Բաժիններ՝

Աշխատանքային օրենսգրքում սպասվող փոփոխությունների արդյունքում փոքր բիզնեսը «շունչ կքաշի»

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում կարվեն փոփոխություններ, որոնք փոքր բիզնեսը կազատեն որոշ գործառույթներից: Աշխատանքային օրենսգրքում սպասվող փոփոխությունների նախագիծը պատրաստ է, այն ներկայացվել է կառավարության քննարկմանը: Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել կառավարության 2017 թվականի ծրագիրը: Այս փոփոխությունները 2017 թվականի ծրագրով նախատեսված միջոցառումներից մեկն են: Նախատեսվում էր փոփոխությունների նախագիծը ներկայացնել գործադրին մինչև մարտի 3-րդ տասնօրյակ, ինչն արդեն արվել է:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքի և զբաղվածության հարցերով գլխավոր խորհրդական Թադևոս Ավետիսյանը, նախագիծը քննարկվել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովում, որում ընդգրկված են գործատուների շահերը ներկայացնող կազմակերպությունները, ինչպես նաև արհեստակացական միությունների կոնֆեդերացիան: Բոլոր շահագրգիռ կողմերի հետ նախագիծը քննարկվել է:

Թադևոս Ավետիսյանը, ներկայացնելով սպասվող փոփոխությունները, նշեց, որ կառավարությունը նախատեսել է մի շարք քայլեր, որոնց արդյունքում փոքր բիզնեսը «շունչ կքաշի»: Առաջին փոփոխությունը վերաբերում է իրավապրակտիկայից վերհանված խնդիրներին:

«Օրինակ, բազմաթիվ դիմումներ կային փոքր ձեռնարկություններից, որոնք բարձրաձայնում էին, որ իրենց համար բավական բարդ է Աշխատանքային օրենսգրքով նախատեսված դրույթների ամբողջական կիրառումը: Ավելին` շատ դեպքերում, այդ կարգավորումներն իրենց համար ավելորդ են: Ասենք, մեկ կամ երկու աշխատող ունեցող մի ընկերություն պարտավոր է ունենալ ներքին կարգապահական կանոններ, ընդունի ներքին իրավական ակտեր: Եվ որպեսզի այդ ամենը, փաստաթղթային մասը, վարչարարությունը կարողանան ապահովել, ստիպված են լինում վարձել հաշվապահներ, իրավաբաններ: Այս պարագայում իրենք լրացուցիչ ծախսեր են անում իրենց առավել սուղ միջոցներից»,-ասաց Թադևոս Ավետսիսյանը:

Նրա խոսքով, միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանձին երկրներում փոքր ձեռնարկությունների համար Աշխատանքային օրենսգրքում ճկուն մոտեցումներ են սահմանված: Այդ ուղղությամբ են գնում Ռուսաստանը, Ղազախստանը, նախատեսվում են նման փոփոխություններ Ուկրաինայում, Լիտվայում:

Մյուս կարևոր հարցը վերաբերում է հավելումներին, հավելավճարներին, որոնք նախատեսված են գիշերային, արտաժամյա, տոնական օրերի աշխատանքի համար:

«Օրենքով սահմանված է արտաժամյա աշխատաքի համար 50 տոկոս հավելում, տոնական օրերին աշխատելու դեպքում աշխատողը կրկնակի պետք է վարձատրվի: Այսպիսի սահմանափակումները շատ հաճախ գերփոքր ընկերությունների համար խոչընդոտ են հանդիսանում, որովհետև այդ ընկերությունները շատ ավելի մեծ ռիսկի և մրցակցության պայմաններում են աշխատում:

Այդպիսի ընկերություններն առնվազն 5-6 անգամ ավելի արագ փակվում ու նորերն են ստեղծվում: 2-3 հոգով աշխատող փոքր ձեռնարկությունը փորձում է արևի տակ իր տեղն ունենալ, ինչ-որ ձևով զարգանալ, այս դեպքում օրենքով կոշտ կարգավորում սահմանելը, որ արտաժամյա աշխատանքի համար 50 տոկոս վճարի, դժվարություններ է առաջացնում»,-ասաց Թադևոս Ավետսիսյանը: Հետևաբար ձեռնարկությունը նման դեպքում կամ լրացուցիչ ծախսեր է անում` վարձելով իրավաբանի, հաշվապահի, կամ դիմում է ստվերի` այդ ամենը փաստաթղթավորում է, բայց իրականում անում է այն, ինչպես աշխատողի հետ պայմանավորվում է: Հետևաբար նախատեսվում է այդ վճարումները թողնել գործատուի և աշխատողի պայմանավորվածությանը:

Արդյո՞ք ռիսկեր չի պարունակում այդ վճարումները գործատուի և աշխատողի պայմանավորվածությանը թողնելը: Չէ՞ որ կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ գործատուն ընդհանրապես չվճարի: Հարցին ի պատասխան, Թադևոս Ավետիսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում այնպես է, որ գործատուն և աշխատողն են պայմանավորվում ինչ աշխատանք արվի, որքան վճարվի:

«Այս պարագայում ավելորդ միջամտություններ են… իսկ ինչո՞ւ 50 տոկոս սահմանել: Այսօր ի՞նչ է կատարվում, փաստաթղթավորվում է, բայց աշխատում են այնպես, ինչպես պայմանավորվում են»,-ավելացրեց նա:

Մեկ սպասվող փոփոխության մասին ևս: Նախատեսվում է փոքր ձեռնարկությունների համար սահմանել աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև, որը կներառի նվազագույն պահանջները: Դա գործատուի համար օգտակար կլինի, արդեն պատրաստի պայմանագիրը կրլացվի, պետք չի լինի լրացուցիչ մասնագետներ վարձել, վճարումներ կատարել պայմանագրեր կազմելու համար:

Այս բոլոր փոփոխություններն առնչվելու են միայն փոքր ձեռնարկություններին: Փոփոխությունների նախագիծը Կառավարությունում է, քննարկվելուց, հավանության արժանանալուց հետո կենրկայացվի Ազգային ժողով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս