«Հուսահատությունն ու օտարվածությունը ոչ մի տեղ տանող ճանապարհ է». Ստյոպա Սաֆարյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջդրված թեկնածուներն այսօր Նոր Նորքում հանդիպում են քաղաքացիներին։
Կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ մարդկանց ասելու են՝ մի մերժեք ազատության և ժողովրդավարության՝ ձեզ մեկնված ձեռքը։
«Մի՛ մերժեք այն հեռանկարը, որը բերում են «Ազատ դեմոկրատները», որը բարեկեցության, անվտանգության, զարգացման մասին է, որը եվրոպական տիպի բարեկեցիկ պետություն ունենալու, երիտասարդությանն աշխատատեղերով, զբաղվածությամբ ապահովելու մասին է, նվազագույն կնսաթոշակները կրկնակի բարձրացնելու, միջին աշխատավարձը բարձրացնելու, պաշտպանության և առողջապահության ծախսերը կրկնապատկելու, որակյալ կրթության մասին է»,- ասա Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ մարդիկ իսկապես լուրջ խոսքի, լուրջ ծրագրերի կարիք ունեն.
«Ես, իհարկե, չեմ կարող խոսել բոլորի անունից կամ բոլորի համար։ Գիտեք՝ երկրում աղքատությունը, սոցիալ-տնտեսական հետընթացը, նաև ապօրինություններն ու կամայականություններն այն աստիճանի են զարգացել, խորացել, արտագաղթն այնպիսի չափերի է հասել, որ մեր համաքաղաքացիներից շատերը, այո՛, հուսահատության մեջ են։ Հուսահատության մեջ են, բայց լուծումների փնտրտուքում, և, թերևս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ որպես ամենահամարձակ, ամենախիզախ ծրագիրը ներկայացնող ուժ, չի վարանում ընտրողներին ասել, որ լուծումը համակարգային փոփոխությունների, այս համակարգն արմատապես վերանայելու, մեր կյանքի, պետության ընթացքը վերանայելու մեջ է»։
Նա նշեց, որ իրենց թիմը համախմբված է, միմյանց դեմ չեն պայքարում։ Ըստ նրա՝ «Ազատ դեմոկրատներն» ընտրապայքարի մեջ մտել են երկրում փոփոխություններ բերելու, մեր կյանքի և երկրի ընթացքը փոխելու համար։
Հռիփսիմե Բոչոլյանն էլ ասաց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական և պետական կառավարման ոլորտում, իզուր չէ, որ կուսակցության ցուցակի 60 տոկոսը երիտասարդներ են։ Նա նշեց, որ ամեն տարի նշվում է երիտասարդության օրը՝ առանց համապատասխան օրենքի.
«Պետությունը պարտավոր է տարեկան երիտասարդական քաղաքականության համալիր ծրագիր ներկայացնել, որը կհաստատվի օրենսդիր մարմնի կողմից և կֆինանսավորվի պետական բյուջեից։ Դա բացառապես պետք է ուղղված լինի երիտասարդների հիմնախնդիրները լուծելուն։ Առաջնայինը գործազրկության խնդիրն է. երիտասարդներին պետք է ապահովել աշխատանքով»։
Ստյոպա Սաֆարյանն էլ հավելեց, որ երիտասարդացնելու են բավական երիտասարդ, բայց դեռևս կաղացող պետականությունը, երիտասարդության համար մեծագույն հեռանկարներ են բերելու։
«Պատահական չէ, որ հենց մեր քաղաքական ուժն է հստակ դրել Եվրոպական Միության հետ Հայաստանի սերտ ինտեգրման խնդիրը, Եվրոմիության հետ ազատ և առանց մուտքի վիզաների այցելության խնդիրը։ Եվ սա ամենևին ճամփորդության մասին չէ։ Սա մեր երիտասարդների, գործարարների, մտավորականների, արվեստագետների, բժիշկների և բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց համար մեծ հորիզոններ բացելու համար է»,- նշեց նա։
Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ իրենք մարդկանց համոզում են, որ հուսահատությունը ելք չէ, հուսահատությունն ու օտարվածությունը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, մեր միակ և ամենաարդյունավետ ճանապարհը կյանքի փոփոխության իրավունքը մեր ձեռքը վերցնելն է.
«Մենք մեր հայրենակիցներին վերադարձնելու ենք թե՛ իշխանություն, թե՛ արդարադատություն, թե՛ օրինականություն, և թե՛ բարեկեցության, իրենց կյանքը, արարումները շարունակելու բոլոր հեռանկարները»։