Մոր և երեխայի հարաբերությունները ոչ լիարժեք ընտանիքում. Ամուսնալուծության հոգեբանություն

Ոչ լիարժեք ընտանիքում երեխաների դաստիարակման հարցը մոր կողմից առավել հստակ և շեշտված է լինում, քան լիարժեք ընտանեկան կառույցում: Դա հատկապես առավել արտահայտված է լինում, երբ ընտանիքի ոչ լիարժեքության պատճառն ամուսնալուծությունն է: Որպես կանոն՝ նման դեպքերում դաստիարակման գործընթացի և, առհասարակ, մայր-երեխա փոխհարաբերությունների ամբողջական կառույցի դրսևորումը համեմատաբար հուզականորեն հագեցած է լինում: Ընդ որում, մոր վարքը՝ կապված երեխայի հետ հարաբերություններին, դիտարկվում է երկու ծայրահեղ դրսևորումներով.

գ Մի դեպքում՝ մոր դերը և վարքը հանդես է գալիս կոպիտ, սահմանափակող, վերահսկող դաստիարակչական ձևաչափով: Սա առավել արտահայտվում է տղա երեխաների դեպքում: Ըստ հոգեբանների՝ նման վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ մայրը խանդով է վերաբերվում տղա-հայր հանդիպումներին, տղայի հանդեպ ունի հուզական անբավարարվածության մշտական զգացողություն և դժգոհություն՝ երեխայի մեջ նախկին ամուսնու բնավորության ենթադրվող գծերի արտահայտման հանդեպ:

գ Մյուս դեպքում՝ ամուսնալուծությունից հետո, մոր վարքի դրսևորումը, ի տարբերություն վերը նշված տարբերակի, լրիվ այլ կերպ է արտահայտվում: Տվյալ դեպքում մայրը նպատակաուղղված է՝ իր ազդեցությամբ լրացնել այն բացը, որը, ըստ իրեն, առաջանում է հոր բացակայության հետևանքով: Ըստ երեխաների հանդեպ արտահայտված վերաբերմունքի՝ նման մայրը կատարում է խնամող, պաշտպանող, կառավարող, երեխայի նախաձեռնությունների իրականացման վերահսկող դեր, որը, իր հերթին՝ նպաստում է հուզականորեն խոցելի, չնախաձեռնող, ոչ ինքնուրույն, արտաքին ազդեցություններին ենթարկվող, եսասեր անձի ձևավորմանը:

Երեխայի հանդեպ դրսևորած վերաբերմունքի և վարքային կառույցից զատ, մայրը նաև սեփական կյանքի մոդելի ձևավորմամբ է զբաղվում: Իսկ նման հեռանկարային ձևավորումը ունենում է մի քանի բովանդակային, դերային և արժեհամակարգային կարգախոս՝ կախված մոր անհատական առանձնահատկություններից և իրավիճակային գնահատումից: Դրանք հետևյալն են.

1. Առաջին կարգախոս. «Կյանքը՝ հանուն երեխայի»: Կորցնելով ամուսնուն, կինն իր բոլոր հույսերը կապում է երեխայի հետ, նրա դաստիարակման մեջ է տեսնում իր ամբողջ կյանքի իմաստն ու նպատակը: Նա մերժում է բոլոր այլ փոխհարաբերությունները՝ ընկերներ, անձնական կյանք:

Խուսափում է կյանքի ցանկացած փոփոխությունից՝ ունենալով մտավախություն, որ դա դուր չի գա երեխային և կազդի նրա դաստիարակչական գործընթացի վրա: Սահմանափակվում է երեխայի ինքնուրույնությունը, քանի որ յուրաքանչյուր սխալ, յուրաքանչյուր անհաջողություն հետք է գցում ծնողական կերպարի կատարելության վրա: Աստիճանաբար գալիս է այն գիտակցումը, որ մայրը զոհաբերել է իր կյանքը հանուն երեխայի, ինչը հետագայում, գուցե նաև չգիտակցելով, պահանջում է սեփական երեխայից: Նա պետք է զոհաբերի իր կյանքը՝ հանուն ծերացող մոր:

Մոր սիրո հիմքում «բաց չթողնելու» բովանդակությունն է: Հետագայում, նման կառավարվող գերխնամքը երեխայի մեջ առաջացնում է ըմբոստություն, ինչն առավել արտահայտված դրսևորվում է դեռահասության տարիքում: Նման իրավիճակը հետևանքային բնույթ է կրում թե՛ տղա, թե՛ աղջիկ երեխաների հետագա զարգացման և ձևավորման մեջ: Երիտասարդը, ով մեծացել է կանացի մթնոլորտում, հաճախ, իր կյանքի ընթացքում, փնտրում է ընկերուհու, ով նման կլինի իր մոր կերպարին: Ով կլինի նույնքան քնքուշ, խնամող, կես խոսքից հասկացող, սիրով նրա ամեն մի քայլը վերահսկող: Նա վախենում է ինքնուրույնությունից, որին երբեք սովոր չի եղել մայրական ընտանիքում: Իսկ աղջիկ երեխան, մերժելով մոր բնավորության գծերը, նրա վարքը, գերխնամքը, վերահսկողությունը և, միևնույն ժամանակ, տղամարդու կերպարի մասին չունենալով ոչ մի հստակ պատկերացում՝ կարող է չմտածված և անկանխատեսելի քայլերի գնալ:

2. Երկրորդ կարգախոս. «Ամուսնու կերպարի հետ պայքար»: Կանանց համար ամուսնալուծության փաստը, որպես կանոն, ընկալվում է՝ որպես անձնային ողբերգություն: Նման իրավիճակի արդարացումը հիմնականում ուղեկցվում է նախկին ամուսնու կերպարի փնովմամբ: Ինչի շնորհիվ նա փորձում է տվյալ իրավիճակի ստեղծման մեջ բացառել սեփական մեղքի մասնաբաժնի գոյությունը: Տարվելով նման ռազմավարությամբ՝ կինը սկսում է այդ բացասական կերպարի հրամցումը նաև սեփական երեխային: Բացասական վերաբերմունքը նախկին ամուսնու հանդեպ շատ մեծ և ոչ կառուցողական ազդեցություն է թողնում հիմնականում երեխայի 5-6 տարեկան հասակում, ինչպես նաև՝ դեռահասության տարիքում:

Այս տեսակի մայրերը, առհասարակ, շատ բացասաբար են վերաբերվում երեխա-հայր հանդիպումներին:

Նման «Հակահայր» դաստիարակման հետևանքները երկու արդյունքի կարող են հանգեցնել: Առաջին դեպքում մոր ջանքերը՝ ստեղծել երեխայի մոտ բացասական հոր կերպար, պսակվում են հաջողությամբ: Հորից հիասթափված տղան իր ամբողջ սերը և ուշադրությունը կենտրոնացնում է դեպի մայրը: Իսկ եթե մայրն իր տեսակետը տարածում է առհասարակ բոլոր տղամարդկանց վրա, ապա տղա երեխային դժվար է լինում մեծանալ՝ որպես տղամարդ, և նրա մոտ ձևավորվում են կանացի հոգեբանական որակներ և հետաքրքրություններ:

Իսկ աղջիկ երեխաների մոտ կորչում է հավատն ու վստահությունը տղամարդու կերպարի հանդեպ: Նման մտածելակերպով աղջիկները դժվարությամբ են ընտանիք կազմում, քանի որ չեն հավատում իրական սիրուն, ընտանեկան ամրությանը և պաշտպանված լինելուն: Երկրորդ դեպքում մոր ջանքերը՝ երեխայի աչքերում ստեղծել հոր բացասական կերպարը, իզուր են լինում: Երեխան շարունակում է սիրել հորը և բաշխվել իր համար սիրելի երկու մարդկանց միջև, որոնք իրենց հերթին՝ չեն ընդունում միմյանց: Նման իրավիճակը հետագայում կարող է հանգեցնել երեխայի հոգեբանական կյանքի և անձի երկատմանը:

Շարունակելի…

Տեսանյութեր

Լրահոս