«Ամեն մարդ պետք է հասկանա՝ իր կյանքն իր անձնական ընտրությունների արդյունքում է ձևավորվում: Մնացած ամեն ինչը հորինած բաներ են». ռեժիսոր Մարինե Զաքարյան
Ռեժիսոր և սցենարիստ Մարինե Զաքարյանին վաղուց եմ ճանաչում: Թերևս, հենց դա էր պատճառը, որ զրույցն ավելի անմիջական դարձնելու համար որոշեցինք իր իսկ բնակարանում հանդիպել: Հայազգի մեծանուն գրող, «բարի հսկա» Վիլյամ Սարոյանի չորս պատմվածքների հիման վրա նկարահանած «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի ռեժիսորի բնակարանում առաջինը, ինչ նկատեցի, հենց Սարոյանի գրքերն էին: Հետո աչքիս զարնեցին կինեմատոգրաֆիական գրքերը, իսկ հրաժեշտ տալիս հայացքս հանդիպեց Վիտորիո դե Սիկայի «Հեծանիվներ առևանգողները» ֆիլմի փոքրիկ պաստառին: Մշակութային միջավայրը բոլոր հիմքերը տալիս էր ստեղծագործական զրույց ծավալելու համար:
Նշենք, որ 2016 թվականի դեկտեմբերից Մարինե Զաքարյանը «Դրամատուրգիայի հիմունքներ» առարկան է դասավանդում իր և ամուսնու՝ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի կողմից հիմնադրված շարժապատկերային արվեստների, կրթական և արտադրական ՍԻՆԵՄԱ կենտրոնում:
Ձեզ ենք ներկայացնում ռեժիսոր Մարինե Զաքարյանի հետ մեր զրույցը
– Գրականության վերաբերյալ հաճախ ասում են, որ լավ գրող լինելու համար անհրաժեշտ է լավ ընթերցող լինել: Իսկ լավ ռեժիսոր լինելու համար անհրաժե՞շտ է կինոման լինել:
– Կինոման, այսինքն՝ կինոն սիրող։ Սերն ընդհանրապես, որպես արվեստի, ստեղծագործելու, աշխարհն ընկալելու, ապրելու բանալի եմ հասկանում։ Նաև՝ սերը դեպի կինոն։ Մի դասախոս իր ուսանողներին ասել է՝ կա տասը գիրք, որ պետք է կարդա յուրաքանչյուր մարդ։ Ուսանողները ոգևորված՝ կյանքի բանալին գտած լինելու ակնկալիքով, հարցրել են՝ ո՞ր գրքերն են այդ տասը։ Դասախոսը պատասխանել է՝ այդ տասը գիրքը գտնելու համար դուք պետք է կարդաք առնվազն հազարը։ Խնդիրը դիտած ֆիլմերի մեջ քեզ անհրաժեշտ ֆիլմեր գտնելն է, ճիշտ ընտրություն անելը։ Սա կարող է թվալ բարդ խնդիր, բայց նաև ֆիլմերն իրենք քեզ գտնելու հատկություն ունեն։ Ես 16-17 տարեկան էի, երբ առաջին անգամ տեսա Միքելանջելո Անտոնիոնիի «Գիշեր» ֆիլմը։ Պատահաբար։ Այդ մի ֆիլմը փոխեց իմ ամբողջ վերաբերմունքը, պատկերացումները, սպասելիքները կինոյից։ Իհարկե, անչափ կարևոր է՝ շատ-շատ-շատ ֆիլմեր նայել։ Բայց միևնույն ժամանակ՝ գտնել, ընտրել այն «տասը», որոնք անհրաժեշտ են հենց քեզ։
– Օրեր առաջ մի հոդվածի հանդիպեցի, որում քայլ առ քայլ սովորեցնում էին 7 օրում ստեղծել ֆիլմի սցենարի գաղափար: Առաջին քայլն էժան նոթատետր և գրիչ գնելն էր: Հետաքրքիր է, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է առաջանում ֆիլմի գաղափարը, և ի՞նչ անել, եթե ձեռքի տակ նոթատետր և գրիչ չկա:
– Տարբեր ճանապարհներ կան: Դու ունես ինչ-որ փորձառություն, վերլուծություններ, եզրակացություններ, ինֆորմացիա, որ կարծում ես՝ համամարդկային է, և ուզում ես կիսվել դրանցով: Իհարկե, ոգեշնչման կարևոր գործոնն էլ կա: Շատ կարևոր է նաև մտահղացումը: Պետք է հասկանալ, թե ինչն է քեզ առաջ մղում, ինչն է իրերի սովորական ընթացքից առանձնացնում, ինչն է քո մեջ պատկեր ու հերոս ծնում:
Եվ, բացի այդ, ինչ-որ գրագիտություն է պահանջվում, կրթվածություն: Ճանապարհ պիտի անցնես, որ կարողանաս ստեղծագործել: Իրականում ամեն ինչ գալիս է քո ներսից. կուտակածդ կենսափորձը և գիտելիքները խտացում են ստանում, ու հասկանում ես, որ կարող ես գեղարվեստական կերպար ստեղծել ու իր միջոցով քո ասելիքն ասել:
Իսկ ինչ վերաբերում է թուղթ ու գրիչին, իմ ուսանողներից մեկն ասում է. «Օրինակ, եթե մարդը կամերա ունի, ինքը կարո՞ղ է ֆիլմ նկարել»: Ասում եմ՝ բոլորս ունենք գրիչ, կարո՞ղ ենք լավ վեպ գրել: Նույնն է, եթե նկարչին ասես՝ եթե կտավ, վրձին ու ներկեր գնես, ուրեմն արդեն կարող ես նկարել: Կարծում եմ՝ այդպես չի կարող լինել: Այսինքն՝ գրիչը, նոթատետրը, համակարգիչը, խցիկը պարզապես գործիքներ են:
– Կինոյում դերասանը կախված է ռեժիսորից, իսկ ռեժիսորը՝ դերասանից: Այս «կախվածության» արանքում ի՞նչ քանակությամբ, դիրքով է արտահայտվում ստեղծագործական ազատությունը:
– Միայն ռեժիսոր-դերասան չէ: Կինոյում դու այնքան մարդկանցից, հանգամանքներից ես կախված: Լինելով արվեստ՝ կինոն չափազանց մեծ արտադրական մաս է պարունակում: Նույնիսկ Հայաստանում նկարահանվող ֆիլմեր կան, որտեղ 700 մարդիկ ներգրավված են, և դու կախված ես այդ բոլորի կամքից, տրամադրությունից, տաղանդից, ոգևորվածությունից. ամեն ինչից կախված ես: Այդ իմաստով՝ ազատությունը սահմանափակվում է: Բայց իմ կարծիքով՝ մարդ, այսպես թե այնպես, ազատ չէ: Առաջին հերթին՝ մարդն ինքն իրեն սահմանափակումների մեջ է դնում, և ես չեմ հասկանում, թե առհասարակ ինչ է նշանակում՝ բացարձակ ազատություն, ինչի համար է այն պետք: Սահմանափակում ասելով՝ նկատի ունեմ ժանրի սահմանափակում, ժամանակի, տարածության սահմանափակում: Եթե այդ ամեն ինչը դու դնում ես, հետևաբար՝ սահմանափակում ես քո ազատությունը, բայց միևնույն ժամանակ՝ այդ շրջանակները սեղմելով՝ քո երևակայությունն ավելի ազատ է աշխատում: Պարադոքսալ բան է, բայց այդպես է: Որքան դու ճիշտ ես դնում քո սահմանափակումները, այնքան ճիշտ ու լիարժեք է աշխատում քո ազատությունը:
– Ի՞նչ հարաբերություններ պետք է լինեն ռեժիսորի և հանդիսատեսի միջև:
– Արվեստի ստեղծագործությունն ավարտվում է ոչ թե այնտեղ, որտեղ արվեստագետն իրենից կտրվում է, այլ՝ երբ հանդիսատեսն ընկալում է: Այսինքն՝ մի օղակ էլ կա, և դա հանդիսատեսն է: Մեզ համար շատ կարևոր է այն մարդը, ով գնահատում է մեր արածը: Իսկապես կարևոր բան է: Ես իմ ուսանողներին անընդհատ ասում եմ՝ հանդիսատեսին հաշվի առեք: Ոչ թե այսօր, այս պահին, Երևանում, «Մոսկվա» կինոթատրոնում տոմս գնող հանդիսատեսը, այլ մեծ իմաստով, ժամանակի և տարածության մեջ հանդիսատեսը, շատ-շատ կարևոր գործոն է: Ի վերջո, ինչի մասին մենք այսօր գիտենք, ինչը որ մեզ հասել է, օրինակ, Հոմերոսի «Ոդիսականի» մասին, որտեղի՞ց գիտենք: Ընթերցողն է փոխանցել: Պատկերացնո՞ւմ ես, թե այդ ժամանակ ինչեր են գրվել, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք: Հանդիսատեսը փոխանցողն է, ինֆորմացիան բերող-հասցնողն է:
– Իսկ ինչպե՞ս եք տարանջատում դերասանների հետ անձնական և մասնագիտական հարաբերությունները:
– Ռեժիսորին պետք չէ մտնել դերասանի անձնական տարածք, և, առավել ևս, դերասանին պետք չէ մտնել ռեժիսորի անձնական տարածք: Բայց այնքան փխրուն է ստացվում այդ սահմանը, և այն շատ հաճախ խախտվում է, ինչից մեծ մասամբ տուժում են և՛ դերը, և՛ ֆիլմը: Մոնիկա Վիտտին Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերից հետո հոգեբուժարան էր գնում: Ինչո՞ւ: Որովհետև, եթե ինքը մնար կերպարի սահմաններում, իր վրա դա չպետք է ազդեր: Բայց ինքը դարձել է հերոսի, կերպարի կրողը: Դա շատ դժվար բան է: Պատկերացնո՞ւմ ես, ցերեկը պիտի նկարահանվես՝ ուրիշ մարդ ես, գնում ես տուն՝ ուրիշ, երեկոյան էլ թատրոնում պետք է խաղաս, դառնում ես երրորդ մարդ: Պետք է պահես անձնականի և պրոֆեսիոնալի սահմանը: Ստանիսլավսկին ասում է, որ դերասանը թատրոնում չպետք է իր հերոսի բոլոր ապրումները վերապրի, որովհետև, ի վերջո, կարող է խելագարվել: Եթե բեմի վրա դերասանը պետք է քնի, հո իսկապես չի՞ քնում… Այդպես էլ դերասանը պետք է ձևացնի, որ ձանձրանում է, զայրանում է, սիրահարվում է: Ի՞նչ տեղի կունենա, եթե դերասանն անընդհատ զայրանա, ամեն երեկո սիրահարվի, եթե ամեն երեկո ընդվզի. ի վերջո, մարդու հնարավորությունները սահմանափակ են:
– Կին և տղամարդ դերասանների հետ աշխատելու տարբերություններ կա՞ն:
– Ենթադրում եմ, որ կարող են լինել, բայց ինձ համար միևնույն է: Օրինակ, Նիկիտա Միխալկովն ասում է. «Իմ բոլոր դերասանուհիները պետք է ինձ սիրահարված լինեն: Միայն այդ դեպքում կստացվի այն արդյունքը, որը ես ակնկալում եմ»:
Դերասանների հետ աշխատելու տարբեր ճանապարհներ կան, և կապ չունի՝ դերասանը կի՞ն է, թե՞ տղամարդ: Դերասաններ կան, որ ռեժիսորի համար դառնում են լիարժեք համախոհ, դերասաններ կան, որ միշտ ալտերնատիվ են ռեժիսորին, և դերասանի ու ռեժիսորի աշխատանքի մի ձև կա, որն իսկական աղետ է, երբ նրանք իրար դեմ են աշխատում: Դերասանի հետ աշխատանքը շատ հետաքրքիր, անձնական բան է, շատ անձնական: Ինչի մասին ասես՝ խոսում եք, ինչ իրավիճակ ասես՝ քննարկում եք, և, եթե ճիշտն ասեմ, ես փոքր-ինչ վախենում եմ դերասանների հետ աշխատելուց, քանի որ այնքան փխրուն է անձնական տարածքն անցնելու այդ սահմանը: Ամբողջ կյանքը, քո բոլոր քայլերն ազատության դրսևորումների և ազատության սահմանափակման գործընթաց է, նույնն էլ՝ ֆիլմում՝ թե՛ կին և թե՛ տղամարդ դերասանի հետ աշխատելիս:
– Բացի ռեժիսորից և դերասաններից, ֆիլմի ստեղծմանը մասնակցում են պրոդյուսեր, սցենարիստ, օպերատոր և այլք: Եվ վերջիններիս մեծամասնությունը տղամարդիկ են: Ինչո՞վ է դա պայմանավորված, և ինչպե՞ս եք համագործակցում նրանց հետ:
– Կան ինչ-որ կարծրատիպային բաժանումներ. գրիմով և հագուստի ձևավորմամբ սովորաբար կանայք են զբաղվում, իսկ օպերատորը, կոմպոզիտորը հիմնականում տղամարդիկ են: Բայց հիմա շատ բաներ են փոխվում: Թվային տեխնիկայի ի հայտ գալով, երբ ծանր ժապավենները փոխարինվեցին ավելի հարմարավետ գործիքներով, նախ՝ նկարահանելու գործընթացը հեշտացավ, ինչից հետո, եթե նկատել եք, կին ռեժիսորները շատացան, և հիմա նույնիսկ կան կանայք, ովքեր փորձում են օպերատորությամբ զբաղվել և բավականին հաջող փորձեր են անում: Իմ «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի երաժշտությունը գրեց կին հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյանը, ինչը նույնպես ինչ-որ կարծրատիպ կոտրել էր:
– Համաշխարհային կինեմատոգրաֆում մեծագույն ռեժիսորների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: Կինոն տղամարդկա՞նց արվեստ է:
– Եթե անկեղծ լինենք, ապա երաժիշտների, նկարիչների, գրականության, ճարտարապետության, բոլոր ստեղծագործական ոլորտներում, արվեստի ցանկացած ճյուղում տղամարդիկ անհամեմատ ավելի մեծ թիվ են կազմում և անհամեմատ ավելի լավ որակ, քան կանայք: Շատ մեծ նշանակություն ունի նաև կենցաղը, որը խլում է կնոջ օրվա 85 տոկոսը: Եթե ընտանիք ունես, երեխաներ, քո ժամանակը ծախսվում է գնումներ անելու, ճաշ պատրաստելու, կենցաղը կազմակերպելու վրա: Եվ այսօր օգնության են հասնում ավտոմատ լվացքի մեքենաները, սպասք լվացող մեքենաները, որոնք ժամանակ են ազատում: Սրան գումարած՝ տեխնոլոգիաների զարգացումը: Կնոջ մոտ հայտնվել են ազատ ժամանակի պատառիկներ, և կինը փորձում է նայել իր ներսը և այդ ներսը հանել դուրս: Բայց, ըստ էության, այո, արվեստը տղամարդկային է: This is a man’s world. կա այդպիսի բան:
– Դա ճնշում չի՞ գործադրում կին ռեժիսորի վրա, անինքնավստահ չի՞ դարձնում:
– Եթե օբյեկտիվ նայենք, իհարկե, չի կարող չազդել: Որովհետև, եթե կարող ես տասը ռեժիսորի նշել, որոնք ազդեցություն են թողել կինոյի վրա, նրանք տասն էլ տղամարդ են: Բայց ես մտածում եմ, որ այնպես, ինչպես կինն է նայում աշխարհին, տղամարդը երբեք չի կարող: Ուրիշ բան է, որ կարողանաս համընդհանուր պատմության ձևով ներկայացնել:
Կնոջ դիտանկյունը, որը կարող է լինել նոր, թարմ, այլ է, քան այն, ինչ տղամարդը 100 տարվա ընթացքում ստեղծել է: Պետք է ճիշտ պատմության, ճիշտ հերոսի միջոցով տալ կնոջ դիտանկյունը, և ամեն ինչ կհաջողվի: Իրականում տղամարդկանց համար էլ է դժվար: Եթե պետք է թերարժեքության բարդույթով վերաբերվես քո անձին, քո դերին կինոյում, տղամարդիկ էլ կարող են այդպես վերաբերվել:
Մարկեսն ասում է. «Ինչ որ հնարավոր էր ասել՝ Դոստոևսկին ասել է: Մեզ մնացել են ածականները»: Այնպես որ, մեր օրերում գրող լինելն էլ է դժվար, որովհետև շատ մեծ-մեծ մշակութային ժառանգություն ունի մարդկությունը, մշակութային մեծ գրադարան է ստեղծվել, ու այսօր դու ելնում ես դրանից: Երբ մարդ ուզում է ինչ-որ բան ստեղծել, իր առջև բացարձակ արժեք է դնում, բացարձակ նպատակ, ոչ թե համեմատական: Օրինակ, եթե փորձես համեմատել՝ Բա՞խն է ավելի լավ կոմպոզիտոր, թե՞ Բեթհովենը, անիմաստ բան կստացվի: Նույնկերպ` դու չես համեմատում քեզ այդ, պայմանականորեն ասած, 10 ռեժիսորների հետ և չես մտածում. «Վայ, նրանք ստեղծել են, էլ ես ոչինչ չեմ կարող անել»: Եթե ինչ-որ բան ստեղծելու այդ բացարձակ գաղափարը քո առջև դնում ես, այլևս կարևոր չէ՝ կի՞ն ես, թե՞ տղամարդ, կարևոր է, որ իրականություն դարձնես այդ գաղափարը:
– Շարժապատկերային արվեստների, կրթական և արտադրական ՍԻՆԵՄԱ կենտրոնում Ձեր աղջիկ ուսանողներն ավելի երիտասարդ են, իսկ տղաները՝ հասուն: Դա ինչ-որ միտման մասին փաստո՞ւմ է:
– Ես կբաժանեի ոչ այդքան տարիքային, այլ սոցիալական խմբերի. մենք ունենք երկու ամուսնացած աղջիկ, ովքեր գալիս են իրենց ամուսինների հետ, և ունենք ամուսնացած տղամարդիկ, ովքեր իրենց կանանց հետ չեն գալիս: Այսինքն՝ ամուսնացած կնոջ դեպքում առաջնահերթությունները մի քիչ փոխվում են: Ավելի շատ ոչ թե տարիքի խնդիր է, այլ կարգավիճակի: Գալիս են ազատ աղջիկներ և ամուսնացած տղամարդիկ: Որովհետև տղամարդիկ ամուսնությունից հետո շարունակում են իրենց ազատությունը պահպանել, իսկ կանայք ինչ-որ չափով կորցնում են: Բայց ես շատ կուզեմ, որ կանայք արթնանան, իրենց թափ տան ու ինչ-որ բաներով զբաղվեն, որովհետև կանայք իսկապես շատ մեծ ներուժ ունեն, որը չի օգտագործվում մեր հասարակության մեջ: Միայն մեր դաշտում չէ այդ երևույթը: Եվ եթե կան ինչ-որ կարծրատիպեր էլ, ապա դրանք ժամանակի ընթացքում կփոխվեն. այդպիսի՞ կարծրատիպեր են փոխվել: Ուղղակի ամեն մարդ պետք է հասկանա, որ իր կյանքն իր անձնական ընտրությունների արդյունքում է ձևավորվում: Իսկ մնացած ամեն ինչը հորինած բաներ են:
– Կարո՞ղ ենք ասել, որ կնոջ անհատականությունը, բնավորությունն ու համարձակությունն ավելի կարևոր են, և սեռը երկրորդ պլան է մղվում:
– Ես վստահ կարող եմ ասել, որ, եթե Հովհաննես Գալստյանը՝ ամուսինս, իմ կողքին չլիներ, ես էլ չէի համարձակվի մտնել այս ոլորտ: Ինքը չափազանց մեծ դերակատարում ունի իմ կայացման, գործունեության մեջ: Կին կամ տղամարդ` էական չէ: Էական է` ով է կողքիդ, նաև` քո անձնական հատկանիշները, քո նպատակադրվածությունը: Եվ եթե տղամարդն ու կինը ճիշտ դնեն իրերի դրվածքը, աշխարհը դրանից միայն կշահի: Կյանքը կլինի ոչ թե մրցավազք, այլ կլինի համատեղ զբոսանք:
– Հազվագյուտ մասնագիտություն է, որ «ուհի» վերջածանցը չեն գործածում՝ ռեժիսոր: Դա ինչ-որ հոգեբանական աջակցություն ունի՞, ինչ-ինչ կաղապարներից ազատո՞ւմ է:
– «Ուհի» վերջածանցի բացակայությունն ինչ-որ ունիվերսալության պատրանք, իհարկե, տալիս է։ Բայց կին ռեժիսորները հաճախ ճանաչելի են իրենց ֆիլմերում։ Օրինակ՝ ամուսինս ֆիլմից չորս-հինգ կադր նայելուց հետո ասում է՝ սա կնոջ ֆիլմ է։ Այսինքն՝ նույնիսկ մինչև թեմային, հերոսին անդրադառնալը՝ կին-ռեժիսորն արդեն երևում է։ Ես չեմ ասում՝ սա լավ է կամ վատ։ Ուղղակի մեր մասնագիտության մեջ բառերն ու ձևակերպումները համարյա ոչինչ չեն նախանշում։ Մասնագիտական ձևակերպում կա՝ «экран покажет» (էկրանը ցույց կտա):