Ինչպես են կուսակցությունները պայքարելու կոռուպցիայի և մենաշնորհների դեմ

Կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը բոլոր քաղաքական ուժերի ամենասիրած թեման է՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր։ Այժմ էլ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը խոստանում է պայքարել այս երևույթների դեմ։

Դա, իհարկե, գեղեցիկ է հնչում, սակայն հարցերը շատ են՝ ի՞նչ է նշանակում՝ պայքար, ո՞ր մոնոպոլիաների դեմ է պետք պայքարել, ի՞նչ ձևով ու ի՞նչ մեխանիզմներով է ընթանալու այդ պայքարը, և այլն։ Օրինակ, նախկին կառավարությունը մեկ տարի առաջ պատերազմ հայտարարեց մենաշնորհներին, որը շատ արագ ավարտվեց, քանի որ պարզվեց՝ մենաշնորհներ չկան։ Մենք ուսումնասիրել ենք ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերը և առանձնացրել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին վերաբերող դրույթները։

ՀՀԿ

ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում բավականին մեծ տեղ է տվել կոռուպցիայի դեմ պայքարին։ «Մեր նպատակն է՝ կայացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ, որը թույլ կտա արդյունավետ կանխարգելել մեր առաջընթացն արգելակող այդ քաղցկեղը և ապահովել կոռուպցիոն հանցագործությունների դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը»,- նշված է ՀՀԿ ծրագրում։

Իսկ ինչպե՞ս է ՀՀԿ-ն պատրաստվում լուծել այդ խնդիրը։ Նախ՝ քրեական կամ վարչական պատասխանատվություն են ցանկանում ներդնել գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնելու կամ կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար։

Երկրորդ՝ «ապօրինի հարստացման» հանցակազմի կիրառման ապահովում, երրորդ՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով, և այլն։ Մենաշնորհների դեմ պայքարի մասին՝ որպես այդպիսին, ՀՀԿ-ն չի խոսում։ Փոխարենը՝ նշվում է տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովման և հովանավորչության վերացման անհրաժեշտության մասին։

«Ազատ դեմոկրատներ»

ԱԴ-ի ծրագիրը բավականին ընդգրկուն է և կազմված է 133 կետից։ Ծրագիրը հեղինակել է Հ.Բագրատյանի ղեկավարած տնտեսագիտական լաբորատորիան։ Ծրագրի 27-րդ կետը խոստանում է՝ բյուջեի եկամուտների ավելացում, ստվերի և կոռուպցիայի կրճատում։ «Հարկային պարզ և առանց արտոնությունների համակարգը թույլ կտա էապես կրճատել կոռուպցիան, հիմքեր կստեղծի հարկային վարչարարության համար»,- նշված է պարզաբանման մեջ։

Կոռուպցիայի դեմ ընդհանուր պայքարի ձև (օրինակ՝ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում) ԱԴԿ-ն չի առաջարկում։ Փոխարենը՝ առաջարում է կոնկրետ քայլեր՝ առանձին ուղղություններով այդ երևույթների դեմն առնելու համար։ Օրինակ, ըստ ԱԴԿ ծրագրի, առկա է ուղղակի կապ աղքատության բարձր մակարդակի և կոռուպցիայի ու ստվերային տնտեսության միջև։

Ըստ այդմ՝ աստիճանաբար պետք է էականորեն մեղմացնել հարստության նման կենտրոնացման մասշտաբները՝ պրոգրեսիվ հարկային համակարգի ներդրմամբ։

Կամ, օրինակ, առողջապահության մասով՝ ԱԴԿ-ն գտնում է, որ պետք է ֆինանսավորվեն ոչ թե առողջապահական հիմնարկություններն ու ձեռնարկությունները, այլ առողջապահական խնդիրներ ունցող քաղաքացիները (ինչպես ներկայումս ծննդօգնության ու ծննդաբերության դեպքում)։ «Մոտեցման համատարած կիրառման դեպքում կբարձրանա բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, կբարելավվի ֆինանսական հոսքերի կառավարելիությունը, կնվազի կոռուպցիան»,- նշված է ծրագրում։

Մենաշնորհների մասով՝ ԱԴԿ-ն կտրուկ է. «Պետք է վերջ տալ մենաշնորհներին և օլիգոպոլիաներին»։ Դրա համար կուսակցությունն անհրաժեշտ է համարում արմատապես փոխել հակամենաշնորհային օրենսդրությունը. «Պետական բյուջե պետք է մուտքագրել մենաշնորհային շահույթի ոչ թե 2, այլ 30, 50 կամ 90 տոկոսը։ 350 մլն դրամի տուգանքի շեմը պետք է վերացնել»։ ԱԴԿ-ն նաև առաջարկում է, որ գերիշխող կամ մենաշնորհային դիրք ստացած ընկերություններն օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր գրանցվեն՝ որպես բաց բաժնետիրական ընկերություններ, և դրանց արժեթղթերը պարտադիր կարգով ենթակա լինեն հրապարակային սակարկությունների ֆոնդային բորսայում։

ՀԱԿ-ՀԺԿ դաշինք

«Ոչ ոք չպետք է ունենա մենաշնորհ ո՛չ քաղաքականության, ո՛չ տնտեսության, ո՛չ էլ որևէ այլ բնագավառում: Կարճ ասած, պետությունը պետք է ունենա ո՛չ թե օտարող, վանող, այլ ներառող, ընդգրկող բնույթ»,- նշված է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրում։ Այսինքն, ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն չեն հանդուրժելու մենաշնորհների առկայությունը։ Իսկ ինչպես են պայքարելու մոնոպոլիաների և օլիգոպոլիաների դեմ։ «Ազատ և հավասար մրցակցություն հաստատելու, մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով՝ ընկերությունների համար սահմանել շուկայում ունեցած մասնաբաժնի առավելագույնը 33 տոկոսի շեմ։

Սահմանափակումը պարտադիր կգործի լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա կտարածվի օրենքով»: Ծրագրում, սակայն, չի նշվում, թե ինչ պետք է անել, եթե ընկերությունը փաստացի 33%-ից ավելի մասնաբաժին ունի՝ մասնատե՞լ, ազգայնականացնե՞լ, թե՞ այլ տարբերակ կա։ Կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների մասով ևս ՀԱԿ-ը վճռական է։

«Պետք է արմատախիլ անել կեղծարարության, խաբեության, փչացածության (կոռուպցիայի) արատավոր ավանդույթները»: Որպես կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ գործնական քայլ՝ ՀԱԿ-ն առաջարկում է կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991-ից, և պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները:

Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինք

«Պետական գնումների ու ծախսային քաղաքականության հատվածում պետք է կոշտ վերահսկողություն ապահովել և թույլ չտալ «լեգալ» կոռուպցիոն մեխանիզմի գործարկումը»,- նշված է ՕՐՕ դաշինքի ծրագրում։ Ըստ դաշինքի՝ դատաիրավական համակարգի անկախության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության բարձր մակարդակին հասնելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու լավագույն մեխանիզմն իշխանական ճյուղերի տարանջատումն է, տնտեսաքաղաքական հարաբերությունների ապամենաշնորհացումը և ընտրական լեգիտիմ համակարգի առկայությունը, որը կկատարվի նոր Սահմանադրությամբ:

ՕՐՕ դաշինքն ուղիղ տեքստով առաջարկում է նաև «վերացնել արհեստական մենաշնորհների արատավոր համակարգը»: Սակայն կոնկրետություն, թե ինչպես է այդ առաջարկը կյանքի կոչվելու, չկա։

«Հայկական վերածնունդ»

Կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը շեշտվում է ՀՎԿ 30 կետերից բաղկացած նախընտրական ծրագրի առաջին իսկ կետով։ «Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմնի ստեղծում, երկրից ապօրինի դուրս բերված գումարների վերադարձ և ապօրինի հարստացման մեխանիզմների ներդրում, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի և արդարության գերակայության ամրապնդում, ժողովրդավարության զարգացում, դատական համակարգի արդիականացում, հաշվետու և թափանցիկ իշխանության ձևավորում, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնում` երաշխավորելով իշխանության թևերի հավասարակշռում՝ նաև գործող խորհրդարանական մոդելի սահմաններում»,- նշված է կուսակցության նախընտրական ծրագրում: Մենաշնորհների դեմ պայքարի մասին ծրագրում խոսք չկա։

«Ելք» դաշինք

Կոռուպցիայի դեմ պայքարը կարևորում է նաև «Ելք» դաշինքը, որն այդ խնդրին նվիրել է իր ծրագրի մեկ առանձին գլուխ։ Քայլերը, որոնց օգնությամբ «Ելքը» պատրաստվում է պայքարել կոռուպցիայի դեմ, ներկայացված են 6 առանձին կետերով։ Առաջին հերթին, դաշինքն առաջարկում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների Էթիկայի հանձնաժողովը լուծարել և ստեղծել անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին:

Երկրորդ կետով «Ելքն» առաջարկում է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի գործառույթների շրջանակն այնպես ընդլայնել, որ պետական բարձրաստիճան պաշտոն ստացող յուրաքանչյուր անձի կենսագրությունը և գործունեությունը հրապարակային քննվի հանձնաժողովում, և հանձնաժողովը եզրակացություն տա տվյալ անձի՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա պիտանելիության մասին (այստեղ անհասկանալի պահ կա, որովհետև առաջին կետով առաջարկվում է լուծարել Էթիկայի հանձնաժողովը):

Վեց կետերի մեջ մտնում է նաև բարձրաստիճան պաշտոնյաների՝ պաշտոնավարման ընթացքում անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերված ունեցվածքի հարկման մեխանիզմի ներդրման հնարավորությունը (սա նման է ապօրինի հարստացման քրեականացմանը, որի մասին խոսում է նաև ՀՀԿ-ն)։ «Ելքը» խոստանում է աուդիտի ենթարկել Հայաստանի արտաքին պարտքը, ուսումնասիրել վարկերի ծախսման արդյունավետությունը՝ հնարավոր չարաշահումները և դրանց մեղավորներին բացահայտելու համար: Մենաշնորհների դեմ պայքարի մասում «Ելքի» ծրագրում նշված է. «Կվերացվեն արհեստական մենաշնորհները»:

Թե ինչպես՝ ծրագիրը չի մանրամասնում։ Մենաշնորհների մասին խոսք է գնում նաև ավիավառելիքի շուկայի հարցում։ «Կիրականացվեն ավիավառելիքի շուկայի ազատականացմանն ուղղված հակամենաշնորհային միջոցառումներ՝ ապահովելով ավիափոխադրման տոմսերի գների նվազեցում և դեպի Հայաստան տուրիստական ներհոսքի աճ»,- նշված է ծրագրում։

ՀՅԴ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՅԴ-ն նույնպես տեսնում է կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի ստեղծմամբ, որը պետք է ձևավորվի ընդդիմության և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ։ Ինչպես նշված է կուսակցության ծրագրում, այդ մարմինը պետք է զբաղվի կոռուպցիայի աղաղակող և հանրության ուշադրության կենտրոնում գտնվող դեպքերով, այլ ոչ թե աշխատանքի պատրանք ստեղծի:

Մենաշնորհների մասով. ՀՅԴ-ն խոստանում է ուժեղացնել մենաշնորհների և անբարեխիղճ մրցակության դեմ պայքարը՝ խստացնելով մրցակցության համար պատիժների համակարգը և երաշխավորելով ազատ մուտքը շուկա։ Կոնկրետ մեխանիզմներ չեն նշվում։ Փոխարենը՝ ՀՅԴ-ն իր ծրագրում անդրադարձել է նաև բնական մենաշնորհներին։ «Վերանայել բնական մենաշնորհների կողմից տրամադրվող ծառայությունների գները: Այժմ կիրառվող գներն իրատեսական ու մատչելի չեն շատ ձեռնարկատերերի համար, փոխարենը՝ բնական մոնոպոլիաներին գերշահույթ են ապահովում»,- նշված է ՀՅԴ ծրագրում:

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագիրն օնլայն տարբերակով գտնել մեզ չհաջողվեց։ Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա նրանց առաջարկած 15 տնտեսական առաջնահերթությունների մեջ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի մասին խոսք չկա։

Տեսանյութեր

Լրահոս