Բաժիններ՝

«Ապրիլի 2-10-ն ամեն օր սպասել ենք՝ փափագելով, որ լավ լուր կլսենք, բայց այսօր միայն զգում եմ կարոտ, սրտի մրմուռ…». ասում է Արցախում զոհված Ժորա Եսայանի մայրը

«Ես չգիտեմ՝ մի քանի տարի հետո ինչ կասեմ ու ինչ կզգամ, բայց այսօր միայն զգում եմ որդուս բացակայությունը, կարոտ, սրտի մրմուռ, տանջանք. ուրիշ ոչինչ չեմ զգում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2016թ. ապրիլին Արցախում զոհված ժամկետային զինծառայող Ժորա Եսայանի մայրը՝ Մարինե Հակոբյանը։

Ժորայից ծնողները 10 օր լուր չեն ունեցել, իսկ այդ ընթացքում նրանց հեռախոսազանգերին պատասխանել են ադրբեջանցիները։

«Ժորան պոստեր բարձրանալիս հեռախոսը թողել էր զորամասում, և վերջին անգամ ինձ զանգահարել էր ընկերոջ հեռախոսահամարով, որին երբ զանգահարել եմ ամսի 3-ին, արդեն ադրբեջանցիներ էին պատասխանել։ Նրան ուղղակի վերցրին հեռախոսը, «ալո-ալո» ասացին, դրեցին իրենց գրպանում, և երբ խոսում էին, ես լսում էի կռվի ձայներ, կրակոցներ։ Նրանց խոսակցությունն ինձ անծանոթ էր։ Իսկ երբ ամսի 4-ին զանգահարեցինք, արդեն ռուսերենով խոսեցին, հարցրին՝ ո՞ւմ եք փնտրում։ Ես արդեն վախեցել էի, հասկացել էի, որ ադրբեջանցիներ են, և, եթե որդուս անունը տամ, գուցե նա ողջ է, ու վնասեն։ Ես անջատեցի հեռախոսը։ Ամուսինս հեռախոսը վերցրեց՝ գնաց վայենկոմատ, ու քանի որ մեր տարածքում Բաքվից եկած փախստականները շատ են, վայենկոմատում ադրբեջաներեն բառեր փոխանակել են, բայց էլի ամուսնուս չեն ասել, թե արդբեջանցիներն իրականում ինչ են ասում, միայն ասել են, թե իբր գտել են այդ հեռախոսը»,- պարզաբանեց տիկին Մարինեն։

Նա վերջին անգամ Ժորայի հետ խոսել էր ապրիլի 1-ին. «Ժամը 21։37 րոպեին ինքը զանգահարել էր, ասաց, որ հասել են պոստեր, ամեն ինչ նորմալ է։ Խոսեց նաև հոր հետ, հայրը խորհուրդներ տվեց։ Ժորան ասաց, թե սահմանից շատ հեռու է, չորրորդ-հինգերորդ գծում է, բայց պարզվեց, որ առաջնագծում է եղել»։

Մայրը պատմում է, որ մինչ բանակ գնալը որդին զբաղվում էր սպորտով. «9-րդ դասարանից դուրս եկավ դպրոցից, ուզում էր տեխնիկում ընդունվել, բայց հետո փոշմանեց։ Շատ մեդալներ ուներ կարատեից։ Ցածր դասարաններում շատ լավ էր սովորում, հետո գալիս է մի տարիք, երբ ընկերներն ասում են՝ արա, հո ղզի՞կ չես, որ լավ ես սովորում, ինքը սկսեց վատ սովորել, ու 9-րդ դասարանից դուրս եկավ։ Նպատակներ շատ ուներ. մորեղբայրը Ռուսաստանի բնակիչ է, ուզում էր գնալ նրա մոտ՝ արտագնա աշխատանքի։ Նա ասում էր՝ ես որ գնամ, էլ չեմ գա, Հայաստանում գործ չկա։ 9-րդ դասարանից երբ դուրս եկավ, այստեղ էլ զբաղվում էր տների վերանորոգման գործով»։

Տիկին Մարինեի խոսքով՝ որդին փակ բնավորություն ուներ, բայց նաև շատ խիզախ էր. «Հիմա հարևաններն էլ են ասում՝ ոտքը որ խփում էր գետնին, դղրդում էր։ Շատ նիհար էր, բայց բարձրահասակ, հաղթանդամ։ Երբեք բանակի կյանքից չի դժգոհել։ Ասում էր, որ խնդիր չունի, իրեն շատ լավ էր զգում, նույնիսկ խնդրում էր, որ նամակ գրեմ նախարարություն, որ եղբորն էլ իր մոտ տանեն։ Ոչ մի անգամ չի ասել՝ մամ, գիտե՞ք՝ ես առաջնագիծ եմ պահում։ Ես որ ասում էի՝ Ժոր ջան, մինչև պոստերից իջնում ես, ես մեռնում եմ, պատասխանում էր՝ մամ ջան, ես չորրորդ-հինգերորդ գիծ եմ, անգամ ադրբեջանցու կրակոցի ձայն չեմ լսում, դու հանգիստ քնիր»։

Տիկին Մարինեն նշեց, որ Ժորայի ու ընկերների վերջին մարտի մասին մանրամասներ ոչ ոք չգիտի. «Միայն գիտենք, որ իրենցից ոչ ոք կենդանի չի մնացել։ Ինքը 18 անհայտ կորածների մեջ էր, մեզ քննիչն է պատմել, թե հարձակումն ինչպես է եղել, բայց դիրքից ոչ ոք կենդանի չի մնացել, որ պատմի, թե կոնկրետ ինչ է եղել։ Ամսի 2-ից մինչև ամսի 10-ն ամեն օր սպասել ենք՝ փափագելով, որ լավ լուր կլսենք»։

Ժորայի երկու եղբայրներից մեկը ծառայում է բանակում, իսկ փոքր եղբայրը դպրոցական է. «Միջնեկ տղաս դեռ ծառայության մեջ է, եղբոր դեպքերի ժամանակ ինքը Քարվաճառում էր ծառայում, դեպքերից հետո տեղափոխեցին Էջմիածին։ Իրենք մեկ տարվա տարբերությամբ են գնացել բանակ, ապրիլի դեպքերի ժամանակ Ժորան 1 տարի 2 ամսվա ծառայող էր, իսկ Արսենը՝ երկու ամսվա։ Փոքր տղաս ութերորդ դասարանում է սովորում։ Եղբայրները երևի ամբողջ կյանքում ուշքի չեն գա. Ժորան այնքան հզոր եղբայր է եղել իրենց համար, նրանց թիկունքում կանգնած էր։ Ամբողջ կյանքում իրենք կտանջվեն»։

Ժորա Եսայանի ընտանիքն ապրում է վագոն-տնակում։ Ժորա Եսայանի մոր՝ Մարինե Հակոբյանի անունով «Արարատբանկում» հաշվեհամար է բացվել՝ 1510029744270100 ՀՀ դրամով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս