
Մեծ Բրիտանիան Brexit-ը կգործարկի մարտի 29-ին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կգործարկի մարտի 29-ին: Այդ մասին հայտնել է The Guardian թերթը՝ վկայակոչելով ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Թիմոթի Բարոուի արած հայտարարությունը:
Առաջին քայլը կդառնա Brexit-ի մեկնարկի վերաբերյալ ԵՄ-ին ծանուցելը:
Ավելի վաղ Միացյալ Թագավորության կառավարությունում հայտարարում էին, որ ընթացակարգը կգործարկվի մարտի վերջից ոչ շուտ:
Մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել էր առանց ուղղումների Brexit-ի գործընթացը գործարկելու փաստաթուղթը: Մարտի 16-ին Brexit-ին վերաբերող օրենսդրությանը պաշտոնապես հավանություն էր տվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:
2016 թվականի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե է անցկվացվել Եվրամիության կազմից երկրի դուրս գալու շուրջ: Պաշտոնական տվյալներով՝ հանրահարցման մասնակիցների 51,9 տոկոսը հանդես է եկել Brexit-ի օգտին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Լուսանկարը` AFP