«Լևոն Տեր-Պետրոսյանը երևի փոքր ժամանակ վախեցել է և 1991 թվականից այդ վախը փորձում է փաթաթել մարդկանց վզին». Բագրատ Եսայան

ՀՅԴ համամասնական ցուցակի ներկայացուցիչ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Բագրատ Եսայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պետք է անդրադառնար քաղաքական գործընթացներին՝ ամփոփելով ավարտին մոտեցող քարոզարշավի ընթացքը, սակայն այնպես ստացվեց, որ լրագրողների հետ նրա հանդիպումը գրեթե ամբողջությամբ նվիրվեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ օրեր առաջ ունեցած հրապարակային հարցազրույցի վերլուծությանը:

Ասուլիսի առանցքային թեման ԼՂՀ հիմնահարցի շուրջ առաջին նախագահի արտահայտած տեսակետների և ՀՅԴ համամասնական ցուցակի ներկայացուցիչ Բագրատ Եսայանի անհամաձայնությունն էր, որը բանախոսն արտահայտեց այսպես.

«Այո՛, ՀՅԴ-ն պայքարելու է Ղարաբաղի անկախության և այդ անկախության միջազգային ճանաչման համար: Սա է ԼՂ հարցի լուծման միակ ընդունելի ճանապարհը: Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա գլխավորած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն իր մոտեցումը փորձում է ամեն կերպ հիմնավորել՝ հաճախ խեղաթյուրելով փաստերը, որի առաջին դրսևորմանը մենք ականատես եղանք 1997 թվականին, որի համաձայն՝ իր առաջարկած փուլային լուծումն իբր ամենալավն էր լինելու դրանից հետո առաջարկվելիք՝ Քի Վեսթի, Մադրիդյան և մնացած բոլոր լուծումներից: Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է ստորագրել ԼՂՀ հակամարտության լուծում առաջարկող բոլոր տեսակի փաստաթղթերի տակ՝ միայն ազատվի Ղարաբաղի խնդրի բեռից, սա է իրականությունը, իսկ Ղարաբաղը հանձնելու՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ցանկությունը ի հայտ է եկել դեռևս 1997թ. Ժելեզնովոդսկից»:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես պարոն Եսայանը կմեկնաբանի առաջին նախագահի վերջերս ԼՂ հարցով ծրագրային դրույթների վերաբերյալ հնչեցրած ծաղրական միտքը, ըստ որի՝ Լ. Տեր-Պետրոսյանը սցենար էր առաջարկում, որով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կուլիսներ էր հրավիրելու դաշնակցական «երիտասարդ» անդամներին, պարոն Եսայանը նկատեց. «Այդ միջազգային, համաշխարհային բոբոյով այդ մարդը 26 տարի շարունակ վախեցնում է մեր հասարակությանը, ասելով՝ եթե հենց հիմա չստորագրեք կապիտուլյացիան, տեսեք՝ գալու են ձեզ ուտեն: Լևոն Տեր-Պետրոսյանը երևի փոքր ժամանակ վախեցել է և սկսած 1991 թվականից այդ վախը փորձում է փաթաթել մարդկանց վզին: Չկա այդպիսի բան, չկա համաշխարհային հանրություն, այդ միակուռ ինչ-որ պատը, որ, եթե հաջորդ օրը չանենք՝ ամբողջ ծանրությունն ընկնելու է մեր վրա: Նրա բոլոր ելույթները նենգափոխված են, թե իբր մեր բոլոր պրոբլեմները խաղաղության համաձայնագիր չունենալու պատճառով են:

Կարդացեք նաև

Ըստ նրա տրամաբանության՝ Հայաստանում տնտեսությունը վատ վիճակում է, որովհետև Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, և դա ասում է մի մարդ, ով դեռևս իր նախագահության տարիներից տնտեսությունից որևէ բան չէր հասկանում՝ թողնելով այդ խնդիրը թաշկինակի նման փոփոխվող իր վարչապետների ուսերին: 1997-ի դեկտեմբերին իր իսկ կողմից հրամցրած և բոլորի, անգամ՝ իր թիմակիցների կողմից մերժված ԼՂՀ հակամարտության «լուծման» ծրագիրը բոլորին հասկացնել տվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը պարզապես անկեղծ ցանկություն է՝ հանձնելու Ղարաբաղը: Իսկ երբ նրան ասացին՝ հեռացի՛ր, նա հայտարարեց, թե հաջորդ բոլոր փաստաթղթերն ավելի վատն են լինելու: Այնինչ կյանքը ցույց տվեց, որ հաջորդ ամեն փաստաթուղթ նախ կարող է ավելի լավը լինել»:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին և մոտալուտ ավարտին, ամփոփելով արդյունքները՝ պատգամավորության թեկնածուն նկատում է՝ ունենք փոխված ընտրակարգ, նոր Սահմանադրություն, բայց այս ընտրարշավի ընթացքը ցույց տվեց, որ նախորդ ընտրությունների նախընտրական պրոցեսների բացասական տարրերը բացառված չէին. «Առաջին պլան մղվեցին ընտրարշավի խնամիական, բարեկամական, համագյուղացիական, թաղային կապերը, ինչն էլ իր հերթին՝ բերեց այն բացասական երևույթների դրսևորմանը, որը հատուկ էր նախորդ ընտրություններին:

Մենք ականատես եղանք դանակահարությունների դեպքերի, որոնք ոչ միայն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների միջև էին, այլ նաև նույն կուսակցությունների ներսում: Սա նրա ապացույցն է, որ կուսակցությունները չունեն մեկ թիմի պատկանելու զգացողություն»: Բանախոսը  հավելեց, որ այն ակնկալիքը, թե Դաշնակցությունը տասնամյակներ շարունակ պահանջում էր 100 տոկոս համամասնական ընտրակարգ, այս ընտրարշավի ընթացքում նույնպես ամբողջությամբ իրականություն չդարձավ՝ գաղափարական պայքարը փոխարինելով ընդդիմություն-իշխանություն հաճախ սարքովի հարցերով:

Տեսանյութեր

Լրահոս