«Կիրակի օրվա ընտրություններին չմասնակցելու որոշումն ինքնաբռնակալություն է». Ատոմ Էգոյան
«Մենք այստեղ չենք, որպեսզի կիրակի օրվա ձայները պահենք, մենք այստեղ ենք Հայաստանի ապագայի համար»,- այսօր այս մասին «Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմայով մամլո ասուլիսի ընթացքում ասաց կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ կոչ անելով մասնակցել կիրակի օրը կայանալիք ընտրություններին։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Change.org»-ում սկսվել էր «Արդարություն Հայաստանում» արշավը, որին միացել էին Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Վահե Բերբերյանը, Ալեքսիս Օհանյանը, Էրիկ Նազարյանը, Հասմիկ Պապյանը, Հրանտ Թոխատյանը, Սերժ Ավետիքյանը, Վիգեն Չեթերյանը և ուրիշներ՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին՝ փոփոխություններ ձեռնարկել արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում:
«Մենք ասում ենք՝ «ոչ» համակարգային կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, Ոստիկանության բիրտ ուժի կիրառմանը, քաղաքական կողմնակալությանը, իրավական անհավասարությանը, արտագաղթին և կեղծիքներով անցկացվող ընտրություններին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին»,- ասված էր ստորագրահավաքի տեքստում։ Որոշում էր կայացվել նաև, որ աշխարհահռչակ հայերը կմասնակցեն՝ որպես դիտորդներ քվեարկության ընթացքին։
Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն ասաց, որ չափազանց շատ է սիրում իր հայրենիքը՝ Հայաստանը, որի ոսկորները խորն են և ամուր։ Նա տեղեկացրեց, որ այսօր առավոտյան զբոսնելով Մատենադարանի հարևանությամբ գտնվող երաժշտական դպրոցներից մեկում, լսել է ստեղծագործական շունչ և հասկացել, որ Հայաստանում երիտասարդները ստեղծագործելու ունակություն ունեն։
«Մենք հնագույն, հպարտ ազգ ենք և բավականին ուժեղ։ Պետք է մտածենք, որ ժողովրդավարությունը մկանի պես է, այն պետք է վարժեցվի, մարզվի, որպեսզի ուժեղանա։ Սա մեզ թույլ է տալիս արտահայտելու մեր իսկ անձը և քայլելու ժողովրդավարական գործընթացի ուղղությամբ՝ ճիշտ հերթականությամբ և համաձայնեցված կերպով։ Հայաստանը յուրահատուկ քաղաքական պատմություն ունի՝ 2 տարի խոցելի անկախ պետություն ունենալուց հետո 70 տարի սովետական կառավարման ներքո գտնվեց։ Չնայած ժողովրդավար համակարգը մեզ հնարավորություններ է տվել՝ հրաշալի կրթություն, հնարավորություններ, մշակույթ, բայց մենք չենք կարող սխալվել և հավատալ, որ միակուսակցական համակարգով հնարավոր է այսօր առաջ քայլել քաղաքականորեն՝ առանց մեր ժամանակակից ներքին ձայնի, հոգևոր շնչի։
Այս ամենի ապացույցն այն է, որ Հայաստանը շատերը լքում են ստեղծված անարդարության պատճառով։ Լիբանանցի հանրահայտ փիլիսոփա Քահիլ Ջիբրան նշել է, որ բռնատիրությունն իսկապես պետք է թողնել և առաջին հերթին ազատվել մեր մեջ առկա բռնատիրությունից։ Որոշումը, որ կիրակի ընտրության չպետք է մասնակցենք, կարելի է համարել ինքնաբռնակալություն, ինչը նշանակում է, որ մենք չունենք մեր իսկ ձայնը։ Մենք կարող ենք ենթադրել, որ ընտրությունները խախտվելու են, մենք արդեն տեսել ենք փաստեր, որ ձայները գողացվել են ընտրական տեղամասերում ընտրական կոռուպցիայի արդյունքում։ Մենք այստեղ չենք, որպեսզի կիրակի օրվա ձայները պահենք, մենք այստեղ ենք ապագայի համար, մենք այստեղ ենք այն ժամանակների համար, երբ հրաշալի երիտասարդ ղեկավար անձինք կկարողանան Հայաստանը դարձնել ժողովրդավար երկիր»,- ասաց Ատոմ Էգոյանը՝ շարունակելով, որ պետք է զարգացնել Հայաստանի ժողովրդավար «մկանը» ՀՀ հնագույն և հրաշագեղ ոսկորի շուրջ։ Նրա խոսքով՝ չպետք է դառնալ բռնակալության, ինքնաբռնակալության և անտարբերության զոհը։
Անդրադառնալով իրենց դիտորդական առաքելության մանրամասներին՝ Էգոյանն ասաց, որ հիմնականում տեխնիկապես կարևոր չէ՝ օրվա ընթացքում որտեղ են իրենք լինելու, քանի որ, նրա խոսքով՝ կարևորը, որ վերջնական հաշվարկին մասնակցեն։ «Ամենախոցելի պահն այն պահն է, երբ հավաքվում են ձայներն արկղի մեջ և ուղարկվում ԿԸՀ։ Մենք ավելի մտահոգ ենք այդ պահի հետ կապված։ Արկղը փակ է և տեղադրվում է մեքենայի մեջ, մտահոգ ենք՝ արդյո՞ք դրանք իրապես տեղ հասնելու են, թե՞ ոչ։ Հնարավո՞ր է, օրենքը թո՞ւյլ է տալիս, որպեսզի ֆիզիկապես ներկա լինենք այդ մեքենայում, չեմ կարող ասել, բայց կոչ եմ անում լրագրողներին, որ իրենց ուշադրությունը սևեռեն այդ պահի վրա»,- ասաց Ատոմ Էգոյանը։