Բաժիններ՝

Մեկնարկել են Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքները

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից, քննարկվել են համաժողովի ձևաչափին, թեմատիկ ընդգրկմանը, մասնակիցների կազմին և կազմակերպական խնդիրներին առնչվող հարցեր:

Նախարարը նշել է, որ չափազանց կարևոր է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կարող ուժերի, փորձագետների մասնակցությունը համահայկական նշանակություն ունեցող ձեռնարկին:

Կարևորվել է Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների ակտիվ ներգրավվածությունը համաժողովի աշխատանքներում:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու նկատառումները, որոնք հաշվի առնելով՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ամբողջացրել է համաժողովի թեմատիկ ուղղությունները, նշելով, որ աշխատանքները պետք է ընթանան ներդրումների ներգրավման, հայապահպանության, Սփյուռքի երիտասարդության, մշակութային խնդիրների լուծման, արցախյան հիմնախնդրի և ժողովրդական դիվանագիտության, հակահայկական քարոզչության դեմ պայքարի ուղղությամբ:

Հանձնարարվել է սփյուռքյան կառույցների հետ համագործակցելով՝ մշակել համաժողովի ծրագրի նախագիծը և սկսել հերթականությամբ իրականացնել անհրաժեշտ նախապատրաստական քայլեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս