«Ողջունելի է, որ ԵՄ մոտեցումներում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, քանի որ նախկինում «կամ-կամ»-ի հարց էր դրվում». Արարատ Զուրաբյան

«Մի փոքր ազնիվ լինենք և  առաջնորդվենք քաղաքական պրագմատիզմով, պետք է արձանագրենք մեկ բան, որ ՀՀ-ն իսկապես յուրահատուկ վիճակում է գտնվում»,- քիչ առաջ ընտրություններին մասնակցող կուսակցությունների սոցիալ-քաղաքականությանն ու մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրային դրույթներին նվիրված,  «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Քարոզարշավ բոլորի համար» միջոցառումների շարքի հերթական  հանդիպման ընթացքում, որը կրում է «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև» խորագիրը, այս մասին ասաց ՀՀՇ նախագահ,  «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով օրերս նախաստորագրված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Արարատ Զուրաբյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ներկայացնելով ՀՀՇ կուսակցությունը, եղել է և  կողմնակիցն է ԵՄ-ի հետ  ասոցիացման, համարել է ու համարում է դա կարևորագույն  հնարավորություն  Հայաստանի ապագայի ձևավորման սկզբնաքարը դնելու հարցում։ Նա նշեց, որ  լրջորեն գիտակցում է այն բոլոր վտանգները, որոնք առկա են այդ հարցում։

Ըստ Զուրաբյանի՝ պատահական չէր, որ ՀՀ իշխանությունները, որոնք  մինչև 2013թ. սեպտեմբերի երեքը  կողմնակից էին Ասոցացման համաձայնագրին, այն  գրեթե հասցրել էին վերջնակետին, ինչ-որ պահի վարանեցին և ետ կանգնեցին դրանից։ Այդ ժամանակ, ի թիվս այլոց, որպես քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդ, նրա խոսքով, ինքը ևս քննադատեց իշխանություններին, որոնք ապարդյուն մի քանի տարի բանակցություններ վարելուց հետո  հետ կանգնեցին այդ ուղուց և գնացին ընդհանրապես այլ ուղղությամբ։

«Սակայն, եթե մի փոքր ազնիվ լինենք և  առաջնորդվենք քաղաքական պրագմատիզմով, պետք է արձանագրենք մեկ բան, որ ՀՀ-ն իսկապես յուրահատուկ վիճակում է գտնվում։ Եթե նույնիսկ Ուկրաինայի նման հզորագույն պետությունը, որն իսկապես  փորձ կատարեց գնալ ԱՀ-ի ուղղությամբ,  ականատես եղանք՝ ինչ ճակատագրի  արժանացավ, ապա փխրուն Հայաստանի համար դա կարող էր լինել  կործանարար։ Այսինքն՝ մեր ցանկությունները, տեսլականը, մեր համար ցանկալի զարգացումը  պետք է համեմատել այն հնարավորությունների և  կորուստների հետ, որոնք Հայաստանը կարող է ունենալ»,- նկատեց Արարատ Զուրաբյանը։

Կարդացեք նաև

Նրա գնահատմամբ՝ ողջունելի է, որ այս համաձայնագիրը  նախաստորագրվեց, առավել  ողջունելի է, որ ԵՄ մոտեցումներում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետև մինչ ԱՀ ստորագրումը հարցը դրված էր  «կամ-կամ», իսկ հայկական կողմը նշում էր, որ «և-և»-ի կողմնակիցն է, որովհետև տեսնում էր այն վտանգները, որոնք առկա էին։

«Գիտենք ՌԴ խանդը տարածաշրջանի հանդեպ, գիտենք՝ ինչով է հղի ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելը,  շատ լավ պատկերացնում ենք, թե ինչ գին կարող ենք վճարել, և ես կարծում եմ, որ  այն, որ այսօր նախաստորագրվում է, խոսում է այն մասին, որ ՀՀ-ին հնարավորություն  է տրված Եվրոպայի հետ զարգացնել հարաբերությունները, խորացնել։ Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչի այս կամ այն էլեմենտի պակաս լինելուն, ապա ես հավատացած եմ՝ այն օրը, երբ Հայաստանի «Երազ» գործարանը արտադրի «Մերսեդես», հաստատ  համոզված եղեք, Եվրոպայում այն տեղ կգտնի, և որևէ  խոչընդոտ դրա համար չի լինի։ Շատ բան կախված է մեր տնտեսական  զարգացումից»,- նման տեսակետ հայտնեց Արարատ Զուրաբյանը։

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի կողմնորոշմանը՝ Զուրաբյանն ասաց, որ դաշինքը  կողմնակից է ԵՏՄ-ի հետ առավելագույնս զարգացնել հարաբերությունները, օգտվել ԵՏՄ շուկայից, բայց  դաշինքը նաև  խորացված  եվրոպական ինտեգրման կողմնակից է։ «Իմ կողմից էլ սա  շատ ողջունելի է՝ նախաստորագրումը, քայլերը շատ ճիշտ տրամաբանությամբ ընթանում են։ Ավելի պրագմատիկ մոտեցում է մեզ պետք։ Այս հարցով մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում»,- ասաց Արարատ Զուրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս