«Ընտրապայքարից դուրս է գալիս ՀՅԴ-ն կամ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը». Արման Մուսինյանը գրազ առաջարկեց

Քիչ առաջ ընտրություններին մասնակցող կուսակցությունների սոցիալ-քաղաքականությանն ու մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրային դրույթներին նվիրված,  «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված   «Քարոզարշավ բոլորի համար» միջոցառումների շարքի հերթական  հանդիպման ընթացքում բանավեճ ծավալվեց ՀԱԿ և ՀՅԴ ներկայացուցիչների միջև։

ՀԱԿ անդամ Արման Մուսինյանը, խոսելով գործող իշխանության քաղաքականությունից, նշեց, որ ցանկացած խնդրում իշխող ուժը հղում է կատարում ընթացակարգերի, բարեփոխումների, երբ խնդիրը հետևյալն է՝ ՀՀ-ում  գոյություն չունի քաղաքական պատասխանատվություն, դրանից խուսափում են։

Նա խոսեց կոռուպցիայից, կրթական ոլորտից, անվտանգությունից, և այլն, և այլն։ Նա նշեց, որ բոլոր ոլորտների հետընթացն ակնհայտ է։ «Մեզ այսօր հրամցնում են անվտանգություն և առաջընթաց, իսկ Հայաստանը դարձել է էլ ավելի պակաս անվտանգ, և ՀՀ-ում բոլոր ոլորտներում ձախողում և հետընթաց է գրանցվում»,- նկատեց Մուսինյանը։

Ի պատասխան՝ ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանն ասաց, որ հետաքրքիր է, երբ անվտանգությունից խոսում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի ղեկավարը  հանրապետության առաջին օրերին ասում էր, թե՝ «մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է»։

Կարդացեք նաև

«Համեմատություն արվեց 1998 թվականի հետ, իսկ 1990 թվականի հետ համեմատած՝ իրավիճակն ինչպիսի՞ն է, երբ տվյալ քաղաքական ուժի ղեկավարը դարձավ ՀԽՍՀ Գերագույն  Սովետի նախագահ, 1990 թվականի ամառվանից մինչ այսօր շարունակվում է արտագաղթը,  արտագաղթն ամենաշատը 1990-1998թթ. է եղել, ներկայումս արտագաղթը  կա, բնականաբար, դա ոչ ոք չի ժխտում, բայց հիշենք, թե 1991թ., 1992թ. այդ արտագաղթն ինչքան էր, հիշենք, թե ով դրեց այս արատավոր համակարգի հիմքը։ Այս օլիգարխիկ տնտեսության մասին երբ խոսում ենք, ինչպե՞ս այն առաջացավ, ինչպե՞ս «Կապիտալի նախնական կուտակում» թեզի անվան տակ՝ պետության ժողովրդի տարիներ շարունակ  ստեղծած հարստությունը վաուչերային պրիվատիզացիայի անվան տակ փոշիացվեց, ինչպե՞ս պետգույքը, որը 70 տարի ստեղծվել էր,  բաժանվեց մեկին տասը հարաբերակցությամբ»,- ասաց Խաչատրյանը՝ պնդելով, որ արատավոր համակարգի հիմքը դրվեց այն ժամանակ։ Ըստ նրա՝ այո, դրան հաջորդած  իշխանությունների մեղքն է, որի նախկին իշխանությունների արատավոր գործունեության   վրա աչք փակեցին։

Իր հերթին՝ Արման Մուսինյանը դաշնակցական բանախոսին գրազ առաջարկեց։ «Եթե Արթուր Խաչատրյանը ներկայացնում է ելույթ կամ ձայնագրություն, սղագրություն, որտեղ Տեր-Պետրոսյանն ասել է, որ «մեր պաշտպանվածությունը  մեր անպաշտպանության մեջ է», ես ՀԱԿ-ՀԺԿ  դաշինքի անունից հայտարարում եմ, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը դուրս է գալիս ընտրապայքարից։ Եթե Արթուր Խաչատրյանը և ՀՅԴ-ն չի կարողանում ներկայացնել ելույթ, ձայնագրություն, սղագրություն, որտեղ ասվել է նման բան, ապա ՀՅԴ-ն դուրս է գալիս ընտրապայքարից։ Ես պնդում եմ, որ ՀՅԴ գործընկերն այս պահին ասում է մի բան, որն իրականության հետ որևէ կապ չունի, եթե ինքը վստահ է, առաջարկում եմ այդ գրազն ընդունել տեսախցիկների առջև։ Մենք մի իշխանություն ենք, որն 1991թ. իշխանություն է  վերցրել  29 հազար քառակուսի կիլոմետրի վրա և 1998թ. հանձնել է իշխանությունը 42 հազար քառակուսի կիլոմետրի վրա, այսօր մենք ունենք իշխանություն, որն անվտանգության հարցերում ոչ միայն ձախողվում է, այլև ապրիլյան պատերազմում տվել է կորուստ։ Պարոն Խաչատրյանը կնշի՞ տնտեսության մեկ ոլորտ, որտեղ մինչև 1998թ. գործել է որևէ ոլորտում որևէ ապրանքատեսակի մենաշնորհ»,- ասաց Արման Մուսինյանը։

Միջոցառման վարող Սաթիկ Սեյրանյանի  դիտարկմանը, թե՝ եղել է մետաղների արտահանման մենաշնորհ, որը եղել է նախկին նախագահի եղբոր ձեռքին, Մուսինյանն արձագանքեց՝ պնդելով, թե դա չի համապատասխանում իրականությանը։ Դաշնակցական Արթուր Խաչատրյանը հրաժարվեց գրազից՝ պնդելով, որ կուսակցությունում որոշումները կոլեգիալ են ընդունվում։ «Ես, ի տարբերություն շատ այլ կուսակցությունների, այդ լիազորությունը չունեմ՝ նման պատասխանատվություն վերցնեմ և նման պնդում անեմ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս