«Ցավում եմ, որ այդ կտրուկ շրջադարձը տեղի է ունեցել». Արարատ Զուրաբյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մասին

«Մշտապես կասկածելի էր, երբ որևէ ձերբակալություն տեղի է ունենում նախընտրական պրոցեսի ժամանակ, թե ինչ շահեր են այդտեղ գործում, միշտ անհասկանալի ու կասկածելի են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը՝ խոսելով  ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին:

Նա համոզված է, որ շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ պարզ կլինի. «Մի քիչ անհասկանալի, մի քիչ անըմբռնելի երևույթ է այս պրոցեսը: Թե ի՞նչ նպատակ է հետապնդում, պարզ չէ, մի քիչ պետք է սպասենք: Այն, ինչ այսօր շրջում է հրապարակում, մի քիչ անլուրջ է թվում, և որևէ հավատ չի ներշնչում»:

Հարցին, թե՝ ԱԱԾ-ի հայտարարություններին չե՞ք հավատում, Ա. Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Էլի եմ ասում՝ անմեղության կանխավարկածն այստեղ շատ կարևոր է: Կարծում եմ՝ քննող մարմինը պետք է շատ լուրջ հիմնավորումներ ներկայացնի: Ամեն դեպքում, ՀՀ-ում ընտրություններ են, և մի անձ, որ մի քիչ ավելի կոշտ մոտեցումներ ունի կամ դիտարկվում է որպես այդպիսին, մեկուսացված է, թե ինչո՞ւ, չգիտենք»:

Ա. Զուրաբյանը նաև անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին՝ ասելով, որ կապ չի տեսնում այդ հարցազրույցի և Ս. Բաբայանի ձերբակալության միջև. «Տեր-Պետրոսյանի այս կոչով հանդես գալը համարում եմ նախընտրական քարոզչությանն ուղղված որոշակի պրոցես, գտնում եմ, որ չկա Հայաստանում մարդ, որը չի ցանկանում խաղաղություն, բայց խաղաղության լավագույն երաշխավորն ուժեղ Հայաստան ունենալն է, միշտ պատրաստ լինելն է պատերազմին: Մի բան ակնհայտ է, որ բանակցային պրոցեսից դուրս է մնացել է ԼՂՀ-ն, ինչը ներկայիս իշխանությունների պատճառով է եղել: ԼՂՀ ճակատագիրը պետք է ԼՂՀ ժողովուրդը որոշի: Ընդ որում, սա նախընտրական քարոզչություն իրականացնելու լավագույն թեման չէ»:

Կարդացեք նաև

Լրագրողներից մեկի այն հարցին, թե՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ Լ. Տեր-Պետրոսյանը հարցազրույցի ժամանակ լեգիտիմացրեց ՀՀԿ-ին, իսկ 2008-ին խոսում էր «ավգյան ախոռները» մաքրելու մասին, Ա. Զուրաբյանը պատասխանեց, որ հռետորաբանությունը փոխվել է. «Ցավում եմ, որ այդ կտրուկ շրջադարձը տեղի է ունեցել, այդ կոնստրուկտիվիզմը հիմա առկա է: Ես գտնում եմ, որ այս հարցը բավականաչափ դեռ ժամանակ է տանելու, կարելի է  ասել՝ չի երևում, թե երբ կլինի լուծումը, մի բան ակնհայտ է, որ հասարակությունները պետք է պատրաստ լինեն խաղաղությանը, իսկ Ադրբեջանում ոչ ոք դրան պատրաստ չէ: Ես գտնում եմ, որ խաղաղությունը ձեռք են բերում՝ ուժեղ պետություն լինելով, ուժեղ ռազմական ուժեր ունենալով, իսկ նախագահի պաշտոնը հնարավորություն է տալիս գնալ բանակցությունների և անել բավականաչափ բան: Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը բավական մեծ ժամանակ ունեցել են բանակցային պրոցեսին ինչ-որ ակտիվ ընթացք տալու, բայց դա չի հաջողվել, հիմա էլ կարծում եմ, որ սրա մասին խոսելն ավելի շատ նախընտրական խնդիր է լուծում»:

Տեսանյութեր

Լրահոս