Բաժիններ՝

Ինչ էր խնդրել Վահան Շիրխանյանը Եվրոպական դատարանից, և ինչո՞ւ է խնդրանքը մերժվել

ՀՀ արդարադատության նախարարությունն այսօր հայտնել էր, որ մարտի 24­-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է մերժել Վահան Շիրխանյանի խնդրանքը՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանն անազատության մեջ է գտնվում 2015թ. նոյեմբերին Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբի» գործով, և նրա ներկայացուցիչները գանգատ էին ներկայացրել ՄԻԵԴ՝ խնդրելով ճանաչել իրավունքի խախտումներ։

168.am-ի հետ զրույցում Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դիմել էին ՄԻԵԴ՝ խնդրելով, որ այն երկու խախտում ճանաչի.

«Մեկը վատ վերաբերմունքի հետ կապված խախտումն է՝ կոնվենցիայի 3-րդ հոդված։ Մենք պնդում էինք, հիմա էլ պնդում ենք, որ վերաբերմունքը, որ դրսևորվում է պարոն Շիրխանյանի նկատմամբ, հակասում է կոնվենցիայի 3-րդ հոդվածին, և խնդրել էինք ճանաչել, որ կալանավորումն ապօրինի է եղել։ Դրանից հետո միջնորդել ենք, որ գործը քննվի առաջնահերթության կարգով. դա դատարանի 41-րդ կանոնն է։ Այդ միջնորդությունը բավարարվել է, ինչը շատ մեծ բացառություն է։ Դրանից հետո, երբ պարոն Շիրխանյանի առողջական վիճակը սկսեց կտրուկ էլ ավելի վատանալ, միջնորդեցինք նաև կիրառել 39-րդ կանոնը՝ ձեռնարկել միջանկյալ միջոց։ Միջանկյալ միջոց տեսնում էինք, որ Եվրոպական դատարանը կարող է կառավարությանը կարգադրել պարոն Շիրխանյանին անհապաղ տեղափոխել հիվանդանոց, մինչև գանգատը վերջնական լուծում կստանա։

Կարդացեք նաև

Բայց երբ դա միջնորդեցինք, և Եվրոպական դատարանն այդ հանգամանքի վերաբերյալ հարցեր առաջադրեց կառավարությանը, կառավարությունը հարցերին պատասխանելու հետ զուգահեռ՝ չսպասեց, որ Եվրոպական դատարանն ինքը միջանկյալ միջոցներ կիրառի։

Ըստ էության՝ կառավարությունն ինքն իր նախաձեռնությամբ արեց այն, ինչ մենք սպասում էինք, որ կանի Եվրոպական դատարանը՝ որպես միջանկյալ միջոց, այսինքն՝ Վահան Շիրխանյանին ինքը տեղափոխեց հիվանդանոց՝ չսպասելով, որ նույն բանն արվի Եվրոպական դատարանի կարգադրությամբ։ Եվրոպական դատարանը, հավանաբար համարելով, որ այս պահին կառավարության այդ քայլը բավարար է միջանկյալ միջոցի հարցն օրակարգից հանելու համար, մերժեց միջանկյալ միջոցի կիրառումը։ Հավանաբար դատարանը հաշվի առավ, որ այն, ինչ կառավարությանը պիտի պարտադրեր՝ որպես միջանկյալ միջոց, վերջինս իր նախաձեռնությամբ արդեն արել է։

Ես երկրորդ վարկածն էլ ունեմ, որն առաջին վարկածը չի էլ բացառում։ Քանի որ արդեն գանգատն առաջնահերթության կարգով քննելու որոշում կա, միգուցե մոտ ժամանակներս մենք ունենալու ենք գանգատի լուծումը՝ ըստ էության, այսինքն՝ վերջնական որոշում է կայացվելու արդեն բուն գանգատի առարկայի վերաբերյալ, և միգուցե Եվրոպական դատարանն այլևս նպատակահարմար չի էլ համարում միջանկյալ միջոցները՝ հավանաբար համարելով, որ գանգատը շուտով կլուծվի ըստ էության, և այն, ինչ պիտի ասվի՝ կասվի վճռով։ Ամեն դեպքում, այն, որ միջանկյալ միջոցներ կձեռնարկվեին կամ տվյալ դեպքում չձեռնարկվեցին, ցույց չեն տալիս Եվրոպական դատարանի դիրքորոշումը գանգատի էության վերաբերյալ։ Սա պարզապես նշանակում է, որ Եվրոպական դատարանն այս պահին հրատապ միջոց ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում»,- ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս