Հայաստանում բացվեց «Հալալի» գրասենյակը
«Հալալը» մուսուլմանների համար սուրբ ու հարգանքի արժանի տերմին է, որը ձևավորում է նրանց կենսակերպը: «Հալալ» եզրը նշանակում է՝ մթերքի համապատասխանություն մահմեդական ավանդույթներին: «Հալալ» պիտակավորմամբ արտադրանքը համարվում է մաքուր: Մի քանի տասնամյակ է` այս ապրանքանիշն իր ուրույն տեղն է գրավել միջազգային տնտեսության մեջ: «Հալալն» ունի գրասենյակներ աշխարհի տարբեր երկրներում: Այսօր՝ մարտի 10-ին, բացվեց «Հալալի» հերթական գրասենյակը, այս անգամ արդեն՝ Հայաստանում` Մամիկոնյանց 23 հասցեում:
«Հալալ» գրասենյակը ստեղծվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցչական գրասենյակներ հիմնելու նպատակով, ինչպես նաև հայկական արտադրանքի սպառման ծավալների մեծացման, զբոսաշրջության աճը խթանելու և տեղական արտադրանքի մուտքը նոր շուկաներ ապահովելու նպատակով:
«Այս գրասենյակի բացումով՝ մենք սկսում ենք մեր հիմնական աշխատանքը և անհրաժեշտության դեպքում նաև կընդլայնենք ու գրասենյակներ կստեղծենք մեր բոլոր մարզերում: Սա մեր համատեղ աշխատանքի արդյունքն է, նախաձեռնությունը նաև մենք ենք ցուցաբերել, որ մեր տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռվի «Հալալի» սերտիֆիկացումն իրականացնել ՀՀ-ում: Ստանալով «Հալալի» սերտիֆիկատ` մեր տնտեսվարող սուբյեկտները կկարողանան իրենց արտադրանքը մատչելի դարձնել 57 իսլամական պետություններում»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Գրասենյակի բացմանը ներկա էր նաև «Հալալ» գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեյն Ֆախարին.
«Շատ կարևոր է, որ հնարավորություն ունեցանք մեր գրասենյակը բացել նաև Հայաստանում: Արդեն ավելի քան երկու տարի է` աշխատում ենք Հայաստանում, սերտիֆիկատներ ենք տրամադրում, ու 2 սպանդանոցների տրամադրելու արդյունքում նրանք կարողանում են արտահանել իրենց ապրանքը Հայաստանից»:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշեց.
«Գրասենյակը բացվեց մինչև Նովրուզի ազգային տոնը, որովհետև մենք սպասում ենք այդ օրը բավականին մեծ քանակությամբ զբոսաշրջիկների: Այս գրասենյակի աշխատանքը նաև հնարավորություն կտա մեր ծառայության ոլորտին նախապատրաստվել այնպես, որ կարողանանք մեծացնել մեր զբոսաշրջային գրավչությունը: Հիմա ունենք պայմանավորվածություն գրասենյակի հետ՝ անցկացնել սեմինար–քննարկումներ, որոնք կկրեն խորհրդատվական բնույթ մեր կազմակերպության համար»:
«Հալալ» սննդամթերքի առևտրի տարեկան ծավալները գնահատվել են շուրջ երկու հազար միլիարդ դոլար, և տարբեր երկրներ, նույնիսկ ոչ իսլամական, փորձում են մասնաբաժին ունենալ առևտրի այդ մեծ ծավալներից:
«Արտահանումը ՀՀ-ից Իրան տարեկան 50-65 մլն դոլար է կազմում: Կանխատեսում ենք ավելացում առնվազն կրկնապատիկի չափով, քանի որ ներկրումը երկու անգամ գերազանցում է մեր արտահանմանը: Ճիշտ, գրագետ մոտեցում ցուցաբերելով՝ մենք կարող ենք կրկնապատկել այն»,- ասաց Էմիլ Տարասյանը:
Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով` հումքի առկայության պայմաններում 2-3 անգամ կարող են ավելացվել ծավալները, ինչը կդյուրինացնի տեղական սպանդանոցների, նույնիսկ վերամշակողների հարաբերությունները` կապված արտահանման հետ:
«Մենք նաև իրանական կողմի հետ բանակցություններ ենք վարում, որ ստեղծենք համատեղ կազմակերպություն` հայ-իրանական լոգիստիկ կենտրոն, որի միջոցով հնարավորություն կստեղծվի մատուցել խորհրդատվական ծառայություն, ինչպես նաև իրենց կողմից կիրականացվեն փաստաթղթավորման գործընթացներ մեր բիզնեսի համար»,- հավելեց Էմիլ Տարասյանը:
Անի Թորոսյան