորցրել էի Բոկուչավա Նաթելային: Ես քայլում էի, քանզի պատկանում եմ տղամարդկանց մեծ դասին: Ես գիտեմ, որ կոպիտ, կույր, փնթի, հաշվենկատ, կասկածամիտ, գեր, անպատկառ` կգնամ մինչեւ վերջ:
Ես հպարտանում եմ քո ետքից նայելու անկապտելի իրավունքով: Իսկ քո ժպիտը ես համարում եմ հաջողություն: