Համապատասխան ընտրություններին համապատասխան տնտեսություն

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին երկու ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Հրապարակեց խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Այդ պատճառով դրանք պատշաճ (կամ այսօր ավելի մոդայիկ դարձած բառով ասած՝ համապատասխան) ուշադրության չարժանացան: Բայց տարօրինակ բան կատարվեց: 1991թ. հետո Հայաստանում առաջին անգամ ընտրություններից հետո հետընտրական զանգվածային գործընթացներ չկան: Հետևաբար՝ տրամադրություն ու ժամանակ կա հետևելու տնտեսական պաշտոնական վիճակագրությանը:

Հատկապես, որ չի կարելի պնդել, թե վիճակագրությունն արտառոց ոչինչ չի արձանագրել: Ամեն ինչ աճել է: Եթե հավատանք, որ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 6,2 տոկոսով, ապա պիտի արձանագրենք, որ դա հարգանքի արժանի ցուցանիշ է: Ի հեճուկս արտագաղթի մասին պաշտոնական տվյալների՝ չափազանց ակտիվ աճել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը՝ բաղձալի երկնիշ ցուցանիշով՝ 22 տոկոս:

Բայց պուճուրիկ տհաճ երանգ կա այս աճի մեջ: Ներմուծումը պահպանել է առաջանցիկ տեմպը արտահանման հանդեպ: Ներմուծումն աճել է 23,5 տոկոսով, իսկ արտահանումը՝ ընդամենը 20-ով: Մնացածն արդեն ձոն է: Ձոն՝ կառավարության հմուտ ու պատասխանատու քայլերին, ծրագրերին: Արդյունաբերությունը, օրինակ, աճել է ստալինյան ինդուստրիալիզացիային վայել 16,1 տոկոսով:

Ինչ ենք արտադրել ու ինչ ենք արել արտադրածը, պարզ չի: Կարևորը 16 տոկոսը գերազանցող աճն է: Չնայած, որ այդ աճի մեջ հիմնականը կարող է լինել էլեկտրաէներգիայի արտադրությունը: Որովհետև ձմռանը սառնամանիքները երկար տևեցին, ու բնակչությունը ջեռուցման նպատակով սովորականից ավելի էլեկտրաէներգիա օգտագործեց:

Եթե աճի այս տեմպերը տրամաբանական ինչ-ինչ բացատրություններ ունեին, ապա ծառայությունների ոլորտի աճի մասին հրապարակված կրկին երկնիշ՝ 11,1 «գոլդ» համարով աճը դժվար է ընկալել ու մեկնաբանել:

Բայց հավանաբար ընտրությունների շեմին նման ցուցանիշների հրապարակումը կարևոր էր: Հնարավոր է՝ ավելի կարևոր՝ քան սոցիոլոգիական հարցումների հրապարակումները: Քանի որ տնտեսության աճի ցուցանիշներն ավելի են համապատասխանում ընտրությունների արդյունքներին, քան համապատասխան սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Ընդունելով հանդերձ, որ մոդայիկ դարձած «համապատասխան» բառը չափից ավելի շահագործեցի, ավելացնեմ, որ ոչ ոք հրապարակած տվյալների համար համապատասխան պատասխանատվություն չի կրում: Ոչ վիճակագիրները, ոչ սոցիոլոգները, ոչ էլ նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ իրար համապատասխան է: Նույնիսկ շինարարության ոլորտն է շարունակել պահպանել վերջին տարիների անկման ցուցանիշը: Այս տարվա առաջին երկու ամիսներին, նախորդ տարվա համեմատ, շինարարությունը կրճատվել է 12 տոկոսով:

Գյուղատնտեսությունն էլ իրեն վայել չի պահել: Ջերմոցային տնտեսությունների ընդլայնման տեղեկատվությանը հակառակ՝ գյուղատնտեսության ոլորտում միայն 0,1 տոկոսանոց աճ է գրանցվել: Մնացած մակրոտնտեսական ցուցանիշները լիովին համապատասխան են քաղաքական պահի ոգուն՝ աշխատավարձերն աճել են 1,1 տոկոսով: Իսկ սպառողական գներն անկում են գրանցել 0,4 տոկոսով: Այս երկու ցուցանիշներն առայժմ համահունչ չեն իրենց միանիշ ու տխուր տեսքով: Համահունչ չեն արդյունաբերական, ծառայությունների ոլորտի և արտաքին առևտրաշրջանառության երկնիշ աճին: Բայց հուսանք, որ մեր վիճակագիրները մեթոդ ու հնարք կգտնեն դրանք տնտեսական աճի տեմպերին ավելի սազական դարձնելու համար:

Ի վերջո, օրինակ, ՀՀ հիդրոօդերևութաբանական պայմանների մասին հաշվետվությունն ահագին հավաստի է: Հավաստի է՝ նույն օդերևութաբանական կանխատեսումների համեմատ: Որովհետև այն կանխատեսում չէ, այլ պայմանների սոսկական արձանագրում: Իսկ այնտեղ գրված է, որ այս տարվա փետրվար ամսին ջերմաստիճանը հանրապետությունում 2-4 աստիճանով ցածր է եղել ընդունված նորմայից:

Ավելին, հատուկ նշվում է, որ Արարատյան դաշտավայրում փետրվարի ջերմաստիճանը նորմայից 6-8 աստիճան ցածր է եղել: Իսկ սա լրացուցիչ ապացույցն է այն պնդման, որ մեր վիճակագրական հրապարակումներում միանգամայն ստույգ ու, որ ամենակարևորն է, տարակարծություններ չառաջացնող տվյալներ են պարունակվում:

Պետք է արձանագրել, որ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-փետրվարին» զեկույցը, գոնե հիդրոօդերևութաբանական պայմանների հատվածով, նույնքան հավաստի և ընդունելի է հասարակության համար, որքան 2017թ. խորհրդարանական ընտրությունների տվյալները: Դրանք ոչ ոք չի պատրաստվում վիճարկել: Մնում է միայն հռետորական հարց ձևակերպել՝ «Ինչու չի ցրվում գաղջ մթնոլորտը»:

Տեսանյութեր

Լրահոս