Բաժիններ՝

Լիբիայի ազգային բանակն սկսել է Ռաս Լանուֆի ազատագրման գործողությունը

Լիբիայի կառավարական բանակը նավթի հանքավայրերը վերահսկողության տակ վերադարձնելու նպատակով մարտի 14­-ին սկսված գործողության ընթացքում զինյալներին դուրս է քշել երկրի Ռաս Լանուֆ քաղաքի օդանավակայանից, հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:

Մարտ ամսի սկզբին այսպես կոչված «Բենգազիի պաշտպանության բրիգադները» գրոհել են Էս Սիդր եւ Ռաս Լանուֆ նավահանգիստները՝ այնտեղից դուրս մղելով Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի ուժերին: Այնուհետեւ նրանք նավթային օբյեկտները հանձնել են Տրիպոլիում Լիբիայի իշխանությունների վերահսկողությանը, որոնք ըստ որում ժխտում են մասնակցությունը գրոհին:

Մարտի 14-­ին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում երկրի արեւելքում նիստեր գումարող Լիբիայի խորհրդարանի խոսնակ Աքիլյա Սալեհ Իսան հայտարարել է, որ լիբիական ազգային բանակը մոտ ժամանակներս կվերադարձնի վերահսկողությունը նավթի հանքավայրերի եւ նավահանգիստների նկատմամբ, որոնք զավթել են զինյալները:

Լիբիայում ներկայում երկիշխանություն Է տիրում. երկրի արեւելքի Թորբուք քաղաքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում է  ՄԱԿ-­ի եւ Եվրոպայի օգնությամբ ձեւավորված՝ ազգային հաշտության կառավարությունը՝ Ֆայեզ աս Սարաջի գլխավորությամբ:

Աքիլյա Սալեհ Իսան ղեկավարում է 2014 թվականի ընտրություններում ընտրված խորհրդարանը, որը փաստորեն կառավարում է արեւելյան շրջանի ընդարձակ տարածքները:

Ըստ որում խորհրդարանը հրաժարվում է ճանաչել ազգային հաշտության կառավարությունը եւ Տրիպոլիի նախագահական խորհուրդը՝ աս Սարաջի ղեկավարությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս