«Մենք Ժորայի մի կաթիլ արյան համար վրեժ ենք լուծելու, եթե զորացրվենք, մեր գլուխները բարձր՝ առաջինը ձեր օջախ ենք մտնելու». ասել են զոհված Ժորա Եսայանի ծառայակիցները
Արցախում զոհված ժամկետային զինծառայող Ժորա Եսայանից հարազատները 10 օրից ավելի լուր չունեին: Վերջին անգամ Ժորայի հետ խոսել էին ապրիլի 1-ին: Ժորան Ջեբրաիլում էր ծառայում: 1996թ. ծնված Ժորան շարքային զինծառայող էր, մոր խոսքով՝ 15 օր դիրքերում էր լինում, 15 օր՝ զորամասում:
Ժորան զբաղվում էր կարատեով, բազմաթիվ մեդալների է արժանացել: Օգոստոսին կլրանար Ժորա Եսայանի 20-ամյակը. Ծնողները որոշել էին այդ օրը գնալ Ժորային տեսության, նշել ծննդյան օրը: Ժորայի մայրը՝ տիկին Մարինեն, ասում է՝ որոշել էին այնպես նշել, որ Ջեբրաիլի բոլոր զինվորներին «պատիվ տային»: Ժորան երկու եղբայր ունի. մեկը ժամկետային զինծառայող է, մյուսը սովորում է դպրոցում: Ընտանիքն ապրում է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում:
Դարբնիկի դպրոցի փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արևիկ Սարգսյանը, ով Ժորայի դասղեկն է եղել, մտերիմ է եղել նրա հետ. ասում է՝ Ժորան որդու մտերիմ ընկերն է եղել, հաճախ է եղել իրենց տանը, վայելել է շրջապատի հարգանքն ու սերը, առանձնացել իր համեստությամբ, ազնվությամբ:
«Բոլորս դեռ սպասում ենք»
«Ժորաս շատ ազնիվ տղա էր, ընկերասեր, բոլորին հասնող: Արդեն մեկ ամիս է՝ Ժորան մեզ հետ չէ: Կարծես թե գյուղն էլ է մի տեսակ տխուր, որ Ժորան մեզ հետ չէ: Ընկերները գալիս, նստում են, ասում՝ Ժորան այդքան հավատարիմ էր բոլորին, ընկերասեր, եթե բոլորով հավաքվենք, Ժորան մեզ հետ չլինի, ինչպե՞ս կլինի: Ասում եմ՝ այդպես չասեք, Ժորան միշտ մեզ հետ կմնա: Մենք իրեն երբեք բացակա չենք դնի: Դպրոցում ամենամեծը մեր դասարանն էր: Երբ տանում էինք, որպեսզի մի հանրօգուտ աշխատանք կատարեն, բոլորի փոխարեն՝ աշխատում էր: Ասում էի՝ Ժորա՛ ջան, ինչո՞ւ չես թողնում, որ բոլորն աշխատեն: Ասում էր՝ չէ՛ (աղջիկների նկատմամբ շատ հոգատար էր, բոլոր աղջիկները սիրում էին Ժորային), ընկե՛ր Սարգսյան, իրենք դեռ շատ անելիք ունեն: Վայելում էր ուսուցիչների, ծնողների, շրջապատի հարգանքը»,- ասում է տիկին Սարգսյանը, ով Ժորայի մասին առանց հուզմունքի խոսել չի կարողանում:
Տիկին Սարգսյանի խոսքով՝ Ժորան պատմության, գրականության նկատմամբ մեծ սեր ուներ, լավ ասմունքում էր, հայրենասիրական թեմաներով ստեղծագործություններ էր սիրում. «Երբ մի հերոսի մասին միջոցառում էր լինում, անպայման ցանկանում էր այդ միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունենալ և միշտ անպայման զինվորի դերում լինել: Չգիտեմ, երևի ի վերուստ տրված էր, որ նա պետք է իր կյանքը զոհի՝ հանուն կյանքերի»: Տիկին Սարգսյանն ասում է՝ Ժորան բոլորին հասնում էր. «Ցածր դասարանի երեխաների համար երբեմն կարկանդակներ էր գնում: Ասում էի՝ Ժորա՛, մեկն էլ դու կե՛ր, տղա՛ս, ասում էր՝ չէ՛: Սիրում էր բոլորին: Բոլորն էլ իրեն էին սիրում»: Տիկին Սարգսյանն ասում է՝ Ժորան իր համեստությամբ էր առանձնանում, երբեք չէր ստում, ազնիվ էր. «Վերջին պատառ հացն էլ ընկերոջ հետ կկիսեր: Հիշում եմ՝ դասարանի տղաներից մեկի հայրը մահացավ: Ժորան դասարանի բոլոր երեխաներին հավաքեց, ասաց՝ մենք պետք է այդ տղայի կողքին լինենք, չէ՞ որ նրա եղբայրներն ու քույրերն ենք: Այսօր այդ տղան Գորիսում է ծառայում: Զանգում ու ասում է՝ Ժորան ինձ հասավ, իսկ ես Ժորային չհասա: Ասում եմ՝ Ժորան օրինակ հանդիսացավ բոլորիս համար: Ուսուցիչները շատ էին սիրում իրեն, հարգում էին: Նստում, հետը զրուցում էին: Ինչքան անճար մարդ կար, Ժորան կհասներ»: Տիկին Սարգսյանն ասում է՝ արդեն մեկ ամիս է՝ Ժորան մեզ հետ չէ, բայց այս մեկ ամսվա ընթացքում գյուղում մի երիտասարդ չի տեսել, ում դեմքին ժպիտ լինի. «Բոլորս կարծես թե սպասում ենք՝ ուր որ է, Ժորան մի տեղից պիտի դուրս գա: Բոլորս դեռ սպասում ենք»:
«Ասում էր՝ իսկապես որ ծառայելը տղամարդու գործ է»
Տիկին Սարգսյանի խոսքով՝ Ժորան շատ ակտիվ է եղել ռազմագիտության դասերին, ցանկացել է տեղյակ լինել ամեն ինչի մասին, տարբեր հարցեր էր տալիս ուսուցչին. «Երբ շարային էին կանգնում, ինքն առաջինն էր կանգնում: Ամենաբարձրահասակն ինքն էր ու այնքան խրոխտ էր երգում քաջ Վարդանի երգը: Միշտ ասում էի՝ Ժորա՛, երբ քեզ տեսնում եմ այդ երգը երգելիս, ակամայից ինձ համար ամեն ինչ այնքան հեշտ է թվում, թվում է, թե դու մի արծիվ ես, որ սավառնում ես: Իսկ այսօր ես զգացի, որ իմ արծիվը սավառնում է երկնքում՝ մեզանից հեռու, որպեսզի ապահովի մեր կապույտ երկինքը»:
Տիկին Սարգսյանը հիշում է, որ, երբ դասերից մեկի ժամանակ պատմել է Հովհաննես Թումանյանի «Գիքորը», Ժորան հարցրել է, թե Բազազ Արտեմը որտե՞ղ է ապրում: «Ասում էր՝ մեծանամ, անպայման պետք է գնամ Բազազ Արտեմին տեսնեմ: Հարցնում էր՝ որտե՞ղ է ապրում, պատասխանում էի՝ Թիֆլիսում: Տեսեք, թե որքան բարություն կար իր մեջ, որ նա փոքր տարիքում այդպիսի հարց տվեց»: Տիկին Սարգսյանը պատմում է, որ, երբ փոքր տարիքում Ժորային աղջիկների կողքին էր նստեցնում, նա չէր նստում. «Հարցնում էի՝ Ժորա՛, ինչո՞ւ չես նստում աղջիկների կողքին: Ասում էր՝ չգիտեմ, ընկե՛ր Սարգսյան, ես տղա եմ»:
Ժորայի երկար տարիների ուսուցչուհու խոսքով՝ երբ արձակուրդ է եկել, Ժորան միայն դրական բաներ է պատմել: «Ասում էի՝ Ժորա՛, դու չափազանցություններ չունեիր, այդքան չափազանցությունները որտեղի՞ց ծնվեցին: Ասում էր՝ չէ՛, իսկապես որ ծառայելը տղամարդու գործ է»,- պատմում է տիկին Սարգսյանը: Նրա խոսքով՝ դասարանի աղջիկներից մեկին մյուսները հաճախ էին նեղացնում, իսկ Ժորան պաշտպանում էր. «Հենց Ժորան բացակայում էր, այդ աղջիկն այնպես էր տխրում: Թվում էր՝ Ժորան թիկունք էր այդ աղջկա համար: Միշտ ասում էր՝ ոչ ոք իրավունք չունի նրան դիպչելու: Երբ ինքը դասը սովորած էր լինում, անպայման ձեռք էր բարձրացնում: Ասում էի՝ Ժորա՛, ուրեմն դասը սովորել ես, քեզ այսօր չեմ հարցնելու: Ասում էր՝ չէ՛, ես պիտի պատմեմ: Ռաֆայել Պատկանյանի «Օրորոցի երգն» այնքան լավ արտասանեց, ասացի՝ Ժորա՛, քեզ մոտ արտասանությունն այնքան լավ ստացվեց: Ասաց՝ երկու անգամ ընթերցեցի, ինձ ձգեց»: Տիկին Սարգսյանն ասում է՝ լավ գործ անելուց հետո էլ Ժորան չէր ասում դրա մասին, իսկ հարցերին էլ պատասխանելիս ասում էր, որ բոլորով են արել. «Մի անգամ նստարանները հանել էինք, դասարանը վերանորոգում էինք: Բոլոր նստարանները մաքրեց, ներկեց: Եկա, ասացի, որ ուզում եմ մի քանի երեխաների խրախուսել կատարած աշխատանքի համար: Ինքն առանձնացավ: Ասում է՝ ես չկայի, բայց ես գիտեի, որ ինքը կար»:
«Լիաթոք ծիծաղում էր: Ասում էի՝ Ժո՛ր, կամա՛ց, ցա՛վդ տանեմ: Ասում էր՝ ընկեր Սարգսյան, այնպիսի բան պատմեց, չկարողացա ինձ զսպել: Կյանքով լեցուն էր»,- ասում է տիկին Սարգսյանը: Մարտի 31-ին տիկին Սարգսյանը խոսել էր Ժորայի հետ, հորդորել որքան հնարավոր է՝ ուշադիր լինել: Տիկին Սարգսյանը հիշում է՝ Ժորան սիրում էր ոտքից գլուխ սպիտակ հագնել. «Ասում էի՝ տղա՛ս, գյուղում ի՞նչ սպիտակ: Ասում էր՝ ինձ սազում է: Իսկապես որ այդ գույնն իրենն էր»:
«Այնքան անվախ էր, որ մինչև վերջին շունչը կպայքարեր»
Ժորայի մայրը՝ տիկին Մարինեն, որդու մասին խոսելիս՝ ասում է՝ ոչնչից չէր վախենում: Որդուց 10 օրից ավելի լուր չի եղել. «Երբ ասում էին՝ փախածներ կան, կգտնվի, ես չէի հավատում, որ ինքը փախած կլինի: Ինքն այնքան անվախ էր, որ մինչև վերջին շունչը կպայքարեր»: Ապրիլի 1-ին Ժորան ասել էր՝ դիրքեր են հասել, ամեն ինչ նորմալ է: «Այդ օրն ասաց՝ մա´մ, կտա՞ս պապայի հետ էլ խոսեմ: Հայրը դրսում էր: Հեռախոսը վազեցրել եմ դուրս, ասել՝ երեխեն ուզում է հետդ խոսել: Խոսեց: Ինձ թվաց՝ ինչ-որ բան է ուզում ասել հայրիկին: Ամուսինս եկավ տուն, հարցրի, ասաց՝ ոչ մի բան չասաց, ասել էր՝ լավ եմ, ամեն ինչ նորմալ է: Ճիշտ է՝ ասում էին՝ այդտեղ վտանգ չկա, ինքը միշտ ասում էր՝ ես կրակոցի ձայն էլ չեմ լսում, դուք հանգիստ եղեք, այստեղ ոչ մի վտանգ չկա, բայց մենք միշտ զգուշացնում էինք՝ զգույշ եղեք: Այդ օրն էլ ամուսինս ասել էր՝ զգո՛ւյշ եղեք: Ասել էր՝ պա՛պ ջան, ես լավ եմ, դուք լա´վ մնացեք»:
Տիկին Մարինեի խոսքով՝ Ժորայի ծառայակից ընկերները զանգահարել են, ասել, որ նույնիսկ նրա մի կաթիլ արյան համար վրեժ են լուծելու: «Ամուսնուս են զանգել: 97-ով համարով զանգել են, անջատել: Ինքն արդեն շատ վատացել է: Որ մենք չենք տեսել, սպասում ենք, որ ինքը կհայտնվի ինչ-որ տեղից: Հետ է զանգել, տեսել, որ ընկերներն են: Ասել են՝ հայրի´կ ջան, մենք Ժորայի մի կաթիլ արյան համար վրեժ ենք լուծելու, եթե զորացրվենք (երեխաներն էլ են կասկածում), մեր գլուխները բարձր՝ առաջինը ձեր օջախ ենք մտնելու՝ մինչև մեր տուն գնալը»:
Տիկին Սարգսյանի խոսքով՝ Ժորան ավելի շատ ուզում էր աշխատել, քան սովորել. «Ինքն ուզում էր սովորել, բայց քանի որ մայրը վատառողջ էր, աշխատողը միայն հայրն էր, երկու անչափահաս եղբայր ուներ, իմ Ժորան ցանկացավ ծնողներին օգնել: Ժորան օգնեց ոչ միայն ծնողներին, այլև ամբողջ հայ ժողովրդին: Իմ Ժորան փրկեց, իր կյանքով բոլորին կյանք նվիրեց: Կուզենայի մեկ ամսով ետ տալ կյանքը: Իրեն այնքան ասելու կար…»: Ժորան սիրած աղջիկ ուներ, ասում են՝ մի քանի աղջիկներ նրան էին սիրում, բայց Ժորան ուրիշին էր սիրում. «Ասում էի՝ Ժորա՛, տղա´ս, այնքան սիրուն ես, որ բոլորը քեզ համակրում են, բայց ինքը սիրած աղջիկ ուներ: Մի անգամ գնաց աշխատելու, մի գեղեցիկ ծաղիկ բերեց՝ երկար վարդ էր: Ասում էի՝ Ժորա, տղաս, դու չարչարվեցիր, հողի հետ այդքան աշխատեցիր, այդ գեղեցիկ ծաղիկը թանկ է, ասաց՝ ընկե՛ր Սարգսյան, ինքն էլ է թանկ: Այդ աղջիկը մի քանի տարի փոքր էր: Նա գերազանց էր սովորում, ու Ժորան չէր ուզում խանգարել, որ այդ աղջիկը դասերից կտրվեր, բայց աչքի տակով նայում էր: Ոչ ոք իրավունք չուներ այդ աղջկա կողքով քայլել: Զանգում, հարցնում էր՝ ի՞նչ կա-չկա, ընկե՛ր Սարգսյան: Ասում էի՝ ամեն ինչ լավ է, քեզ սպասում ենք: Ու հարցնում էր՝ միայնա՞կ, ասում էի՝ չէ՛, բոլորով»:
Ժորայի տատիկը՝ տիկին Սոֆիկը, պատմում է, որ Ժորան շատ արդար էր. «Մենք բոլորս իրեն յուրահատուկ էինք պաշտում: Քեռու երեխաների համար էլ առաջինը Ժորան էր, բոլորն իրեն էին սիրում: Քեռու կինը գումար էր տալիս: Գիտեի, որ ծխում է, ես էլ էի տալիս, ասում էր՝ տատի´, հարսիկը տվել է: Կամ, երբ ես էի տված լինում, ասում էր՝ հա՛րս, տատին տվել է: Շատ ազնիվ էր, շատ»: «Ժորան միշտ մեզ հետ կլինի»,- ասում է տիկին Սարգսյանը՝ նշելով, որ դպրոցում Ժորայի նկարով անկյուն են պատրաստել, աշակերտները կանգնում են, խոր ակնածանքով, հարգանքով նայում նկարին: «Ամբողջ դպրոցը տխուր է, բայց միևնույն ժամանակ էլ՝ հպարտ են, որ այդպիսի քաջարի մարտիկի հետ ծանոթ են եղել»,- ասում է նա: Տիկին Սարգսյանի խոսքով՝ առաջին դասարանի երեխաներն ասում են՝ մենք Ժորա ենք դառնալու: «Հերոսը հերոսի նման մեռավ»,- եզրափակում է նա:
Նշենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Ժորա Եսայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
Ժորա Եսայանի մոր՝ Մարինե Հակոբյանի անունով «Արարատբանկում» հաշվեհամար է բացվել՝ 1510029744270100 ՀՀ դրամով: