Վերահաս ձնաբքի պատճառով Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել
Նյու Յորքում եւ Նյու Ջերսիի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել վերահաս ձնաբքի պատճառով, որը ԱՄՆ-ի արեւելյան ծովափ կհասնի մարտի 14-ին, այս մասին տեղեկացնում BBC-ին։
Ձնամրրիկը, ինչպես սպասվում է, Նյու Յորք կբերի շուրջ 60 սանտիմետր տեղումներ, քամու արագությունը տեղտեղ կհասնի ժամում 96 կիլոմետրի:
ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքում փակ կլինեն դպրոցները, կչեղարկվեն ինքնաթիռների չվերթերը: Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարել քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն:
Ձնամրրիկի պատճառով արդեն հետաձգվել է նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նյու Յորքում սպասվող ձյան առատ տեղումների պատճառով կփակվի ՄԱԿ-ի կենտրոնակայանը, որտեղ այս օրերին ընթանում է կանանց իրավունքներին նվիրված խորհրդաժողովը:
Նյու Յորքի սակարանը նույնպես կաշխատի թեթեւացված ռեժիմով. թրեյդերների մեծամասնությունը դուրս չի գա աշխատանքի, ինչը կազդի առեւտրի ծավալների վրա:
Ինչպես հայտնել է FlightAware ծառայությունը, ԱՄՆ-ում մարտի 15-ին կչեղարկվի շուրջ 6500 ավիաչվերթ: Չեղարկումների մեծ մասը կվերաբերի ԱՄՆ-ի արեւելյան քաղաքների՝ Նյու Յորքի,
Վաշինգտոնի, Բոսթոնի, Բալթիմորի եւ Ֆիլադելֆիայի օդանավակայաններին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ է որպես նախագահ զբաղվելու տարերային աղետի հետեւանքների վերացմամբ: Մարտի 14-ին Թրամփը հավաստիացրել է, որ հանդիպում է ունեցել ներքին անվտանգության նախարարության եւ արտակարգ իրավիճակների կառավարման համերկրային գործակալության ղեկավարների հետ:
«Բոլորն էլ լիովին պատրաստ են: Հուսանք, որ ամեն ինչ այնքան վատ չի լինի, որքան կանխագուշակում են ոմանք: Սովորաբար այդպես էլ լինում է»,-այսպես է մեկնաբանել Թրամփը ձնամրրիկի մոտենալը: