
«Հարկային հստակ շեմ սահմանելը փոքր և միջին բիզնեսի զարգացման համար խոչընդոտ չէ». Կարեն Կարապետյան

Ամբողջ աշխարհում կա փոքր և միջին ձեռնարկությունների համար հաստատված ռեալ շեմ, որից բարձր շրջանառության դեպքում հարկերն ավելանում են: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով բնակիչներից մեկի դիտարկմանը, թե փոքր և միջին բիզնեսի համար սահմանված տարեկան 115 միլիոն դրամի շրջանառության շեմը չի մոտիվացնում գործարարներին, որպեսզի նրանք մեծացնեն բիզնեսը, քանի որ մտնելու են ավելացված արժեքի հարկի տակ և ավելի շատ հարկ են վճարելու:
«Եթե դուք ռեալ գործարար եք և ցանկանում եք ավելի շատ փող աշխատել, իրականում այդ շանսն ունեք, կարծում եմ, որ դա ձեզ համար խոչընդոտ չէ: Այլ խնդիր է, որ մենք չկարողանանք ապահովել հավասար հարկային պայմաններ և դուք էլ վստահ չեք լինի, որ դուք վճարում եք նույնքան հարկ, որքան, օրինակ, ձեր մրցակիցը»,- մանրամասնեց վարչապետը` ընդգծելով, որ ինքը ցանկանում է, որ շատ գործարարներ ունենան տարեկան 1 միլիարդ դրամի շրջանառություն ու չխուսափեն հարկ վճարելուց:
Նա հավելեց, որ հարկային անհավասար պայմանների դեմ պայքար մղելը կառավարության խնդիրն է, սակայն հարկային հստակ շեմ սահմանելը բիզնեսի համար խոչընդոտ չէ: Նա պարզաբանեց, որ որքան խճճված ու բարդ է լինում հարկային համակարգը, այնքան բարձր են կոռուպցիոն ռիսկերը` ընդգծելով, որ տվյալ դեպքում համակարգը շատ պարզ է ու սահմանված է հստակ շեմ, ինչը թույլ է տալիս խուսափել կոռուպցիոն ռիսկերից: