Ո՞վ է պատասխան տալու Սիրիայում իրականացված քիմիական հարձակման համար

ԱՄՆ-ի Սպիտակ տունը դատապարտել է Սիրիայի իշխանություններին՝ պնդելով, որ Իդլիբի գավառում երկրի կառավարությունն է կրում թունավոր գազով իրականացված հարձակման պատասխանատվությունը։ Հարձակման արդյունքում այստեղ քաղաքացիական մոտ 1ՕՕ անձինք են զոհվել, մեծաթիվ այլոք՝ թունավորվել։

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ Սիրիայում իրականացված քիմիական հարձակումը ԱՄՆ-ի Սպիտակ տունն անվանում է Սիրիայի կառավարության կողմից քաղաքացիների դեմ իրականացված «դատապարտելի» գործողություն, ու հայտարարում, որ քաղաքակիրթ աշխարհը չի կարող անտեսել ՝՝սարսափելի՛՛ այդ գործողությունը։

Նախագահ Դոնալդ Թրամփն այն համարում է ԱՄՆ-ի նախկին վարչակազմի թուլության արդյունք։ Ըստ նրա հայտարարության, Բարաք Օբաման ժամանակին ասում էր, թե «կարմիր գիծ՛» էր գծելու քիմիական զենքերի կիրառման առջեւ, ու որ «այդպես էլ այդ գիծը չգծեց»:

Իսկ շատերն էլ հիշեցնում են 2Օ13 թվականը, երբ Ասադի կառավարության կողմից զարին թունավոր գազի կիրառումից հետո Դոնալդ Թրամփը կոչ էր անում Օբամային զերծ մնալ Սիրիայում որեւէ գործողությունից։ Նա ասել էր, թե ԱՄՆ-ը այդ միջամտությունից ոչնչով չի շահի։

Բրուքինգզի հաստատության վերլուծաբաններից Ստիվըն Հեյդեմանը հավատացած է, որ երեքշաբթի օրն իրականացված հարձակման համար մեղավոր է Սիրիայի կառավարությունը։

«Նրանք այս հարցում եւս ակնկալում են Ռուսաստանի աջակցությունը եւ արդեն իսկ նկատել են նման արարքների համար պատժամիջոցների ենթարկելու մեխանիզմների թուլությունը»։

Նրա խոսքերով, իր իսկ ժողովրդի նկատմամբ պատերազմական հանցագործություններ իրականացնելու համար, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կայացնի Սիրիայի կառավարությանը պատժի ենթարկելու մասին որոշում։ Եվ Ռուսաստանի կամ մեկ այլ երկրի կողմից որոշումը վետոյի ենթարկելու հանգամանքը պիտի դիտվի որպես մեղսակցություն։

Ռուսաստանը «կտրականապես» հերքում է քիմիական զենքի կիրառման գործում իր մասնակցությունը, իսկ մարդու իրավունքների պաշտպան Միջազագային համաներում կազմակերպությունը հայտարարում, որ կազմակերպիչները պետք է հայտնաբերվեն ու կրեն պատասխանատվություն։

Կազմակերպության անդամներից Սամահ Հադիդը հիշեցնում է, որ տարիների ընթացքում քիմիական զենք կիրառվել է ե՛ւ կառավարության ե՛ւ ոչ կառավարական զինված խմբերի կողմից։

«Սակայն չնայած այն հանգամանքին, որ այդ հարձակումների մասին տեղեկությունները հաստատվել են ՄԱԿ-ի զեկույցներում, մինչ այժմ որեւէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության»։

Ինչպես ականատեսներն են ասում, երեքշաբթի օրվա քիմիական հարձակումը Սիրիայում ամենամահաբերն էր 2Օ13 թվականից ի վեր։

Տեսանյութեր

Լրահոս