«Առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև անելիքներ կան». ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան
«Փայլուն և գերազանց եմ գնահատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ հավելելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ավելի քան 25 տարի առաջ, և այդ ողջ տարիների ընթացքում դիվանագիտական հարաբերությունները եղել են հագեցած, դինամիկ, առանց ընդհատումների:
Այնուամենայնիվ, դեսպանը նկատում է. «Թեև Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները քաղաքական առումով բավականին բարձր են, առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում անելիքներ կան»:
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկու կողմն էլ ցանկություն են հայտնել զարգացնել առևտրատնտեսական ոլորտը՝ հասցնելով քաղաքական ոլորտում ձեռք բերված բարձրագույն մակարդակին: Պատահական չէ, որ նախագահն իր այցի ընթացքում հանդիպեց նաև ֆրանսիական ձեռնարկությունների MEDEF միջազգային շարժման ներկայացուցիչների հետ, որի նպատակը, ըստ էության, ֆրանսիական գործարար աշխարհի կարկառուն ներկայացուցիչներին Հայաստանի գրավչություններն ու առավելությունները, որպես խոստումնալից հեռանկար ներկայացնող մի երկիր, ներկայացնելն էր»,- խոսելով Սերժ Սարգսյանի այցի մասին՝ ասաց դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ է քննարկել դեսպանը վերջերս «Հայ ազգային կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակի պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանի հետ հանդիպման ընթացքում, և ի՞նչ հայտարարի են եկել վերջիններս Ղարաբաղյան հարցի շուրջ քննարկման թեմայով, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասաց.
«Նորմալ երևույթ է, որ ես՝ որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ Հայաստանում, հանդիպում եմ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ նկատի ունենալով այն ժամանակաշրջանը, որ ապրում է ձեր երկիրը: Բնականաբար, ես հետաքրքրված եմ և նախընտրական այս շրջանում հանդիպումներ եմ ունենում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ղեկավարների հետ: Այդ հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ թեմաների, արծարծվում են նաև հայաստանյան իրավիճակին վերաբերող տարբեր հարցեր, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեմաները նույնպես արդիական են:
Ֆրանսիան բազմիցս բարձրաձայնել է իր որդեգրած դիրքորոշումը, որով կողմնակից է ղարաբաղյան հակամարտության բանակցված, խաղաղ, տարբերակի առաջքաշմանը, Ֆրանսիան կողմնակից է ցանկացած միջոց ձեռնարկելուն, որը զերծ կպահի բռնությունների նոր ալիքների դրսևորումներից: Այնուհանդերձ, պետք է հասկանալ, որ այդ հանդիպումների ընթացքում ընդամենը կարծիքների փոխանակում է տեղի ունենում»: