«Դուք ինձ բացատրեք՝ ինչո՞ւ այդ նախագահները, վարչապետները, գնացող նախարարները դարձան ընդդիմություն». Եղեգնաձորցու հարցը՝ ՕՐՕ-ին

Րաֆֆի Հովհաննիսյանը շուտով կմիանա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդների քարոզարշավին։ Այս մասին այսօր Եղեգնաձորում նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց ՕՐՕ առաջնորդներից Վարդան Օսկանյանը։ Նա ներկայացրեց դաշինքի ծրագիրն ու իրենց տեսլականները, խոստացավ իջեցնել ոչ միայն վարկային տոկոսադրույքները, այլև սուբսիդավորել դրանք։

«Ազնիվ կառավարման դեպքում փողի պակաս չի լինելու»,- հայտարարեց Վ. Օսկանյանը՝ հավաստիացնելով, թե իր շնորհիվ է, որ Գաֆէսճեանը, Էռնեկյանը և այլ ներդրողներ եկել են Հայաստան և ներդրումներ արել։

«Թալանել եք, թալանել»,- լսվեց հավաքված մարդկանց միջից, սակայն Օսկանյանը չարձագանքեց։

ՕՐՕ անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց դուրս հոսած գումարների մասին։ «10 տարում 10 մլրդ դոլար ապօրինի գումար է դուրս բերվել Հայաստանից»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Մարտիրոսյանը հիշեցրեց նաև օֆշորային սկանդալները, քաղաքակիրթ պետություններում կառավարությունների հրաժարականները և նշեց, որ Հայաստանում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որ նույնպես առնչվում էր Պանամյան օֆշորային սկանդալին, ընդամենը մի պահ ազատվեց պաշտոնից և հիմա ՀՀԿ-ի ցուցակով պատգամավորության թեկնածու է. «Ահա թե ինչու մեր մոտ աշխատատեղեր չեն կարող առաջանալ»։

ՕՐՕ ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրենց թիմում կան մարդիկ, որ բանիմաց են և կարող են աշխատանքները ճիշտ կազմակերպել։

«Ժողովրդի մեջ լինելով միայն կարող ենք հասկանալ ժողովրդի ցավերը»,- ասաց Օհանյանը։

Ըստ նրա՝ իրենց համար ամենամեծ արժեքը մարդն է, և ժողովրդին տալու են ազատություն՝ կարիքից ու վախից. «Մենք առաջարկում ենք ծրագիր, որ «365 օր» է կոչվում, և դա նշանակում է, որ մեր բոլորիս հագին լինելու է այնպիսի հագուստ, որ ձերն է, բոլորիս հագին լինելու է դաշտային համազգեստ, որպեսզի ամրապնդենք մեր սահմանները, և ձեր կողքին լինենք»։

Օհանյանը հորդորեց գնահատել իրադրությունը։

«Այս իշխանությունները՝ երկար տարիներ կառավարելով, չեն հասել գործուն արդյունքների»,- հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը։

Երբ ՕՐՕ ղեկավարների ելույթներն ավարտվեցին, մի տարեց մարդ մոտեցավ նրանց և դժգոհեց, որ 5 տարին մեկ քաղաքական ուժերը գալիս են ու խոստումներ տալիս. «Մեր ժողովուրդն արդեն սովորել է այս շարժերին, բայց արդյունքի չենք հասնում։ Բազմակուսակցություն դարձավ, սկսեցին քանդել երկիրը, հանրապետությունը թալանված է»։

ՕՐՕ ղեկավարները փորձեցին ընդհատել նրան, բայց քաղաքացին չլսեց նրանց և շարունակեց. «Վարչապետները, նախարարները՝ ազատվելով, դառնում են ընդդիմություն։ Այսօր ձեզ է դա բաժին հասել։ Ես ընդդիմադիր չեմ ընդունում։ Դուք ինձ բացատրեք՝ ինչո՞ւ այդ նախագահները, վարչապետները, գնացող նախարարները դարձան ընդդիմություն»։

«5 տարին մեկ չէ, մենք պարբերաբար նաև վստահության հանրաքվե ենք կազմակերպելու»,- պատասխանեց Ս.Օհանյանը։

Թե ինչո՞ւ են իրենք նոր ուժ ստեղծել, Օհանյանը բացատրեց, որ նոր Սահմանադրությամբ միայն այդկերպ կարելի է մասնակցել ընտրություններին. «Մենք՝ կառավարման համակարգում լինելով, ներսից տեսել ենք այդ թերությունները։ Կարող էինք կողքից նայել, բայց լավը ո՞րն է՝ կողքի՞ց նայել, թե՞ գալ ժողովրդի մեջ, ասել՝ ժողովո՛ւրդ ջան, մենք ձեր կողքին ենք, տեսել ենք բոլոր թերությունները, և այդ թերությունները հաշվի առնելով՝ մեր ժողովրդին տանելու ենք առաջ»։

Օհանյանը խոստացավ, որ հանգիստ աչքերով նայելու է ժողովրդի աչքերի մեջ այնպես, ինչպես նայել է զինվորների աչքերին։

«Ընդդիմությունը ո՛չ բոբո ա, ո՛չ էլ վատ բան ա, բազմակուսակցական համակարգն էլ նորմալ բան ա»,- հավելեց Ա.Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս