«Ժողովուրդը պետք է հասկանա, թե ում է ընտրում և ումից է պահանջելու». Բագրատ Եսայան

«Ձայների առքուվաճառքը սկսված է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով ԱԺ ընտրություններին առաջադրված թեկնածու Լյովա Խաչատրյանը։ Նա նշեց, որ քարոզարշավ գոյություն չունի, գոյություն ունի քարոզարշավի իմիտացիա. «Շատ քիչ քաղաքական ուժեր են, որ իրոք հանդիպում են, իրոք ինչ-որ ծրագրեր են ներկայացնում։ Դրանցից մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։ Տեսնում եք բազմամարդ հավաքներ, իսկ հավաքների իրական կամ ոչ իրական լինելը շատ պարզ նկատվում է մարդկանց դեմքից՝ եկե՞լ են, թե՞ քշել-բերել են։ Մեզ մոտ հավաքները կարծես թե ինքնաբուխ են, մարդիկ գալիս են, բարձրացնում իրենց խնդիրները, լսում, արտահայտում մտահոգությունները, և պատահական չէ, որ գրեթե բոլոր հանդիպումներում բարձրաձայնում են՝ փրկեք, միակ հույսը դուք եք»։

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության թեկնածու Բագրատ Եսայանն ասաց, որ առնվազն ծրագրեր, գաղափարներ ներկայացվում են քարոզարշավի ընթացքում. «Եթե Հայաստանում քաղաքական ուժ կա, դա Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է»։

Նա նշեց, որ համակարգը փոխվել է, անհատները չեն կարող շատ բան որոշել, իսկ քաղաքական ուժերի մի մասը կարծես մի փոքր հետ է մնացել այսօրվա իրականությունից, երբ ընտրությունը պետք է կատարվի ոչ թե անհատի, մեսիայի հետ հույս կապելով, այլ քաղաքական թիմի, նրա ծրագրի և գաղափարների միջև։ Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն մեկ օրվա քաղաքական ուժ չէ, կարճաժամկետ նպատակներ չեն դնում, պատասխանատվություն են կրում իրենց ասածների համար։

Լյովա Խաչատրյանն էլ ասաց, որ քաղաքական խորհրդարան չենք ունենալու, քանի որ քաղաքական ընտրություններ չունենք. Ընտրական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս քաղաքական ընտրություն կատարել։ «Ունենալու ենք առնվազն 51 տոկոսով ոչ լեգիտիմ խորհրդարան, դեռ չծնված, ոչ լեգիտիմ»։ Ըստ նրա՝ խաղի կանոններն այդպիսին են, դրանք սահմանել է Ընտրական օրենսգիրքը։

Բագրատ Եսայանն ասաց, որ չպիտի կրկնվի իրավիճակը, որը կար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, երբ Գագիկ Ծառուկյանը հեռացել էր քաղաքականությունից, «երբ ՀԱԿ-ում 7 պատգամավորից ՀԱԿ-ական են մնացել ընդամենը 2-ը, երբ «Ժառանգությունից» «Ժառանգության» անդամ չի մնացել արդեն, խորհրդարանում այդպիսի կուսակցություն չկա».

«Մենք դրա համար ենք ասում, որ ընտրություն պետք է կատարվի քաղաքական թիմերի միջև։ Ժողովուրդը պետք է հասկանա, թե ում է ընտրում և ումից է պահանջելու, չստեղծի այնպիսի վիճակ, ինչպես 2012թ. հետո ընտրվել են քաղաքական ուժեր, բայց հայտնի չէ՝ ումից պահանջել։ Ժողովուրդը պետք է դաս քաղի սրանից, պետք է հասկանա, որ ոչ փողը, ոչ խոստումը, ոչ անհատի խարիզման այլևս նոր Սահմանադրությամբ նոր խորհրդարանում, նոր կառավարությունում չի որոշելու երկրի իրավիճակը։ Մինչև սա չհասկանանք, չենք կարողանալու արդյունքի հասնել»։

Լյով Խաչատրյանն ասաց, որ խորհրդարանն է ընտրելու իշխանական բոլոր օղակները, ինչպիսի խորհրդարան կունենանք, այնպիսի կառավարման օղակներ էլ կունենանք։ «Կունենանք զիբիլ խորհրդարան՝ կունենանք զիբիլ կառավարման օղակներ։ Ես կուզենայի, որ ընտրության օրն այդ արկղը բացելուց հետո այդ արկղում տեսնենք ձեր եսը, սիրելի ընտրողներ, ձեր թասիբը, ձեր նամուսը։ Ես կուզենայի տեսնել ձեզ, ձեր ոգին։ Եթե նման ձևով քվեարկեք, իրոք հույս կա, որ այս երկրում ինչ-որ բան կփոխվի»։

Բագրատ Եսայանն էլ կոչ արեց քաղաքական թիմ ընտրել. «Հասկացեք՝ որ քաղաքական ուժի թերթիկն եք ընտրում, և որքանով է այդ քաղաքական ուժը քաղաքական թիմ ներկայացնում՝ արդյո՞ք նա քաղաքական թիմ է ներկայացնում՝ իր ծրագրով, գաղափարներով, թե՞ մեկ անձի, մի քանի անձանց շուրջ հավաքված մարդկանց, ովքեր այդ անձի կամ անձանց չլինելու պայմաններում ուղղակի դադարելու են գոյություն ունենալ»։ Նա կոչ արեց նաև հրաժարվել ինքնավաճառքից, քանի որ ձևավորվելիք խորհրդարանը որոշելու է երկրի ապագա քաղաքական ուղղությունը։

Տեսանյութեր

Լրահոս