«Հայաստանն ու Եվրոպական Միությունը համաձայնության էին եկել ընտրություններից առաջ»
«Եվրոպական միությունն աննախադեպ զիջումների է գնում Հայաստանի դեպքում»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը։
Հիշեցնենք, որ օրերս Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան, ով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում էր, հայտարարել էր, որ Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված փաստաթուղթը հավանաբար Բրյուսելում կստորագրվի նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ: Նշենք նաև, որ այս մասին Հաութալան խոսել է խորհրդարանական ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության եզրակացության ներկայացման շրջանակում։
Կախա Գոգոլաշվիլին չբացառեց, որ նախապես ձեռք բերված համաձայնության շրջանակում է նման հայտարարություն արվել։ «Եվրոպական միությունը լուրջ գումարներ էր ներդրել հայաստանյան ընտրություններում, կային ակնկալիքներ, որ այդ ընտրությունները շատ ավելի լավ կազմակերպված կլինեն, թափանցիկ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը բավականին հավասարակշռված էր, որտեղ հիմնականում խոսք էր գնում այնպիսի երևույթների մասին, որոնք ժառանգություն են մնացել անցյալից։
Մեծամասնությամբ տրվել էին դրական գնահատականներ՝ որոշ բացառություններով, ինչը նշանակում է, որ եվրոպական կողմը գոհ է նրանից, թե ինչպես են օգտագործվել, ինչպիսի արդյունք են տվել ԵՄ-ի փոխանցած գումարները։ Հենց այդ պատճառով էլ բարձրաձայնվում է համաձայնագրի ստորագրման ժամկետը։
Սովորաբար եվրոպական կողմը նախապես նման համաձայնագրերի ստորագրման ժամկետները չի մատնանշում՝ հաշվի առնելով ընթացակարգերի բարդությունը, քաղաքական նպատակահարմարությունը։ Եվրոպացի պաշտոնյայի այս գաղտնազերծումն ամենայն հավանականությամբ համաձայնության մի բաղադրիչն է՝ հայկական կողմը կատարել է իր խնդիրը, հերթը եվրոպական կողմինն էր»,- նման տեսակետ հայտնեց վրացի եվրոպագետը։
Նրա կարծիքով՝ միանշանակ ընտրությունների լավ անցկացման հարցը պայման է եղել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցում։ Գոգոլաշվիլիի խոսքով՝ պատահական չէր նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ն չվարանեց նախաստորագրել համաձայնագիրն ընտրությունների շեմին, ինչը ևս բնորոշ չէ Եվրոպական միությանը, որը սովորաբար նման իրավիճակներում փորձում է մաքսիմալ չեզոքություն և «հեռավորություն» պահպանել։
«Հայաստանի դեպքում տեսնում ենք, որ Եվրոպական միությունը բավականին լուրջ, աննախադեպ զիջումների է գնում։ Խնդիրն այն է, թե որքանով է Հայաստանն ազատ ըստ արժանվույն պատասխանելու Եվրոպական միության այս ջանքերին՝ լինելով ռուսական ազդեցության գոտում և ունենալով վերահսկելի արտաքին քաղաքականություն։ Գուցե այս ամենը հաշվի է առնում եվրոպական կողմը, և այս ջանքերի միակ նպատակը համաձայնագրի ստորագրումն է, և՝ ոչ ավելին։ Ժամանակը ցույց կտա, թե այս ամենը որքանով կարող է ավելի հեռանկարային լինել»,- ասաց Գոգոլաշվիլին։