Ճապոնիան և Հարավային Կորեան ցանկանում են ամրապնդել ԱՄՆ-ի հետ դաշինքը

Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան կողմ են արտահայտվել երկկողմ կապերի և համագործակցության ամրապնդմանն իրենց ընդհանուր դաշնակից Միացյալ Նահանգների հետ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով երկու երկրների ղեկավարների հայտարարությունները։

Ղեկավարները Ճապոնիայի կառավարության ղեկավարի նստավայրում՝ Տոկիոյում, երկկողմ բանակցություններից հետո նշել են, որ աշխարհում ստեղծված բարդ իրավիճակի համատեքստում Սեուլի և Տոկիոյի հարաբերությունների կայուն զարգացումը համապատասխանում է երկու երկրների շահերին և օգուտ է բերում ամբողջ տարածաշրջանին։

«Այս պայմաններում Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև համագործակցության ամրապնդումը չափազանց կարևոր է»,-ասել է Ճապոնիայի վարչապետը։

Վերջինս նաև հանդես է եկել Տոկիոյի և Սեուլի միջև ռազմավարական երկխոսության և ԿԺԴՀ-ի (խմբ․՝ Հյուսիսային Կորեա) «լիակատար ապամիջուկայնացման» օգտին։

Կորեայի Հանրապետության նախագահն էլ, իր հերթին, նույնպես ընդգծել է «Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման, երկու երկրների միջև անսասան հարաբերությունների ամրապնդման և Միացյալ Նահանգների հետ համագործակցության» կարևորությունը։

Լի Չժե Մյոնը նշել է, որ Սեուլը և Տոկիոն մտադիր են վերսկսել այցելությունների կանոնավոր փոխանակումները ամենաբարձր մակարդակով։ Նա ընդգծել է, որ կողմերը համաձայնել են համագործակցել ընդհանուր սոցիալական խնդիրների, այդ թվում՝ ծերացող բնակչության և ցածր ծնելիության խնդիրների լուծման գործում։

Նշվում է, որ Հարավային Կորեայի նախագահը պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին պաշտոնական այցը կատարում է հենց Տոկիո, ինչը համընկնում է երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 60-ամյակի հետ։

Հաղորդվում է, որ Տոկիոյից հետո Լի Չժե Մյոնը կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031