«Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր ընտրության օրը քվեախցիկում նշելու են համար 6-ը». Արմեն Ամիրյանի անակնկալ մշակութային քարոզարշավը

Այսօր Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում գործող շուրջ 50 մշակութային հասարակական կազմակերպությունների (հ/կ) ղեկավարների և ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց խնդիրների մասին, փորձելու գտնել հնարավոր աջակցման, կամ առկա խնդիրների լուծման առավել արդյունավետ մեխանիզմները: Ավելի քան երկու ժամ ձգված հանդիպման ընթացքում, որի նախաձեռնողներն էին «Ներկա» և «Հայի միտք» կազմակերպությունները, քննարկվեցին պետական մշակութային կազմակերպությունների և հ/կ-ների համագործակցության հեռանկարները:

«Թերևս, հանդիպումը ուշացած էր, կարելի էր ավելի շուտ նախաձեռնել այն, բայց մյուս կողմից՝ ուշացած չեմ համարում, մեզ էլ ժամանակ էր պետք հասկանալու համար մշակութային դաշտում առկա խնդիրների ընդհանուր պատկերը»,- նկատեց Արմեն Ամիրյանը՝ անցնում կատարելով հարցուպատասխանի ձևաչափին:

Ինչպես և ակնկալվում էր՝ մշակութային ոլորտում առկա հարցերն ու բացերը շատ էին: Առաջին «համարձակը», որ մոտեցավ բարձրախոսին, Հասմիկ Բաղրամյանն էր, ով ներկայացնում էր «Ավանդական տոների վերածնունդ» կազմակերպությունը, որ ամենամյա՝ «Հայաստանը խաղախության խաչմերուկում» միջազգային, ֆոլկլորային, ազգագրական փառատոնի նախաձեռնողն է: Ավելի քան տասը տարի փառատոնը կա, գործում է, սակայն կանգնած է ֆինանսական խնդիրների առջև: Նախարարը նշեց՝ փառատոնին ծանոթ է, ավելին՝ հենց երեկ խոսել է փառատոնի խնդիրների մասին, բայց խնդիրն այլ է.

«Հարկավոր է հստակ սահմանել, թե ինչի՞ համար է կազմակերպվում փառատոնը, ո՞րն է նպատակը, ես ուզում եմ հասկանալ դրա մուլտիպլիկատիվ, տնտեսական, մշակութային և հնարավոր բոլոր էֆեկտները, որը պետք է կարողանալ ներկայացնել, բացատրել և համոզել: Առհասարակ նախարարության օժանդակությունն ակնկալող ցանկացած դիմում քննվելու է հանձնաժողովի մասնակցությամբ՝ հասկանալու համար թե ակնկալվող օգուտը, և թե այն, ինչ է մեզ սպասվում միջոցառման շարունակության տեսքով: Փառատոների հետ կապված՝ պետք է ձերբազատվել այն գաղափարից, որ այն ամբողջությամբ ֆինանսավորելու է պետությունը: Պետությունը կարող է միայն աջակցել փառատոնին, բայց ոչ ամբողջովին ֆինանսավորել, այն էլ տարիներ շարունակ և անընդհատ: Եթե փառատոնը մեկ-երկու տարի չի կարողանում կայանալ այնպես, որ ինքնաբավ դառնա, թեկուզ պետության փոքրիկ աջակցությամբ, ուրեմն այդ փառատոնը, թերևս, սխալ է կազմակերպվում: Չեմ ուզում ասել՝ պետք է կամ պետք չէ, անշո՛ւշտ պետք է, բայց, թերևս, սխալ է կազմակերպվում, ուրեմն նախևառաջ՝ պետք է որոնել ու գտնել սխալը, լուծել խնդիրն ու քայլել առաջ»:

Նկատենք, որ Ա. Ամիրյանի վերոհիշյալ մոտեցումն ընկած էր այսօր քննարկվող գրեթե բոլոր առաջարկությունների հիմքում: Պետությունը պատրաստ է ֆինանսական միջոցներ և աջակցության տեսքով օգնություն տրամադրել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ունեն հստակ սահմանված նպատակներ, խնդիրները հաղթահարելու հստակ մշակված ռազմավարական քայլեր, ինչո՞ւ չէ, նաև՝ նախնական փուլում լուծման համար անհրաժեշտ հայթայթված ֆինանսական միջոցներ:

«Փողն ամենակարևորը չէ, բայց փողը վատ բան չէ»,- նշեց նախարարն ու անցավ հնչեցված հաջորդ հարցի քննարկմանը:

Խոսափողի մոտ Արմեն Սաֆարյանն է, սեփական բնորոշմամբ՝ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության անտարածք կենտրոնի նախագահը, ինչպես նաև «Կարապետ» տիկնիկային կենտրոնի կրկին անտարածք գեղարվեստական ղեկավարն և բեմադրիչը: Խնդիրը պարզ էր՝ Արմեն Սաֆարյանը նախարարի ուշադրությունն էր հրավիրում տարածքային խնդիրների վրա:

«Արմեն, սիրելիս, Ձեր հոգու տարածքն ավելին է, քան ֆիզիկական տարածքը, բայց եկեք մանրամասնենք և հասկանանք, թե ինչ է նշանակում պետությունից տարածք ուզելը: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե պետությունն ինչպես կարող է բոլորին տարածք տրամադրել. չի կարելի, հնարավոր չէ պարզապես, անհնար է: Եկեք մեր մտայնությունը մի փոքր փոխենք: Դուք նախաձեռնեք ձեր տարածքի շինարարությունը կամ ինչ-որ մի տեղ վարձակալությունը և դիմեք պետությանը, որպեսզի մենք աջակցենք ձեզ՝ դրամական միջոցներով, գործընկերներ կամ հովանավորներ գտնելով, հանրահռչակելով հարցը, միջազգային կազմակերպություններին ներգրավելով, հակառակ դեպքում՝ կանցնի ևս 25 տարի, կլրանա թատրոնի՝ 50, հետո՝ 75-ամյակը, բայց թատրոնն առաջվա նման անտարածք կմնա: Դուք կրկին տարածք կուզեք մեզանից, և մենք, միևնույն է, չենք ունենա այդ տարածքը, որպեսզի այն նվիրենք ձեզ: Ես ուզում եմ, որ մենք փոխենք մեր մտայնությունը և նախաձեռնող լինենք: Մենք ունենք թվով 11 պետական ոչ առևտրային կառույցներ, նմանապես՝ ոչ պակաս կարևոր, որ գործում են հենց նախարարության ներքո և չունեն տարածքներ: Որեմն, անընդհատ պետությունից տարածք պահանջել՝ ուղղակի անհնար է, չի լուծվելու այդպես այդ հարցը»,- ասաց նա:

«Առնո Բաբաջանյան» հիմնադրամի անդամ Նունե Շատյանին անհանգստացնում էր երաժշտական և հանրակրթական դպրոցների ուսուցիչների իրավական կարգավիճակի հարցը: Նախարարը տեղյակ է խնդրին, որը բազմիցս բարձրաձայնվել է, ընդհուպ՝ մինչև վարչապետի մակարդակով, և հիմա կառավարությունում քննարկման փուլում է: Նախարարը հույս ունի՝ խնդիրը շուտով կլուծվի: Ամեն դեպքում նախարարը հորդորում է՝ նմանօրինակ ցանկացած խնդրի լուժման ճանապարհները պետք է փնտրել հավելյալ արժեքի հաշվին:

«Կենաց տուն» հ/կ-ն ներկայացնող Լալա Մնեյանի հնչեցրած հարցը և՛ հարց էր, և՛ ուժերի միավորման առաջարկ: Երևանը խիստ կենտրանացված է մշակութային բազմաբնույթ միջոցառումներով, իսկ մարզերը և հատկապես սահմանամերձ շրջաններն անտեսված վիճակում են: Լ. Մնեյանն առաջարկում է մասնավորի և պետության համագործակցության ծրագիր: Ունենալով գորգագործության, ասեղնագործության, կարպետագործության, խեցեգործության և ժողովրդական արվեստի այլ տեսակների ուսուցման ներուժ՝ հնարավոր է սահմանամերձ տարածքներում փնտրել և գտնել շահագրգիռ կողմեր՝ հիմնելու համար լոկալ նշանակության փոքրիկ արտադրություններ, որոնք երկուստեք արդյունավետ իրականանալու հեռանկարներ կունենան:

Ա. Ամիրյանը միանշանակ հավանության արժանացնելով բանախոսի այս առաջարկը՝ նկատեց.

«Մենք վաղուց արդեն ախտորոշել ենք, որ մարզերում և մայրաքաղաքում մշակութային կյանքը խիստ անհամաչափ է: Հենց այդ նպատակով էլ նախաձեռնել ենք «Մշակութային կանգառ» ծրագիրը: Ինչ վերաբերում է Ձեր առաջարկին, ապա այն լիովին ընդունելի է: Մենք հիմա տարբեր ճանապարհներով փորձում ենք իրական մշակութային արդյունաբերություն ստեղծել: Հետևաբար՝ Ձեր առաջարկի առնչությամբ ասում եմ՝ այո, նախարարությունը պատրաստ է միջամտել՝ ֆինանսավորելու, օգնելու և՛ մասնագետներին, և՛ տեղում արտադրություններ կազմակերպելու գործում: Կապվեք մեզ հետ, և մենք ընթացք կտանք այս առաջարկին»:

Հանդիպմանը մասնակցելու համար մարզերից ժամանած երիտասարդների համար նախարար Ամիրյանը հատուկ առաջարկով էր ներկայացել: Այսպիսով, մշակութային բուհերի այն շրջանավարտները, որոնք արդարացիորեն բողոքում են մարզերում աշխատատեղերի պակասից, բայց ովքեր պատրաստ են վերադառնալ իրենց հայրենի գյուղեր և տեղում ստեղծել մշակութային միավորներ՝ պարախմբեր, երաժշտախմբեր, թատերախմբեր, լուսանկարչական խմբակներ և այլն, ապա նախարարությունը նախապես միասին քննարկելով առաջարկվող բիզնես պլանը, պատրաստ է երկու տարի անընդմեջ ֆինանսավորելու իրենց ներկայացրած առաջարկները՝ ստեղծելու այնպիսի նախագիծ, որը երկու տարի անց արդեն ինքնաբավ կառույցի կարգավիճակ կստանա, ընդունակ՝ սեփական միջոցներով հոգալու սեփական ծախսերը: Նախարարի այս հայտարարությանն ի պատասխան՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչը հայտարարեց.

«Իմ երազանքն է՝ սեփական քաղաքում՝ Չարենցավանում, թատերական խմբակ հիմնել»: Դրան ի պատասխան՝ նախարար Ամիրյանը հայտարարեց.

«Երկու տարի ֆինանսավորելու ենք ձեզ, պատրա՞ստ եք վերադառնալ Չարենցավան ու աշխատել»: «Պատրաստ ենք»,- պատասխանեց երիտասարդը:

ԻԿՕՄՕՍ միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը, ով նաև հուշարձանների և տեսարժան վայրերի հայաստանյան գրասենյակի ղեկավարն է, նախարարին դիմեց իրենց անհանգստացնող խնդրով, որն առնչվում էր մշակութային հուշարձանների ժառանգության պահպանության հարցերին.

«Մեր կազմակերպությունն անհանգստացած է հուշարձանների պահպանության՝ հանրապետությունում տիրող այսօրվա վիճակով: Ըստ էության, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ հուշարձանների պահպանությունն ու դրանց վերականգնման խնդիրը պատշաճ մակարդակի վրա չէ, համենայն դեպս՝ արդյունքները գոհացուցիչ չեն: Կարելի՞ է իմանալ՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ Մշակույթի նախարարությունն այն պարագայում, երբ մեծամասամբ, հայտնի է, խնդիրը պայմանավորված է կառավարման համակարգի ոչ կատարյալ վիճակով»:

Հնչեցված հարցին ի պատասխան՝ նախարարը չհերքեց՝ այո, խնդիրներ կան, առկա են.

«Շուտով մենք քննարկելու ենք նոր կառույցի ստեղծման հարցը, թե ինչպիսի կառույց ենք մենք նախատեսում, որը զբաղվելու է պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման և պահպանության աշխատանքներով: Նախատեսված է ստեղծել պահպանողական հատուկ ջոկատային խումբ, որը կարևոր աշխատանք ունի անելու: Ինչ վերաբերում է պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքներին, Դուք էլ գիտեք, որ այդ նպատակի համար տարեկան 250 մլն դրամ է տրամադրվում: Եթե չեմ սխալվում՝ ՀՀ ողջ տարածքում կա գրանցված 24.000 հուշարձան: Պատկերացրեք, եթե այսքան գումարը փորձենք միաժամանակ տրամադրել վերականգնման կարիք ունեցող բոլոր հուշարձանների վերանորոգման աշխատանքների համար, ոչինչ չի ստացվի: Դրա համար մենք փոխեցինք մեր մոտեցումները՝ կենտրոնացնելով հասանելիք գումարներն ավելի սահմանափակ թվով հուշարձանների վերականգնման համար, որպեսզի կարողանանք տարվա ընթացքում լիովին ավարտուն տեսքի բերել որոշակի քանակով հուշարձանների ամրակայումն ու վերանորոգումը: Մասնավորապես, 2017 թվականին մենք նախատեսում ենք ավարտին հասցնել թվով 7 հուշարձանների նորոգման և ամրակայման աշխատանքները, միաժամանակ շարունակելով նախկինում սկսված ևս 7 հուշարձանների ամրակայման և նորոգման աշխատանքները: Որպեսզի կատարվող աշխատանքներն առավել թափանցիկ լինեն, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և մասնագետների մեծ խմբով պատրաստվում ենք մայիսի-հունիս ամիսներին շրջայց կատարել վերականգնվող հուշարձանների տարածքներ, որտեղ աշխատանքներ են ընթանում, որպեսզի շինարարները կարողանան տեղում հաշվետվություն ներկայացնել՝ ի՞նչ են արել, որ քարը որ քարի վրա են դրել: Հանրությանը պետք է թափանցիկ հաշվետվություն ներկայացնել, թե գումարներն այս ոլորտում որտեղ և ինչպես են օգտագործվել: Նույն շրջայցը կկատարենք աշնանը՝ արդեն տեսնելու՝ ի՞նչ առաջընթաց են գրանցել շինարարական աշխատանքներն այս կամ այն հուշարձանի վերականգնման աշխատանքի ընթացքում, և ո՞ւր է հասել աշխատանքը»:

Մշակույթի նախարարի հետ նախատեսված ընդարձակ կազմով հանդիպման ընթացքում հնչեցին հարցեր՝ հանրապետության տարածքում վտանգված խաչքարերի պահպանության, պետական խորհրդանիշերի վերանայման, տոմսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի վերացման, Դիլիջան քաղաքում անուշադրության մատնված հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի մոր գերեզմանաթմբի պատշաճ տեսքի բերման, ինչպես նաև հարցեր՝ այլ խնդիրների առնչությամբ:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներից Վարդան Գևորգյանն էլ նախարարի հետ կիսվեց իրեն անհանգստացնող հարցով՝ արդյոք որտե՞ղ կարող են ինքը կամ իր դասընկերները «սխալվել», եթե բուհը, կարելի է ասել, չունի թատրոնի բեմ, որն իրենց հնարավորություն կտա անելու առաջին քայլերը, հաջողելու կամ չհաջողելու, կարճ ասած՝ սխալվելու: Նախարարը փորձում էր տեղում գտնել հնչեցված բոլոր հարցերի հնարավոր պատասխանները, բարձրացված խնդիրների արդյունավետ լուծման ուղիները:

Մշակույթի գործիչների հետ նախարար Ամիրյանի մշակութային հանդիպումը հանկարծ անսպասելիորեն ավարտվում է քաղաքական ենթատեքստով:

«Օրը շաբաթ է՝ քարոզարշավի իրականացման համար որևէ արգելքներ չկան»,- նկատում է Ա. Ամիրյանը: Հանդիպման վարողը՝ ՀՀ հանրային խորհրդի անդամ Գագիկ Մանասյանը, ով նաև նման ձևաչափով նախարարի և մշակույթի գործիչների հանդիպման նախաձեռնող կողմերից մեկն էր, հայտարարեց.

«Եթե ուզում ենք, որ այստեղ հնչած բոլոր խնդիրները ստանան իրենց տրամաբանական լուծումները, եթե ուզում ենք, որ կառավարությունն իր նախկին թիմով կարողանա շարունակել սկսված աշխատանքները, ապա սրա համար, բնականաբար, անհրաժեշտ է Հանրապետական կուսակցության հաղթանակը: Սա պարտադրանք չի, այլ ցանկություն, որն առաջացավ հենց այստեղ՝ ինքնաբուխ ձևով: Պատրաստակամություն ենք հայտնում աջակցել Հանրապետական կուսակցությանը, որպեսզի այն, ինչի մասին խոսվեց այս դահլիճում, իրականություն դառնա, իսկ մենք ուզում ենք, որ դրանք իրականություն դառնան»:

Շնորհակալություն հայտնելով Գագիկ Մանասյանին՝ Արմեն Ամիրյանն առաջարկեց այլ տարբերակ.

«Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ընտրության օրը քվեախցիկում նշելու են համար 6-ը՝ ընտրելով մեր կուսակցությունը: Որևէ պարտադրանք խնդրում եմ չլինի, շնորհակալություն վարչապետի և մեր թիմի բոլոր մարդկանց անունից»:

Տեսանյութեր

Լրահոս